Այլ

Հայաստանի համար առավել կարևոր է Վենսի հանդիպումը կաթողիկոսի հետ

Հայաստանի համար առավել կարևոր է Վենսի հանդիպումը կաթողիկոսի հետ

Հայաստանը այսօր շունչը պահած հետևում է՝ Ջեյմս Դեյվիդ Վենսը կգնա՞ Մայր Աթոռ, կհանդիպի՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Ճշմարտությունն այն է, որ հայ հանրության համար Վենսի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ունի շատ ավելի փոքր նշանակություն, քան հնարավոր հանդիպումը Կաթողիկոսի հետ։ Ոչ թե անձերի պատճառով, այլ խորհրդանիշների։

Ամերիկան պարզապես հերթական աշխարհիկ պետություն չէ․ այն քաղաքական մշակույթ է, որը ձևավորվել է քրիստոնեական արժեքների վրա։ Եվ հատկապես Վենսի նման գործչի պարագայում, ով գալիս է ամերիկյան պահպանողական, քրիստոնեական միջավայրից, Կաթողիկոսի հետ հանդիպումը կթվար բնական, ինքնաբերական քայլ։ Նույնքան բնական կլիներ նաև գերիների թեմայի բարձրաձայնումը՝ որպես մարդասիրական ու արժեքային հարց։
Եթե այդ շեշտադրումները չլինեն, շատերի համար դա այլևս չի ընկալվի որպես պատահականություն կամ արարողակարգային մանրուք։ Դա կընթերցվի որպես գիտակցված ընտրություն։

Ընտրություն՝ ընդունելու գործող իշխանության սահմանած նեղ օրակարգը և չխախտելու այն, նույնիսկ այն դեպքում, երբ լռության գինը արժեքային է։

Եվ եթե Ամերիկան, տեսնելով Հայաստանում Եկեղեցու նկատմամբ շարունակական ճնշումը և գերիների թեմայի համակարգային լռեցումը, համաձայնի խաղալ այդ կանոններով, ապա հանրության աչքում դա կընկալվի ոչ թե որպես
«Ամերիկա՝ քրիստոնյա երկիր», այլ որպես Ամերիկա՝ քաղաքական ուժ, որը պատրաստ է արժեքները զիջել շահերին։

Այդ դեպքում շատերի համար «արմատը» այլևս չի սահմանափակվի միայն Հայաստանի ներսում։ Այն կտեսնեն ավելի լայն աշխարհաքաղաքական պատկերում, որտեղ գործի է դրվում «իրենց համար պիտանի» ղեկավարը՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում հասարակության, Եկեղեցու կամ գերիների ճակատագրի հետ։

Եթե այդ հանդիպումը չլինի, դա միջազգային սկանդալ չի դառնա։ Բայց Հայաստանի ներսում այն կդառնա մի բան, որն ավելի վտանգավոր է սկանդալից՝ լուռ, խոր և երկարատև ճաք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image