Դեռ անցյալ տարվանից՝ Բագրատ սրբազանի ցույցերի շրջանում, պարբերաբար լուրեր էին տարածվում, թե ՔՊ-ականները փակելու են Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաալիքը, չեն հանդուրժելու, որ Եկեղեցին, որի դեմ անթաքույց բռնաճնշումներ են իրականացվում, ալիք ունենա եւ այն էլ՝ պետական բյուջեից ֆինանսավորվող։ Բայց թե ինչ եղանակով կհեռացվի հոգեւոր-մշակութային «Շողակաթը», պարզ դարձավ միայն վերջերս։ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխության նախագիծ են ներկայացրել ԱԺ, որով առաջարկվում է միայն մեկ փոփոխություն՝ կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։ «Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,- նշված է նախագծում։ Գործող օրենքով դրանք երեքն են՝ Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվականը, որը նույնպես պատկանում է Հանրայինին, եւ Մայր Աթոռի «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաալիքը, որը տարեկան 220 մլն դրամի պատվեր է ստանում Հանրային հեռուստառադիոյի խորհրդից` հոգեւոր-մշակութային հաղորդումներ պատրաստելու եւ հեռարձակելու համար։
Թե երեքից որի ֆինանսավորումն են կրճատելու, դեռ չի հայտարարվել, բայց հասկանալի է, որ Հանրայինի ղեկավարությանը չեն նեղացնի` այն այս իշխանության հիմնական քարոզչամեքենան է։ Փաստորեն, նախատեսվում է, որ պետության կողմից ֆինանսավորվող մեկ ընկերություն ենք ունենալու՝ Հանրային հեռուստաընկերությունը, որը հանրային մետրային մուլտիպլեքսում միանգամից երկու ալիք է զբաղեցնում։ Սրանով իշխանության գործը հեշտանում է, փողը տալու են մեկ ալիքի, որն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է՝ Հանրային հեռուստաընկերությանը, ինչը միանգամայն ՔՊ-ի տրամաբանության մեջ է՝ ինչո՞ւ բյուջեից փող տալ մի ընկերության, որը դուրս է իր վերահսկողության տիրույթից։ Որպես նախատեսվող օրենսդրական փոփոխության նպատակ, նշվում է բյուջետային միջոցների ավելի նպատակային ու արդյունավետ օգտագործումը, հանրային հեռարձակողների ֆինանսական կայունության, մրցունակության աճը եւ այլն։ Թեեւ համաձայնեք, որ բյուջեն չէ պատճառը, որ Հանրայինը քիչ են դիտում, «նկարվող»` կեղծվող վարկանիշները մի կողմ դրած։ Իսկ որ քիչ են դիտում, հենց իրենք` ՔՊ-ականներն էլ են ընդունում, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ավելացնել դրան տրվող միջոցները:
«Շողակաթը» նախ մի փոքրիկ խմբագրություն էր, որը ստեղծել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում։ 2004 թվականին այն իր հաղորդումները սկսեց հեռարձակել Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում, իսկ արդեն 2011 թվականին տեղափոխվեց մետրային ալիք՝ իր առանձին ծրագրով, փոխարինելով Մերուժան Տեր-Գուլանյանի հիմնած «Արարատ» հեռուստաընկերությանը։ Վերջինս ստեղծվել էր որպես ռուսական Культура-ի հայկական համարժեք, սակայն փոքր ֆինանսավորում ուներ ու հիմնականում «պտտում» էր Հ1-ի արխիվային տեսանյութերը, հաճախ նույնիսկ առանց մոնտաժելու։ Իսկ «Շողակաթը» հեռուստաարտադրանքի ավելի պրոֆեսիոնալ որակ բերեց, թեեւ սահմանափակ գաղափարական առումով՝ արտադրանքը պետք է ունենար կրոնական ուղղվածություն։ Այս սահմանափակումը «Շողակաթի» թիմը հաճախ շրջանցում էր՝ ցուցադրելով համամարդկային բովանդակության ֆիլմեր։ Ի դեպ, այսօր էլ այն հեռու է քաղաքականությունից, երբեմն ավելի «անշառ» հաղորդումներ է տալիս, քան նույնիսկ նիկոլական ալիքները։ Այստեղ տարբեր ժամանակներում աշխատել են հեռուստատեսության