2018-ին՝ ոտքը դեռ չդրած վարչապետի աթոռին, Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետ նշանակեց Վալերի Օսիպյանին։ Հանրությունը «տաք էր» , չէր հասկանում, թե ինչ է կատարվում և հալած յուղի տեղ ընդունեց «փրկիչի» բացատրությունը․
«Եթե վերցնենք այսօրվա չափանիշներով, ապա ոստիկանության համակարգում չկա բարձրաստիճան պաշտոնյա, որի նկատմամաբ չլինեն բացասական կարծիքներ: Իմ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Օսիպյանը կոռումպացված չէ: Նա որեւէ կլանի անդամ չէ. ոստիկանությունում առաջխաղացման համար գործել են «տանիք», «մեջք», «թիկունք»:
Օսիպյանը փողոցներում սեւագործ աշխատանք է կատարել: Նա այդ դիրքում հայտնվել է այն պատճառով, որ որեւէ կլանի կամ կոռուպցիոն գործարքի մաս չէ »։ Ասվեց՝ Հայաստանին հենց այսպիսի ոստիկանապետ էր պետք։ Խոսվեց նրա պրոֆեսիոնալիզմից։ Խոսվեց նրա «անկլան» լինելուց։
Վերջում քաղաքական ամենաուժեղ փաստարկն արեց․
«Ձեզ հայտնի օրը Վալերի Օսիպյանից ես անձամբ եմ տուժել, եւ եթե իմ վիրավոր ձեռքը դնենք մի նժարին, իսկ մյուսին՝ որեւէ կլանի անդամ չլինելը, ապա ինձ համար ընդունելի է երկրորդը»։
Քար էր ծակում։
Արցունք էր քամում ժողովրդից՝ վիրավոր ձեռք… մեծ սիրտ… ներողություն հանուն ապագայի…
Այդ օրը ոչ թե նշանակվեց ոստիկանապետ, այլ հասարակությանը ներկայացվեց «փոխված համակարգի ապացույց»։
Անցավ 8 տարի։ Հեղափոխական «արդարությունը» հասավ իր հանգրվանին, և հանկարծ լսում ենք՝ «Քիչ առաջ Մարտի 1-ին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու ևս մեկ նախկին պաշտոնատար անձի»։ Այսինքն՝ այն մարդը, որը ներկայացվեց որպես համակարգից դուրս կանգնած, կլաններից անկախ, կոռուպցիայից զերծ, 2026-ին նույն համակարգի ամենամութ էջերից մեկի մեղադրյալն է դառնում։ Այստեղ արդեն հարցը Օսիպյանի մասին չէ։ Հարցը քաղաքական գնահատականի մասին է։ Եվ հենց այստեղ հնչում է տրամաբանական հարցը․ բա ասում էիք՝ Օսիպյանը կլան չի, դրա համար ենք ոստիկանապետ նշանակում։ Ստացվում է՝ 2018-ին խաբեցիր, որ կլան չի, հիմա էլ խաբում ես, որ կլա՞ն է․․․ Նպատակը ինքնին քաղաքական է դառնում։