Մեր ժամանակների թերեւս ամենաանհեթեթ իրողություններից մեկն այն է, որ ստիպված ենք ծնողներին, երիտասարդներին, մեծ ու փոքրին անդադար համոզել, որ մարդկության պատմության ընթացքում առաջինը նստակյաց դարձած հայ մարդը չի կարող քիմքը-քիթը վեր տնկել, փախչել ագրարային ոլորտից: Հացդ ինքդ ստեղծիր՝ արժանապատվորեն, եւ այլոց ձեռք մի մեկնիր:
Տրամաբանական չէ, բայց սա է պատկերը՝ գոյատեւել առանց տրամաբանության: Վերջին տարիներին փորձում եմ համաշխարհային աստղերի, արվեստագետների օրինակները գտնել-բերել, որոնք աշխարհիկ պերճանքի ու շքեղության պայմաններում նախապատվությունը տալիս են կյանքի թոհուբոհից, աչք ու ականջից հեռու՝ ագարակում աշխատել-պատսպարվել-ապաստանել-երջանկանալուն: Օրինակները շատ են, հատկապես հոլիվուդյան «մեգաաստղերի» փաղանգում: Սակայն միայն Հոլիվուդը քիչ է, բազմակողմ որոնումները շարունակում էի՝ այս անգամ գեղանկարիչների ուղղությամբ: Ռուսալեզու աղբյուրն ընդամենը 2-3 անուն էր բերում եւ մեկը՝ առաջինը. «անեցի ծնողների զավակ Մարտիրոս Սարյան»:
Վարպետի ընտանիքը, ծնողները հանապազօրյա հացը ստեղծել-արարել են իրենց ձեռքերով: Ասում են՝ աստվածատուր շնորհներով օժտված արվեստագետն էլ սիրում էր մշակել իր առանձնատան փոքրիկ պարտեզը, իր կերտած դրախտավայրը:
Հայրս պատմում էր, որ ուսանողական տարիներին կուրսով (1960-ականների սկիզբ, ԵՊՀ բանասերներ) սիրում էին հաճախ այցելել Վարպետին, վայելել նրա բարեկամական մեղմ շփումը, որ հաճախ ընկերական զրույցի էր փոխվում: Սարյանը «դասատվությամբ» չէր տառապում, հանդարտ զրուցում էր, լսում երիտասարդներին:
Հերթական այցը ամառային քննաշրջանից հետո էր: Երեւանյան տապն արդեն զգալի էր, միրգ-բարիքներն էլ կամաց-կամաց «աչքով էին անում» ճյուղերի արանքից:
- Աաաա, եկաք, ուսանողներ, սոված չե՞ք, քաղցած կլինեք,- ընկերաբար հարցնում է Վարպետը:
Հայտնի բան է՝ գրեթե անխուսափելի վիճակագրություն, բոլոր կուրսերում էլ լինում են 1-2 պատեհապաշտ-սինլքոր եւ անպատճառ ինքնավստահ ու մեջընկան երիտասարդներ, ահա եւ նա.
- Քաղցած ենք, Վարպետ, արվեստի անհագ քաղցից ենք տանջվում:
- Էէէէէ, ի՞նչ ես խոսում, տղա,- քթի տակ ժպտում ու մի փոքր հանդիմանանքով ասում է Սարյանը,- երիտասարդ մարդը, ուսանողը միշտ սոված է, անկախ նրանից՝ ծնողների տանն է, թե, առավել եւս՝ մենակ, հանրակացարանում: Գնացեք պարտեզ, օգտվեք բնության տված անուշահամ բարիքներից…,- սիրալիր ասում է Վարպետը:
Բարիքներ, որ Արվեստագետն արարում էր իր ձեռքերով եւ Հայաստանի անշփոթելի գույնը-անույշ համը-բույրը այդքան ճշգրիտ հանձնում էր կտավին ու փոխանցում գալիքին, հավերժական ժամանակին…
ՀԳ 1․ Թող բարի, գիտելիքահենք լինի մեկնարկող ուսումնական տարին՝ բոլոր սովորող-սովորեցնողների եւ բազմաչարչար ծնողների համար:
ՀԳ 2․ Լուսանկարում բանասերներ-ուսանողների հերթական այցն է մեծ Վարպետի տուն-արվեստանոց: Ամառային նկար չկա, հավանաբար, երիտասարդները կլանված են եղել սարյանական բարիքները վայելելով, նկարվելու ժամանակ չեն ունեցել:
Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Մշակութաբան