Հասարակություն

Անվտանգություն, թե արագություն՝ ընտրությունը յուրաքանչյուրինս է

Անվտանգություն, թե արագություն՝ ընտրությունը յուրաքանչյուրինս է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցներում տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց հիմնական պատճառը վարորդների անուշադրությունն է, ինչն ուղեկցվում է արագության ռեժիմի խախտումներով։

ՀԿԵ կողմից իրագործվող նախագծերը, որոնք միտված են երկաթուղային գծանցներում երթևեկության մասնակիցների պաշտպանվածության բարձրացմանը, այն է՝ երկաթուղային ծածկերի փոխարինումը, գծանցի կահավորումը լուսային ու ձայնային ազդանշանային համակարգով, սահմանափակ տեսանելիությամբ գծանցներում վարորդների համար լայն տեսածիր ունեցող հայելիների տեղադրումը, ցավոք, սպասված արդյունք չեն տալիս։ Գծանցներում ՃՏՊ-ների կայուն նվազում չի հաջողվում գրանցել: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեր վարորդների մի մասը «անվտանգություն կամ արագություն» առաջնահերթության ընտրության ժամանակ նախապատվությունը տալիս է «արագությանը»:

Հարավկովկասյան երկաթուղու՝ մի կողմից քաղաքացիների անվտանգությանը միտված պատասխանատու դիրքորոշման և մյուս կողմից որոշ վարորդների հանցավոր անպատասխանատվության վառ օրինակ է Քարակերտ-Դալարիկ կայանների միջեւ գտնվող երկաթուղային գծանցի վթարայնությունը, մասնավորապես նշված հատվածում հունիսի 23-ն տեղի ունեցած վթարը։ Սակավամարդ բնակավայրի համար կառուցված (բնակչության թիվը՝ 4650) Դալարիկի գծանցում վերջին 4 տարիների ընթացքում տեղի է ունեցել 4 ծանրագույն ճանարպարհատրանսպորտային պատահար, այդ թվում՝ ուղևորատար գնացքի մասնակցությամբ: Նշված գծանցում արձանագրված ՃՏՊ-ն այստեղ արձանագրվող խախտումների ընդամենը փոքր մասն է։ Լոկոմոտիվային բրիգադներն ամեն օր նշված գծանցում գրանցում են ճանապարհային երթևեկության կանոնների տասնյակ խախտումներ՝ արագության ռեժիմի խախտում գծանցում հանկարծակի կանգառով, մեքենավարի ձայնային ազդանշանների անտեսում, ավտոմեքենայի կանգառ գնացքի նկատմամբ անթույլատրելի հեռավորության վրա։ Սրանք երկաթուղային գծանցներում առանձին վերցրած վարորդների անպատժելի և հանցավոր պահվածքին բնորոշ խախտումներ են։

Ընկերությունը Դալարիկի գծանցի արդիականացման համար կատարել է 25 մլն դրամի ներդրում, ինչի նպատակն է քաղաքացիների ապահովության մակարդակի բարձրացումը և տրանսպորտային անվտանգության ապահովումը: Գծանցը կահավորվել է գնացքի մոտեցումը նախազգուշացնող ձայնային և լուսային ազդանշանային ավտոմատ համակարգով։ Դալարիկ համայնքի ղեկավարությունն իր հերթին ամբողջությամբ վերակառուցել է ավտոճանապարհային ենթակառուցվածքը, գծանցի մուտքերը համալրել ճանապարհային նշաններով: Այնուամենայնիվ, առանձին վերցրած վարորդների անթույլատրելի գործողություններն արժեզրկում են քաղաքացիների կյանքի եւ առողջության ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերը։

