Այս տարվա հունիսի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, շրջանցելով կառավարության թիվ 3 մասնաշենքը հսկող ոստիկանների արգելքը, բարձրացել էին առողջապահության նախարարություն եւ հասել ընդհուպ նախարար Անահիտ Ավանեսյանի կաբինետ՝ այն պահին, երբ նախարարն աշխատակիցների հետ խորհրդակցություն էր անցկացնում։ Մտնելով նախարարի աշխատասենյակը՝ պատգամավոր կանայք հաշիվ էին պահանջել Ավանեսյանից, թե ինչու է նա հանդգնել պաշտպանել ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին։ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների բախումից հետո Ավանեսյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե ոստիկանության աշխատակիցները փայլուն են կատարում իրենց ծառայությունը։ Նրանք, բացի ամոթանքներ հնչեցնելուց, նաեւ Ավանեսյանի սեղանին էին նետել պատերազմում զոհվածների աճյունների նկարները։
Դրանից հետո նախարարը դիմել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի էթիկայի հանձնաժողով ձեւավորվի, եւ քննվի իր աշխատասենյակ մտած պատգամավորների վարքը։
Երեկ նա մեզ հայտնեց, որ հանձնաժողովը դեռ չի ձեւավորվել, թեպետ այդ ուղղությամբ աշխատանք է ընթանում, առաջիկայում քննարկում կունենա ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ՝ հասկանալու, թե հանձնաժողովի ձեւավորումն ինչ ընթացքում է։ Նա խոստացավ՝ հետեւողական է լինելու այս հարցում․ «Ես, ինչպես ասել եմ, հետեւողականորեն հսկելու եմ, որպեսզի ներկայացված դիմումն ի վերջո քննվի»։
Նկատեցինք, որ, փաստորեն, Ավանեսյանը մինչ օրս վրեժով է լցված դեռ ամիսներ առաջ իր աշխատասենյակ ներխուժած պատգամավոր կանանց հանդեպ, որոնց արարքը վաղուց մոռացվել է, ու հիմա ամեն գնով տենչում է պատժել կանանց, ովքեր իրենից տարիքով բավականին փոքր, երիտասարդ աղջիկներ են եւ քաղաքական ակցիա են իրականացրել։ Կարելի է առնվազն մեծահոգություն եւ կանացի սոլիդարություն ցուցաբերել ու մոռացության տալ միջադեպը, որը բացառապես իր անզգույշ հայտարարությունների ու քաղաքական գործունեության արդյունք էր։
Հարցրինք, թե արդյոք այս հետեւողականությունն իր դեմ հերթական ալիքը չի՞ բարձրացնի, կամ իր շահերի՞ց է բխում, արդյոք, այսպես հետեւողական կերպով կին պատգամավորներից վրեժ լուծելը։ «Ամենեւին, իհարկե, վրեժի մասին խոսք չի գնում, բայց եթե մարդը դիմում է ներկայացնում եւ հայտ է ներկայացնում, պետք է հետեւողականորեն դրան հսկի։ Ես կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է»,- ասաց Ավանեսյանը։