Հասարակություն

Ինչու Մերձավոր Արեւելքը նորից «ցնցվեց» ու «ցնցեց» աշխարհը

Ինչու Մերձավոր Արեւելքը նորից «ցնցվեց» ու «ցնցեց» աշխարհը

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, ըստ էության, մեկ շղթան է այն երեւույթի, որը կոչվում է աշխարհակարգի փոփոխություն, երբ հին աշխարհակարգը, որը սահմանվել էր Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո եւ որոշակի սրբագրումների ենթարկվել 1991 թվականին, այլեւս կազմաքանդման անշրջելի պրոցեսի մեջ է, իսկ դրան փոխարինելու եկող նոր կամ բազմաբեւեռ աշխարհակարգը դեռ ձեւավորման կամ, ավելի պատկերավոր ասած՝ «ծննդաբերության» փուլում է։ Այդ նույն երեւույթի մաս էր նաեւ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Ու դատելով ընդհանուր տրամաբանությունից՝ դեռ ամեն բան չէ, որ վերջնականապես բյուրեղացած, կարծրացած վիճակում է, ու այսօր կարելի է սպասել նույնիսկ ամենաանկանխատեսելի փոփոխությունների։

Վերադառնալով կոնկրետ Մերձավոր Արեւելքին։ Սա տարածաշրջան է, որը մարդկային քաղաքակրթության եւ կրոնական օրրաններից է եղել, նաեւ՝ մշտապես աչքի է ընկել իր անհանգիստ ոգեկանությամբ։ Սա տարածաշրջան է, որտեղ խաչվում եւ խաղաղ գոյակցում են մշակույթները, կրոններն ու ավանդույթները, եթե կան փոխադարձ հարգանք, մեկմեկու գնահատանք եւ հոգածություն, սակայն նաեւ՝ տարածաշրջան է, որը կարող է ցնցել ողջ մոլորակը, եթե դարերով, նույնիսկ՝ հազարամյակներով ձեւավորված բալանսավորման «կշռաքարերում» անգամ ամենափոքր փոփոխություններ են լինում։ Ի՞նչ եղավ, մեծ հաշվով, որ տարածաշրջանում «փոթորիկ» բարձրացավ։ Տարածաշրջանը, ըստ էության, գիտակցեց, որ, բացի այլոց համար «դրամապանակ» ծառայելուց, ինքը նաեւ ուժ է եւ ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհում կարող է լինել բեւեռներից մեկը։

Մի քանի տարի առաջ, օրինակ, անգամ հնարավոր չէր լինի պատկերացնել, որ Սաուդյան Արաբիայի միապետն ԱՄՆ պետքարտուղարին նույնիսկ մեկ ժամ սպասեցներ, իսկ հիմա ամերիկյան ամենից հեղինակավոր պարբերականներից մեկն է վկայում, որ սաուդական գահաժառանգը, որն ունի բավական հավակնոտ բնավորություն, ամբողջ գիշեր սպասեցրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին։ Սա կարող է նշանակել, որ, ընդհանուր ձեւակերպմամբ ասած՝ Արաբական Արեւելքը, որ մեծամասնաբար ԱՄՆ դաշնակիցների շարքում էր եւ հաճախ հասկանալով, որ չի կարող հակադարձել ամերիկյան ճնշմանը, այժմ, օգտվելով Արեւելք-Արեւմուտք նոր առճակատումից, որոշել է վրեժխնդիր լինել եւ դուրս գալ իր համար ոչ այնքան հաճելի ազդեցության ոլորտից։ Հատկապես, որ հակառակ ճամբարից էլ քաջալերում են դա եւ խոստանում շատ ավելի արժանապատիվ տեղ իրենց ճամբարում։ Շատերի համար սա զուտ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի պատերազմն է, սակայն իրականում սա քաղաքակրթական պայքար է, Արեւելք-Արեւմուտք պայքարի ճակատներից մեկը (երբեք տարօրինակ չպետք է համարել Ռուսաստանի դիրքորոշումն ու ՀԱՄԱՍ-ի՝ Մոսկվային հայտնած երախտագիտությունը)։

Մենք Երեւանից, Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից կամ այլ քաղաքից տեսնում ենք միայն երեւույթների մակերեսային մասը, սակայն դրանք ունեն անհամեմատ ավելի ծավալուն խորքային բաղադրիչներ, որոնք զուտ քաղաքական չեն, այլ նաեւ՝ կրոնական, մշակութային, քաղաքակրթական։ Եվ հաշվի առնելով, որ խոսում ենք Մերձավոր Արեւելքի մասին, որտեղ ամեն բան խիստ յուրօրինակ է, ապա նաեւ այնտեղ տեղի ունեցողի մասին պետք է դատողություններ անել՝ տեղի տրամաբանության եւ պատկերացումների, աշխարհայացքի եւ աշխարհընկալման սահմաններում։ Իսկ եթե դա անում ենք մեր ձեւով, ապա ընդամենը մնում ենք մակերեսային մակարդակում։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ պետք է Արաբական Արեւելքը շարունակի մնալ որպես ԱՄՆ կցորդ, եթե կարող է դառնալ ինքնուրույն բեւեռ։ Եթե Թուրքիան է փորձում հավակնել թյուրքական աշխարհի առանցքը դառնալուն (թեեւ այդ հավակնությունները կյանքի կոչելը կարելի է համարել քիչ հնարավոր Էրդողանի վերջին վերընտրությունից հետո, որը նրան, մեծ հաշվով, դարձրեց «կաղ բադիկ»), ապա ինչո՞ւ դա չի կարող անել Արաբական Արեւելքը, որի, այսպես ասած, վերահսկողության ներքո են գտնվում համաիսլամական նշանակություն ունեցող գրեթե բոլոր սրբավայրերը։ Ներկայիս հակամարտությունը, հետեւաբար, այս գլոբալ շղթայի մեկ օղակն է, իսկ նման բազմաթիվ օղակներ կան թե՛ ողջ աշխարհում, թե՛ հենց Մերձավոր Արեւելքում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image