ու հեռուստալրագրության հայտնի ու տեսանելի դեմքեր՝ Մանյա Ղազարյանը, Տիգրան Պասկեւիչյանը, Արա Շիրինյանը, լուսահոգի Արայիկ Գալոյանը, ռեժիսոր Արամ Շահբազյանը, օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը, այլք։ Եվ ահա, կադրերի այս դարբնոցը, հայկական միակ հոգեւոր-մշակութային ալիքը, զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով, ցանկանում են փակել՝ զրկելով չնչին պետական միջոցներից։ Էլ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տարբերությունը նախկիններից, որոնք 2002թ․ ապրիլի 2-ին քաղաքական դրդապատճառներով եթերազրկեցին «Ա1+»-ը։
Նրա կողմնակիցները, հաճախ պաշտպանելով Փաշինյանին, անառարկելի կռվան էին բերում՝ նրան կարելի է քննադատել բոլոր հեռուստաալիքներով, ինչը ո՛չ Քոչարյանի ժամանակ էր հնարավոր, ո՛չ Սերժ Սարգսյանի։ Այսօր արդեն, երբ բազմաթիվ անձինք զուտ ազատ խոսքի համար բանտերում են, երբ եթերազրկվել են հեռուստաալիքներ, նման փաստարկներն այլեւս համոզիչ չեն։ 2023 թվականին ընդդիմադիր «Երկիր Մեդիան» զրկվեց հանրապետական սփռման եթերից։ Ավելի շուտ՝ 2021 թվականին, ՀՌՀ-ն վերգետնյա հեռարձակման իրավունքից զրկեց Հ2 հեռուստաընկերությանը։ Հիմա «Շողակաթի» հերթն է հասել։
Իսկ նախկին իրավապաշտպան ՀԿ-ներն այս առիթով լուռ են։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից մեկնաբանություն խնդրեցինք։ Նա պատասխանեց, որ չի ուսումնասիրել հարցը, ավելի ուշ կասի իր կարծիքը։ Իրազեկ քաղաքացիների միավորման հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ասաց, որ դա իր թեման չէ։ Շուշան Դոյդոյանն ասաց, որ երկրում չէ, իսկ Բորիս Նավասարդյանի հետ խոսել չհաջողվեց։ Նրանց հեռախոսները հասանելի չեն։
Պաշտոնյաները եւս թեմայի շուրջ լռություն են պահպանում։ Անգամ «Շողակաթի» նախկին տնօրեն Արա Շիրինյանը, որը Հանրային հեռարձակողի խորհուրդն էր նախկինում ղեկավարում, հիմա խորհրդի անդամ է, չցանկացավ կարծիք հայտնել։ Դեռ 1 տարի առաջ, երբ սկսվեցին «Շողակաթը» փակելու շուրջ առաջին քննարկումները, նա ասել էր, որ չգիտի, թե «Շողակաթը» փակելու հարցի ժամանակ ինքն ինչպես կարձագանքի։ Իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հարցին, թե արդյո՞ք հարցն իր հետ քննարկվել է, չպատասխանեց՝ ասելով, որ դիմենք ՀՌՀ մամուլի ծառայությանը։
ՀԳ․ Մամուլի իրավունքներով իբր զբաղվող հասարակական կառույցներն այսօր աշխատում են մամուլի դեմ։ Օրերս ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն ինքնակոչ ձեւով, առանց որեւէ դիմումի, որոշել է ուսումնասիրել ու բացասական եզրակացություն ներկայացնել վարչապետ Փաշինյանի եւ «Հրապարակ» թերթի միջեւ վեճի վերաբերյալ, որը ներկայում դատարանում է։ Ոչ ոք՝ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ առավել եւս «Հրապարակը», որը չի անդամակցում ԶԼՄ-ների էթիկայով զբաղվող որեւէ կառույցի, չէր խնդրել այդ մարմնին՝ եզրակացություն տալ։ Բայց սա պատրվակ էր՝ վարչապետին ցույց տալու, որ ԶԼՄ-ների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն իր կողքին են, պատրաստ են իրեն ծառայել ու պաշտպանել, չնայած վարչապետը, հաստատ, իրենց պաշտպանության կարիքը չունի։ Այդ «վերդիկտի» տակ, որը, փաստորեն, նաեւ դատարանի որոշման վրա ազդելու փորձ է, ստորագրել են այս նույն անձինք, ովքեր լուռ հետեւում են հերթական եթերազրկման ակտին՝ Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Մեդիանախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նունե Սարգսյանը, Արա Շիրինյանը, այլք։