Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ ՌԴ-ի տնտեսական սահմանափակումներն արդեն հասցրել են ՀՀ որոշ առանցքային ոլորտներին ուժգին հարված հասցնել ու հետևանքներն արդեն իսկ մեծ են։ Սակայն Պուտինն ու ռուսական կողմն արդեն մի քանի անգամ ակնարկել են այն մասին, որ եթե Հայաստանի իշխանությունները որոշել են գնալ ՌԴ-ի համար թշնամական համարվող Եվրամիություն, ապա ՌԴ-ն կարող է վերանայել նաև Հայաստանին վաճառվող գազի գինը։ Ռուսաստանի իշխանությունները պարզապես կարող են դադարեցնել գազի սուբիսիդավորումը և այն չվաճառել Հայաստանին ներկա արժեքով։
Այսինքն, ստացվում է, որ Հայաստանին սպառնում են ոչ միայն տնտեսական, այլև էներգետիկ համակարգում աղետներ։ Ընդ որում, ԵՄ-ն էլ կարծես կրակի վրա բենզին լցնողի դերը ստանձնած լինի, հայտարարում են Հարավային Կովկասում էներգետիկ համակարգերի միաձուլման, այդ ոլորտում ներդրումների մասին, ԹՐԻՓՓ-ի հետ կապված էներգետիկ համակարգերի միավորման ու բազմամիլիոնանոց ներդրումների մասին են խոսում, որտեղ, սակայն,Հայաստանի անունը հասցեական չի նշվում։ Եվ բնականաբար հարց է առաջանում, թե այս բոլոր ձևափոխումներն ու տեղափոխումներն`աշխարհաքաղաքական ուժերի ու դրանց շահերի, ինչ իրավիճակ կարող են ձևավորել Հայաստանում և արդյո՞ք ազգային անվտանգության սպառնալիքներ կարող են պարունակել իրենց մեջ։
Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Հայաքվեի» անդամ Արմեն Մանվելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ երբ Եվրամիությունը խոսում է էներգետիկ անվտանգության մասին կամ էներգետիկ համակարգերի ստեղծման մասին, պետք է հիշել, որ ԵՄ-ն այս պահին գտնվում է շատ լուրջ էներգետիկ ճգնաժամի մեջ։
«Եվրամիությունում աննախադեպ կերպով թանկ է ամեն ինչ, և գազը, և նավթը, և առավել ևս էլեկտրաէներգիան։ Այսինքն, Եվրամիությունն իր էներգետիկ քաղաքականության առումով հասել է մի կետի, երբ որ ինքը խնդիր ունի նույնիսկ իր գազային ամբարները ԵՄ տարածքում եղած լցնելու, որ ձմեռվա պաշարներ ունենա։ Էլեկտրաէներգիայի գները աննախադեպ թանկ են, նման գներ Եվրոպան պատմության մեջ չի ունեցել և իրենք խնդիրներ ունեն հեղուկ գազի մատակարարման առումով և այդ առումով իրենց կախվածությունը Ռուսաստանից ոչ թե պակասել, այլ ավելացել է; Հեղուկացված գազի ներմուծումը ՌԴ-ից ԵՄ միայն ավելացել է»,- շեշտեց փորձագետը։
Եվ ամեն անգամ, երբ եվրոպացիներն ասում են, որ իրենք ինչ-որ կախարդական փայտիկ ունեն և կարող են ինչ-որ մեկին օգնել, ու երբեմն էլ բերում են Մոլդովայի և Ուկրաինայի օրինակը, դրանք սարսափելի վատ օրինակներ են, վստահ է Մանվելյանը։
«Աստված չանի Հայաստանը գնա այդ ճանապարհով, մենք կհայտնվենք նույն վիճակում, ինչ Մոլդովան ու Ուկրաինան։ Ինչպես ասում են, հասկացողը պիտի հասկանա»,- նկատեց Մանվելյանը։
էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը շեշտում է, որ Եվրամիությունն է ինքը շատ ծանր վիճակում, այնտեղ գազի գինը մեծածախ վեց հարյուր դոլար է ու դա սարսափելի բարձր գին է նույնիսկ Եվրամիության համար և փաստ չի, որ այդ գինն էլ կդադարի բարձրանալ։
«Երբ Եվրամիությունից գալիս ու ինչ-որ մեկին, կապ չունի` Հայաստանին, Վրաստանին ասում են՝ մենք կգանք ձեզ կօգնենք, այդ բառակապակցությունից պիտի զգույշ լինել։ Մեկն ասի` օգնող եք, նախ ինքներդ ձեզ փորձեք օգնել»,-ասաց Մանվելյանը։
