Մշակույթ

Մրցանակակիր ֆիլմեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ, քննարկումներ

Մրցանակակիր ֆիլմեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ, քննարկումներ

Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը՝ Երեւանում եւ Սիսիանում։ Կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադեւոսյանի տեղեկացմամբ՝ կինոփառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները, ինչի վկայությունն է 85 երկրից ստացված ավելի քան 850 հայտը։ Մրցութային ծրագրում այս տարի ընդգրկվել է 44 ֆիլմ՝ 23 երկրից, որից 27-ը՝ միջազգային, իսկ 16-ը՝ ազգային ծրագրում: Մշակույթի ապակենտրոնացման նպատակով փառատոնն անցկացվում է նաեւ մարզերում. այս տարի այն երեք օր կանցկացվի Սիսիանում՝ հունիսի 26-28-ը: Սյունիքի մարզը 6-րդն է, որտեղ մայրաքաղաքից դուրս իրականացվում է փառատոնը: Հունիսի 29-30-ը փառատոնը կանցկացվի Երեւանում, մասնավորապես՝ Հայաստանի կինոգործիչների միությունում, ինչպես նաեւ տեղի կունենան երեկոյան բացօթյա ցուցադրություններ Մանկական զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում:

«Կարեւոր իրադարձություններից է նաեւ Սիսիան քաղաքում անցկացվող ֆորումը, որին կմասնակցի արվեստի բուհերի շուրջ 100 ուսանող՝ համատեղ քննարկելու եւ վերլուծելու ոլորտում առկա խնդիրները: Ծրագիրը բազմազան է՝ ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում եւ հնարավորությունների ներկայացում»,- նշում է Գուժ Թադեւոսյանը:
Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ ներկայացված ֆիլմերի 30 տոկոսից ավելին միջազգային Ա դասի փառատոներին հաղթած կամ մասնակից ֆիլմեր են։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, որը չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ.՝ Նեբոյշա Սլիժեպչեւիչ, Խորվաթիա):

Հունիսի 29-ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երեւանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը եւ մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image