Այլ

«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը

«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի հոդվածը․

«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու»

ՊԱՏԵՐԱԶՄԻ մասին Բագրատ Սրբազանի աշխատության ամփոփիչ հատվածը… Նախորդիվ հրապարակվածները` մեկնաբանություններում
___
Ը. ԱՄՓՈՓՈՒՄ
Ժամանակակից աշխարհը արդարության և ճշմարտության ճգնաժամ է ապրում (թեպեը երբեք էլ այլ կերպ չի եղել):
Ժամանակակից աշխարհը արդարության, ճշմարտության և իրավունքի ճգնաժամ (crisis) է ապրում և տառապում է արժեքային պակայից (deficit) (թեպետ երբեք էլ այլ կերպ չի եղել):

Իմ պատկերացմամբ, այլաբանորեն, հայերեն ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառը ամենաշատ պատերազմ պարունակող հնչողությունն ունի: Կարծես թե բառն ինքնին հուշում է խաղաղության հասնելու ճանապարհի մասին: Ինձ ծանոթ ոչ մեկ այլ լեզվում այսքան պատերազմ չկա խաղաղություն բառի մեջ: Ըստ իս, նաև ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառը նույն ինքը ԱՂԱՂԱԿՆ է` վկայելով վերը նշված ճգնաժամի և արժեքային պակասից տառապանքի մասին: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՂԱԿ Է` ՃԻՉ ԵՎ ՁԳՏՈՒՄ` ՀԱՍՆԵԼՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ:
Հետաքրքիր է նաև ճգնաժամ – crisis բառի ստուգաբանությունը, որը ծագում է հունարեն krene բառից, որ նշանակում է դատել կամ դատողություն անել որոշում կայացնելու համար, այլ կերպ ասած` ընտրություն կատարել: Հավանաբար, հայերեն բառն էլ հենց այդ արտահայտությունն ունի` ճգնաժամ` ճգնելու ժամ, ձգտելու, ճգնելու և ճիշտ որոշում կայացնելու ժամ, երբ այդ որոշումից կամ որոշումներից են կախված իրերի հետագա ընթացքը:

Ինչո՞ւ եմ անդրադառնում բառերի ստուգաբանությանը, որովհետև դրանք լավագույնս բացատրում են հարցի կամ իրավիճակի էությունը, ինչպես այս դեպքում` պատերազմի կամ խաղաղության վերաբերյալ:

Անփոփելով նշեմ, որ փորձեցի Աստվածաշունչ մատյանի պատգամի և դարերով թրծված հոգևոր փորձառության հիման վրա ներկայացնել այդքան չարչրկված պատերազմի էությունը, որը ողբերգություն է, սակայն ավելի մեծ ողբերգություն է «մեղքի խաղաղությունը», որ քայքայող ու սպառող է և, ցավոք, մահվան ուղիղ ճանապարհն է, որը բացարձակ աղերս չունի ճշմարիտ և արդար խաղաղության հետ:

Հատկապես մեր ժամանակներում և պայմաններում կամ իրավիճակում պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու և կարիք չկա համապատասխան պատրաստությունները կատարելու և միջոցները ձեռնարկելու ոչ միայն կանխելու, այլև պաշտպանված լինելու նման աղետներից` հատուկ չափանիշներին համապատասխան կառուցապատումներ, հասարակության իրազեկման մեխանիզմներ, փրկարարների պատրաստություն և վերապատրաստություն, տեխնիկական վերազինում և այլն: Կամ անձնական կյանքում. եթե բնակավայրում գողության հանցագործություն գոյություն չունի, չի նշանակում, որ մարդիկ հեռացնում են իրենց տների դռներն ու լուսամուտները` կողպեքներով հանդերձ, այլ ընդհակառակը` ավելացնում են հնարավոր բոլոր հավելյալ միջոցները` տեսադիտողական սարքեր, արձագանքման շչակներ և այլն, որոնք կպահպանեն տան անվտանգությունը: Եվ կամ գարնանը, ամռանը և աշնանը ձյուն չլինելու պատճառով ո՛չ ձմեռային հագուստներն են նետում և ո՛չ էլ ջեռուցման համակարգերը վերացնում:
Հետևաբար, մարդը կամ պետությունները ոչ թե ապրում են «անհոգ խաղաղության» մեջ, այլ տևապես պատրաստվում են անմիջական կամ հետաձգված պատերազմի, ինչ տեսքով էլ այն լինի, ոչ թե հուսալով, թե դրանք տեղի չեն ունենա, որովհետև այդ պահին չկան, այլ բոլոր առումներով հոգալով համապարփակ և ամբողջական անվտանգային խնդիրները` այսպիսով պատրաստ լինելով դիմագրավել ցանկացած հնարավոր ոտնձգություն սառը կամ տաք պատերազմի տեսքով:

Պատերազմի մշտական պատրաստությունը պետք է դառնա պետության և հանրության ՍՈՎՈՐԱԿԱՆ կենցաղի մի մասը` առանց ապոկալիպտիկ որակումների:

Աշխարհը մշտապես ձգտել է արդարությունը, ճշմարտությունը և խաղաղությունը հաստատել «արդարությունը սրի ծայրին է» կամ «ուժի իրավունքով» մտածողությամբ:

Ժամանակները փոխվել են, սակայն, ցավոք, այս հասկացողությունը չի փոխվել: Ապրել և հարատևել են այն ժողովուրդները, որոնք ընդունել են աշխարհի նետած մարտահրավերը և ընտրել են առանց հոգնել պայքարը արդարության և ճշմարտության համար. «Եթե արդարության հետևից գնաս, կհասնես նրան և այն կհագնես իբրև փառքի զգեստ» (Սիրաք 27:9) և «ուրեմն հնազանդվեք Աստծուն և դիմադրեք սատանային և նա հեռու կմնա ձեզանից» (Հակոբոս 4:7):

Եվ վերջապես, ինչո՞ւ ենք սաղմոսերգուի խոսքով և մեր Սուրբ Պատարագի ամենակարևոր հատվածում հայտարարում, որ Աստված փառքի Թագավոր է, որովհետև Նա հզոր և պատերազմի կարող և հաղթող Տերն է, իսկ մենք կոչված ենք «նայելու Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2) և հետևելու Նրա օրինակին ու ճանապարհին:
Հ.Գ. Առաջիկայում կներկայացնեմ նահատակության փառքի պսակի մասին Աստվածաշնչյան և հոգևոր փորձառության ընկալումը:

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image