Մեր հարցին, եթե ԵՄ-ն ինքն օգնության կարիք ունի, ապա ո՞րն է նման հայտարարություններ անելու իմաստը կամ նպատակը, գումարներ ու ներդրումներ խոստանալ, հետո իհարկե ձևական ինչ-որ փոքրիկ գումարներ ուղարկելով, ասաց, որ իմաստը զուտ քաղաքական՝ տնտեսական բովանդակություն պետք չէ փնտրել։ Հիմնական նպատակը Հայաստանը հակառուսական ճամբարի մաս դարձնելն է, ինչպես խաբում են ասելով, թե Եվրոպայի չորս հարյուր միլիոնանոց շուկան բաց է, ինչու՞ ապրանքը չեք տանում այնտեղ վաճառում։
«Իրականում ցանկացած հասկացող մարդ հասկանում է, որ եվրոպական գյուղատնտեսական շուկան բոլորի համար փակ է, որովհետև Եվրոպան ինքը խոշոր գյուղմթերք արտադրող կազմակերպություն է ու նույնիսկ իրենք մրցակցության հետ կապված խնդիր ունեն։ Նույնիսկ իրենց, այսպես կոչվող, բարեկամ կոչվող Ուկրաինայի համար դռները փակեցին, երբ որ տեսան, որ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքը շատ ավելի էժան է և մրցակցության մեջ է իրենց հետ է ու սկսեցին Ուկրաինայի համար շուկան փակել։ Դրա համար իրենց խոսքերի տակ պետք է փնտրել զուտ քաղաքական շահ, տնտեսական բաղադրիչ այնտեղ չկա»,- նկատում է Մանվելյանը։
Հատկանշական է, որ տարիներ շարունակ լսում ենք ԵՄ-ից միլիարդների ու միլիոնների հասնող օգնությունների մասին, սակայն արդյունքում մի քանի տասնյակ միլիոն են տալիս ինչ-որ գրանտային ծրագիր, ինչ-որ հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար, իսկ իրականում իրենք են հիբրիդային պատերազմ կազմակերպում ընդդեմ հայ ժողովրդի՝ շեշտում է Մանվելյանը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հետևանքով գազի գնի հնարավոր փոփոխությանն ու էներգետիկ այլ սպառնալիքներին, փորձագետը նկատում է, որ գազի գինը վճռական պահ է, քանի որ բացի այն, որ մենք մեր կենցաղում օգտագործում ենք գազը, բացի այն, որ շատ տնտեսություններ գոյատևում են գազի շնորհիվ, գազը ձևավորում է նաև մեզ մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը, քանի որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը գազի գնից է ձևավորվում, որովհետև ջերմակայանները գազով են աշխատում՝ մանրամասնում է փորձագետը։ Գազի գնի բարձրացումը շղթայական ռեակցիայով կբերի ամբողջ տնտեսական ապրանքների թանկացմանն ու ոչ մրցունակ կդառնա իրենց այդ սիրելի եվրոպական շուկայում։
Սակայն, ՌԴ-ի հետ խնդիրների հետևանքով միայն գազը չէ որ սպառնալիք է։ Կարևոր է հիշել, որ ՀՀ ԱԷԿ-ի գործարկման համար հարստացված ուրան ստանում ենք Ռուսաստանից, և թափոններն էլ վերամշակում է ռուսական կողմը։ Ընդ որում, հարստացված ուրանը ՀՀ-ն ՌԴ-ից ստանում է միջազգային գներից շատ ավելի էժան գներով և եթե այդ գնային շեմը բարձրացնեն միջազգայինի մակարդակի, ապա էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը անխուսափելի կլինի, իսկ դա ու դրա հետևանքները կհարվածեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։
Այն ինչ որ կա հիմա, ցավոք, միայն վատ սպասելիքներ են առաջացնում, քանի որ երբ քո տնտեսական քաղաքականությունը, էներգետիկ, պարենային, տնտեսական անվտանգությունը զոհ է գնում գործող քաղաքական ռեժիմի անձնական ցանկություններին, դա որպես կանոն ամբողջ պետության վրա է շատ ծանր անդրադառնում։