ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանելիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում, ուստի այն կարող է եւս 2 ամիս օգտագործվել: Այսպիսով, Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի` -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում:
Միաժամանակ, որոշվել է երկամսյա երկարաձգումը տարածել մինչև 2022 թվականի փետրվարն արտադրված սերիաների վրա:
ՀՀ քաղաքացիների շրջանում այս հայտարարությամբ պայմանավորված կա անհանգստություն և մեր ընթերցողներին հետաքրքրում է՝ ինչո՞վ է պայմանավորված դեղաչափի պիտանելիության ժամկետի երկարաձգումը, ինչպես նաև հնարավո՞ր է, որ այս որոշման պատճառն այն է, որ դեղաչափի պիտանելիության ժամկետը մոտենում էր ավարտին, իսկ դեղաչափը գնելու համար բավականին գումար է ծախսվել ու այն չոչնչացնելու համար է որոշվել ժամկետները երկարաձգել, որպեսզի ներկրված խմբաքանակը սպառվի։
Մենք զրուցեցին Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանի հետ, որից ճշտեցինք, թե ինչպես է ընթանում պատվաստումային գործընթացը, որքանով է հետաքրքրված բնակչությունը մոդեռնայով պատվաստվելու․ «Հիմա ընդհանուր առմամբ նվազել են պատվաստումները, բայց մոդեռնայով պատվաստվում են։ Ունեինք մի 3-4 հոգի, ովքեր իրենց պատվաստումը ստանալու համար միևնույնն է՝ եկել էին մոդեռնա էին ստացել, իմանալով հանդերձ, որ երկարաձգվել է պիտանելիության ժամկետը»։
Համաճարակաբան Լուսինե Հակոբյանն էլ վստահեցնում է, չի կարող լինել նման բան, որ քաղաքացիներին պատվաստեն ժամկետանց պատվաստանյութով․ «Բացառվում է մեր երկրում էլ, ընդհանրապես ամբողջ աշխարհում էլ նման գործողություն իրականացվի, այն խիստ վերահսկվում է, խիստ պահպանվում է սառույցային շղթան։ Եթե բաշխվում է պատվաստանյութը կլինիկական կազմակերպություններին, իրենց ժամկետների մասին հստակ նշվում է։ Մենք նման նախադեպ չենք ունեցել, որ ժամկետն անց պատվաստանյութով քաղաքացիներին պատվաստեն»։
Արթմեդ բժշկական կենտրոնի բժիշկ Արայիկ Ղարիբյանն էլ իր հերթին է փաստում, որ չի կարող ժամկետանց պատվաստանյութ այժմ լինել․ «Դեղը նոր է արտադրվել, նոր է ներկրվել, ուղղակի, ենթադրենք, 6 ամիս է իր ժամկետը, հետո ասել են, որ 6 ամսից խթանիչ (բուստեր) դոզայով կարող են պատվաստվել, ուսումնասիրությունների արդյունքում գտել են, որ կարելի է խթանիչ դոզան 9 ամիս հետո անել, իսկ այն, որ կարող է պատվաստանյութի ժամկետն անցած լինել, բացառվում է, պատվաստանյութը, որ արտադրում են, այն կարող են տարիներով պահել»։
ԱՆ գրավոր հարցմամբ դիմել ենք, պարզելու համար ՀՀ-ում Մոդեռնա պատվաստանյութից որքա՞ն է դեռեւս առկա, մինչև այժմ որքա՞ն գումար է ծախսվել պատվաստանյութերի գնման համար, սակայն դեռևս պատասխանը չենք ստացել։