Մեկ ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքից ազատել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին: Եւ թանգարանի կոլեկտիվը եւ թանգարանային հանրությունը պաշտպանեց նրան՝ իրեց վրդովմունքը հայտնելով նախարարի այս կամայականության առիթով։ Ազատման պատճառը թանգարանի տնօրենի՝ Ուրուգվայի եւ Արգենտինայի հանրապետություններ կատարած այցն էր, որը նախապես՝ թանգարանի տարեկան ծրագրով, ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատվել էր, բայց վերջին պահին նախարարության ինչ որ չինովնիկներ դա ոչ նպատակահարմար էին համարել: Հիմա բացարձակ կարիք չկա, որ վերադասը պատճառաբանված եւ խելացի որոշումներ կայացնի՝ սկսած վարչապետից, վերջացրած մի վարչության պետով։ Եւ թանգարանի կոլեկտիվը հայտարարեց, որ ոչ մի նոր տնօրենի չի ընդունելու։
Այդ որոշման արդյունքում ԿԳՄՍՆ-ն եւս հայտնվեց խիստ անհարմար իրավիճակում, քանի որ թանգարանի ոչ մի աշխատակից այս ընթացքում չէր ցանկանում իր վրա վերցնել տնօրենի ԺՊ-ի պարտականությունները: Ըստ նախարարի հրամանի, ի սկզբանե տնօրենի պարտականությունները դրվեցին թանգարանի փոխտնօրեն Մանե Խաչատրյանի վրա, բայց նա հրաժարվեց ՝ հիմնավորելով իր որոշումը նրանով, որ չունի բավարար կառավարչական փորձ։
Այսօր պարզեցինք, որ նոյեմբերի 14-ից տնօրենի լիազորությունները դրվել են թանգարանի գլխավոր ֆոնդապահ՝ Մարինե Բաղդասարյանի վրա։ Ինչը ժամանակավոր լուծում է՝ դեռ մրցույթ չի հայտարարվել թանգարանի տնօրենի պաշտոնի համար։