Կարինե Մանավազյանը, ով ավելի քան 4 տարի է ողջերի մեջ փնտրում է իր զինվոր որդուն, վերադարձող 32 գերիների մեջ նրա անունը չի գտել։ Մայրը վստահ է՝ որդին ողջ է, գերի է Բաքվում։ Տիկին Կարինեն չգիտի, թե ինչ սկզբունքով են ընտրվել վերադարձող գերիների անունները, ներքին կարգով իրեն ասել են՝ Ամերիկայի միջնորդությունն է։
«Ինձ ասացին՝ մեր պետությունը կապ չունի, Ամերիկայի շնորհիվ է, որ 32 գերիներին վերադարձնում են հայրենիք։ Մեզ ասացին, որ վերադարձողները հաստատված գերիներն են։ Ես շատ քիչ սպասելիքներ ունեմ, որովհետեւ այս գերիներին առանձին են պահել»,-նշեց տիկին Կարինեն։ Ասում է՝ սպասում է վերադարձող գերիներին, որ տուն առ տուն մտնի հարցնի՝ իր որդուն տեսե՞լ են։
«Գնամ իրենց տներով, հարցնեմ բոլորից։ Ուրիշ ոչ մեկից այլեւս հույս չունեմ, սպասելիք չունեմ»,-հուսալքված ասում է անհետ կորածի մայրը։
Տիկին Կարինեի որդին ծառայել է Էջմիածնի «քիմիկների զորամասում»։ 44-օրյա պատերազմի ժամանակ 62 պայմանագրայինների հետ, հոկտեմբերի 21-ին Կովսական մեկնած զինվորների հետ, անհետ կորել է նաեւ իր որդին։ Նախնական տվյալներով՝ 62 զինվորականներից միայն 22-ն են դուրս եկել շրջափակումից, 40-ի մի մասը սպանվել է, 23 հոգի մինչ օրս անհետ կորած է համարվում։ Վերադարձող 32 գերիների անվանացանկում քիմիկների զորամասի անհետ կորած զինվորներից ոչ ոք չկա։ Մանավազյանն ասում է՝ իշխանավորներն այլեւս չեն ընդունում, քիմիկների ծնողներին, իրենք վերջին անգամ հանդիպել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։
«Պապիկյանի հետ հանդիպում եմ պահանջում՝ հրաժարվում է։ Ասում են, թե՝ տեղեկացնում են, հետո պնդում են, թե՝ զբաղված է, հետո կընդունի։ Մի խոսքով արդեն 3 ամիս է խոստանում է հանդիպել, բայց չի հանդիպում։ Ես այլեւս ոչ ոքի չեմ հավատում։ Ուժային կառույցներում ինչպես միշտ փափուկ բարձը դնում են գլուխներիս տակ ու ճամփում, խաբում են, ուրիշ ոչինչ»,-նշեց նա։
Տիկին Կարինեն հույսը միայն Աստծո հետ է կապում, վստահ է, որդին վերադառնալու է։
«Ես գիտեմ, որ իմ որդին ողջ է, հաստատ հետ է գալու»,-ասաց նա։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ «Քիմիկների զորամաս»-ի անվանումը ստացած քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։ Արդեն շուրջ 2 տարի ընթացող դատական պրոցեսի ընթացքում մեղադրալի կարգավիճակ ունեցող բարձրաստիճան զինվորականներից որեւէ մեկը ոչ կալանավորվել է, ոչ դատապարտվել, ոչ էլ արդարացվել։ Դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Երեք տարի իշխանություններն անպատասխան են թողնում անհետ կորածների ծնողների հարցերը, թե որտե՞ղ են իրենց որդիները, ինչո՞ւ պետությունը ջանք չի գործադրում նրանց հայտնաբերելու եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը, ով վերընտրվելուց առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե՝ «Բաքվում պահվող գերիները մի քանի ամիս էլ կսպասեն», այլեւս չի ցանկանում ծնողների հետ հանդիպել։ Իսկ Բաքվում գտնվողները ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի տարի է՝ սպասում են։