Ընթացիկ տարվա հունիսի 23-ին ժամը 11:50-ին Քարակերտ-Դալարիկ վազուրդի երկաթուղային գծանցում դիզվառելիք տեղափոխող բեռնատարի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհատրանսպորտային կանոնները, ինչը հանգեցրել է խոշոր վթարի: Վարորդը գծանցին մոտենալիս չի կատարել նշանների ցուցումները և չի նվազեցրել արագությունը, անտեսել է գծանցի թարթող լուսային և ձայնային ազդանշանները, անտեսել է նաև լոկոմոտիվային բրիգադի արձակած ձայնային ազդանշանները և հայտնվել է մոտեցող գնացքի դիմաց: Տեսանելիությունը վարորդի համար եղել է ոչ պակաս քան 1000 մետր, բայց վարորդը կանգնեցրել է վտանգավոր բեռով բեռնատարը անմիջապես գծերի վրա, ինչից հետո փորձել է ազատել գծանցը, բայց չի հասցրել:

Էլեկտրաքարշի արագաչափ ժապավենի վերծանումը ցույց է տվել, որ մեքենավարը չի գերազանցել արագության ռեժիմը, ժամանակին գործարկել է վթարային արգելակումը, սակայն 30 կմ/ժ արագությամբ շարժվող 1736 տոննա կշռով գնացքը կանգնեցնելը տեխնիկապես անհնար է եղել: Բախման հետևանքով դիզելային վառելիքը գլանատակառից թափվել է գծերին հարող ենթակառուցվածքի վրա՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ: Միայն երջանիկ պատահականությամբ է պատահարը վարորդի համար ավարտվել պարզապես մարմնական վնասվածքներով:
Վառելիքի արտահոսքի տարածումը կանխվել է ՀՀ ՆԳՆ ՓԾ ուժերի կողմից: ՃՏՊ-ի հետևանքով վնասվել են հպակային ցանցն ու էլեկտրաքարշը: ՀԿԵ շուրջ 40 աշխատակիցներ 20 ժամ շարունակ վերացրել են հետևանքները, ինչի ընթացքում չեղարկվել ու հետաձգվել են ուղևորատար և բեռնատար գնացքներ: Տրանսպորտային ծառայությունների շուկայում բարձր մրցակցության պայմաններում հեղինակությանը հասցվող վնասները ոչ պակաս կարևոր են նյութականից:

Պետք է նշել, որ 2023թ-ին նույն գծանցում մարդատար էլեկտրագնացքի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը հանգեցրել էր գնացքի երկարատև պարապուրդի, ինչն իր հերթին հանգեցրել էր ուղևորափոխադրումների ծավալի նվազման: ՀԿԵ ընդհանուր վնասը կազմել էր 25 մլն:

Անվտանգությո՞ւն, թե՞ արագություն։

Այս վթարի «հեղինակը» երիտասարդ Ասատրյան Ս.Ա.-ն է, ով, ընտրելով արագությունը, վնասեց սեփական առողջությունը, զրկվեց բեռնատարից և դարձավ 7 տոննա դիզելային վառելիքի կորստի պատասխանատուն: ՀԿԵ-ին պատճառվեցին վարկանշային և նյութական շոշափելի վնասներ: Յուրաքանչյուր քաղաքացի, որ ընտրություն է կատարում արագության կամ անվտանգության միջև, պետք է հասկանա, որ ազատ ընտրության հնարավորությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշների անվտանգության, հարգանքի և բարենպաստ պայմաններում ապրելու իրավունքը:

Հ.Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր հրապարակման, հայտնի դարձավ, որ 2026 թվականի հունիսի 27-ին Փամբակ-Շահալի վազուրդում բեռնատար մեքենան դուրս է եկել էստակադից և ընկել երկաթուղային գծի վրա: Հարկ է ընդգծել, որ նույն վայրում նմանատիպ պայմաններում նախորդ տարիներին գրանցվել են մի քանի այսպիսի դեպքեր, որոնցից մեկը հանգեցրել է չորս քաղաքացու մահվան: Երբեմն նույնիսկ մեկ կամ երկու նման դեպքը բավարար չեն երթևեկության անվտանգության անվերապահ առաջնահերթության վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար։

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ռեվիզոր Սերգեյ Հարությունյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image