Քաղաքականություն

«Հրապարակ». Ես ուրախ եմ Մեսրոպի եւ Մանեի հետ համագործակցության համար 

«Հրապարակ». Ես ուրախ եմ Մեսրոպի եւ Մանեի հետ համագործակցության համար 

Արցախում մշտական բնակության տեղափոխված IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը երեկ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ ունի կամ կարող է ունենալ քաղաքական հավակնություններ, ու եթե պետք լինի՝ նաեւ պաշտոն զբաղեցնել։ Պարզապես այդ ամենը ձեւակերպեց հետեւյալ կերպ․ «Մարդ, որ պատրաստ չէ դուրս գալու իր կոմֆորտ զոնայից ու անել էն, ինչ որ պետք է ազգին եւ հայրենիքին, ոչ թե իրեն է ձեռք տալիս, ուրեմն մինչեւ վերջ ազնիվ չէ։ Ես ասել եմ՝ այո, եթե պետք լինի, ամեն գործ էլ անելու եմ։ Մենք պաշտոնը նայում ենք որպես ծառայություն, ոչ թե որպես իշխանություն, որ ես եմ իշխանը ձեր բոլորի, այլ պաշտոնը դա է, որ ես ծառայում եմ ձեզ՝ այո»։

Մենք հարցրինք նաեւ, թե ինչպիսին է իր առնչությունն «Ապրելու երկիր» կուսակցության հետ, որի հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը նույնպես ներկա էին հանդիպմանը եւ կողքից հետեւում էին Վարդանյանի խոսքին։ 

Վարդանյանն ասաց, որ «Ապրելու երկիր» կուսակցության հետ ինքը համագործակցում է, եւ այդ համագործակցությունը գաղափարական է։

«Ես ուրախ եմ Մեսրոպի եւ Մանեի հետ համագործակցության համար, որովհետեւ գաղափարների շուրջ ենք պայմանավորվել, թե ոնց ենք մենք տեսնում Հայաստանը, ոնց ենք մենք տեսնում զարգացումը»,- ասաց նա։

Մեր հարցին՝ ի՞նքն է այդ կուսակցության հետեւում կանգնած կամ ֆինանսավորում այն, Վարդանյանն ասաց․ «Չէ, ո՞նց։ Առաջին հերթին ուզում եմ տեղեկացնել, որ կուսակցությունների ֆինանսավորումը՝ ամեն մարդ 5 հազար, թե ինչքան, ես չգիտեմ․․․ Մեսրոպ, օրենքը ո՞նց ա»։
Այստեղ օգնության հասավ Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ կուսակցությանն ով ֆինանսավորում է, իրենք հաշվետվությունը ներկայացնում են, որտեղ բոլոր ֆինանսավորողների անունները նշված են։ Այնուհետեւ, շարունակելով իր խոսքը, Ռուբեն Վարդանյանը հավելեց․ «Ես օգնում եմ հիմնադրամին, ես օգնում եմ էն ծրագրերը, որոնք  կարեւոր եմ համարում»։

Հետաքրքրվեցինք նաեւ՝ եթե վաղը համապետական ընտրություններ լինեն, հնարավո՞ր է ինքն առաջադրվի «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով՝ որպես վարչապետի թեկնածու։ «Դա անհնարին է, որովհետեւ մեր Սահմանադրությամբ չորս տարի պիտի սպասենք»,- ասաց նա։
Նկատեցինք, որ եթե ընդդիմությունը, օրինակ, մինչեւ այդ հեղափոխություն չիրականացնի, ապա պետք է չորս տարի սպասել։ Այստեղ Ռուբեն Վարդանյանը մեզ հորդորեց ժամանակից շուտ իշխանափոխության հարցով դիմել Էդուարդ Շարմազանովին, որը նույն հյուրանոցում էր գտնվում այդ պահին, որտեղ մենք Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպում էինք անցկացնում։

«Հիմա էստեղ է Շարմազանովը, կարող եք հարցնել»,- ասաց Արցախ տեղափոխված եւ չորս տարի անց միայն ընտրությունների միջոցով քաղաքական հավակնություններ ցուցաբերելու պատրաստ Ռուբեն Վարդանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image