Փաշինյանի այցին Թուրքիա, բնականաբար, հետևում են նաև Ադրբեջանում, բայց առանձնապես շատ հրապարակումներ չտեսանք:
Ադրբեջանական գլխավոր քարոզչական կայքերից haqqin.az-ը հղում անելով Պոլսում հրապարակվող հայկական «Ակօս» թերթին գրում է, որ Փաշինյանը Էրդողանին կհրավիրի 2026 թվականին Երևանում տեղի ունենալիք Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին:
Կայքը հաղորդում է, որ Փաշինյանը հյատարարել է, որ Էրդողանի հետ հանդիպումը երկկողմանի փոխշահավետ փոխգործակցության նշան է:
Կայքը գրում է նաև, որ Փաշինյանի Թուրքիա այցին ընդառաջ, Հայաստանում «Սրբազան շարժման» աջակիցների լայնածավալ ձերբակալություններ են գնում: Նշվում է, որ պետական, կառավարության և այլ կարևոր օբյեկտների կողքին ոստիկանական ավտոբուսներ են տեղակայված և որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում:
Հետաքրքիր է, որ ադրբեջանական կայքերի մեծ մասը այցը չեն լուսաբանել: Նույնիսկ Media.az և Day.az կայքերը, որտեղ սովորաբար կայքերի քարոզիչ-հեղինակները երբեմն վերլուծական նյութեր կամ ակնարկներ էին գրում, Փաշինյանի՝ Թուրքիա այցի մասին երեկ դեռ լռում էին: