Գեղարքունիքի մարզի Սոթք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Տավուշի գյուղերի իրադարձություններից իրենց բնակավայրում էլ են մարդիկ մտահոգ: «Մտահոգ ենք, որ տարածքներ են զիջվում Ադրբեջանին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն մեր հայրենիքի համար։ Մտահոգ ենք բոլորս»,- ասաց Խաչատրյանը: Հարցին, որ խոսակցություններ կան, որ հաջորդը Գեղարքունիքի մարզից են լինելու, ասաց, որ այս պահին հստակ չգիտեն էլ, թե որ գյուղերի մասին է խոսքը, սակայն այդ խոսակցություններից տեղյակ են` դրանք շրջանառվում են թե մամուլով, թե սոցցանցերում, բոլորն էլ տեսնում են, կարդում են, քննարկում են։
Սոթքի վարչական ղեկավարը նշում է, որ դրանք դեռևս խոսակցությունների մակարդակում են, հստակ ոչինչ չկա՝ չգիտեն, թե որքանով են դրանք իրականությանը մոտ: Հարցին, եթե այդ խոսակցությունները ճիշտ դուրս գան եւ սահմանազատումն արվի Վարդենիսում եւ Սոթքից հող հանձնեն, մարդիկ ինչպես կպահեն իրենց` կպայքարե՞ն դրա դեմ․ «Մի քանի օր այդ մասին էի մտածում։ Հայաստանի Հանրապետության ամեն մի սանտիմետր հողի համար պետք է պայքարել, ուղղակի չգիտեմ ինչի ենք մենք այդքան փոխվել․․․կամ` ոնց ենք եկել հասել 21-րդ դար: Այն ժամանակ կռիվը Արցախում էր՝ դա արցախցու խնդիրն էր, հետո Սյունիքի մի շարք գյուղերում էր կռիվը՝ Սյունիքի խնդիրն էր դա, հետո Տավուշում եղավ՝ դարձավ Տավուշի խնդիրը, չգիտեմ վերջն ինչ է լինելու»:
Հարցը միայն Տավուշում կատարվող դեպքերը չեն՝ նկատում է Խաչատրյանը, խնդիրը բոլորինն է: Այն, որ եկեղեցին ու որոշ նվիրյալ հոգևորականներ են փորձում միավորել մարդկանց, պայքարն առաջնորդել, ասաց, որ դա նորմալ պրակտիկա է. «Հայ եկեղեցին միշտ էլ կարևոր դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության, թե պետականաշինության, թե գոյության պայքարի ժամանակ… Հիմա նույնպես»,-ասաց Խաչատրյանը:
Իսկ եթե Տավուշի գյուղերի սցենարը կրկնվի, ի՞նչ կանեն սոթքեցիները, ասաց. «Ես իմ անունից կարող եմ ասել և երևի բնակիչների մասով, որ մենք Սոթքից գնալու ոչ ցանկություն ունենք, ոչ միտք ունենք, ոչ տեղ ունենք, սա մեր հողն է, որտեղ մենք պետք է ապրենք»,- եզրափակեց Սևակ Խաչատրյանը: