Հոկտեմբերի 1-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Երեւանում բնակվող, նախադպրոցական կրթության կարիք ունեցող քանի՞ երեխա կա, որոնք նախադպրոցական հաստատություն չեն հաճախում՝ այդ հաստատություններում ազատ տեղեր չլինելու պատճառով։ Երեւան քաղաքում ներկայում քանի՞ մանկապարտեզի շենք է նորոգվում, դրանցից քանիսի՞ նորոգման ժամկետներն են խախտվել։ Քաղաքապետարանն իմ հարցմանը պատասխանելու համար օրենքով նախատեսված առավելագույն՝ 30-օրյա ժամկետ էր խնդրել, որից հետո պատասխանել է․ «Հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված է տարբեր տարիքային խմբերի շուրջ 8 հազար 900 երեխա, որոնց նախադպրոցական կրթությունը հնարավոր է կազմակերպել 2026-2027 ուսումնական տարում, քանի որ ներկայում հաճախող շուրջ 9 հազար երեխա 2026-2027 ուսումնական տարում հաճախելու է դպրոց: Շինարարության եւ բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքում ներկայում հիմնանորոգվում է 4 մանկապարտեզ՝ թիվ 41, թիվ 95, թիվ 105, թիվ 140: Թիվ 41 եւ թիվ 105 մանկապարտեզների շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտել սույն թվականի վերջին, իսկ հհ․ 95, 140-ը՝ 2026 թվականի առաջին եռամսյակում:
Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի հիմնանորոգման եւ բակի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի եւ «Էլդոգար» ՍՊ ընկերության միջեւ 27.03.2023թ. կնքված ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/36 ծածկագրի գնման պայմանագրի շրջանակում։ Պայմանագրով նախատեսված ժամկետ է սահմանվել 17.07.2025թ․: Նոր Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Երեւանի քաղաքապետարանի եւ «Լիլանարմ» ՍՊ ընկերության միջեւ 19.04.2023թ. կնքված ԵՔ-ԲՄԱՇՁԲ- 23/43 ծածկագրով գնման պայմանագրի շրջանակում։ Պայմանագրով նախատեսված ժամկետ է սահմանվել 21.01.2025թ․: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 95 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի եւ «Էնջինիրինգ» ՓԲ ընկերության միջեւ 01.07.2022թ. կնքված ԵՔ-ԲՄԱՇՁԲ- 22/75 ծածկագրով գնման պայմանագրի շրջանակում։ Պայմանագրով նախատեսված ժամկետ է սահմանվել 01.07.2023թ․: Շենգավիթ վարչական շրջանի հ․ 140 մանկապարտեզի հիմնանորոգման եւ բակի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի եւ «Ժիլյո» Ա/Կ-ի միջեւ 06.02.2023թ. կնքված ԵՔ_ԲՄԱՇՁԲ-23/13 ծածկագրով գնման պայմանագրի շրջանակում։ Պայմանագրով նախատեսված ժամկետ է սահմանվել 23.10.2024թ․: Միաժամանակ տեղեկացնում եմ որ պայմանագրերին առնչվող համապարփակ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ անցնելով հետեւյալ հղումով»:
Ի՞նչ է ստացվում․ մայրաքաղաքի մանկապարտեզներում տեղ չլինելու պատճառով նախադպրոցական տարիքի 8 հազար 900 երեխա այժմ մանկապարտեզ չի հաճախում, իսկ քաղաքապետարանից ասում են, որ այժմ մանկապարտեզ հաճախող 9 հազար երեխա հաջորդ տարի դպրոց կհաճախի, ու մանկապարտեզներում տեղեր կբացվեն։ Բայց չէ՞ որ հաջորդ տարի Երեւանի հազարավոր մանուկներ մեծանալով՝ կդառնան մանկապարտեզ հաճախելու տարիքի, եւ նրանց՝ մանկապարտեզում տեղավորելու հարցը կմնա բաց։ Քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկի շինարարական կազմակերպությունների կողմից մանկապարտեզների շենքերի նորոգման ժամկետները տարիներով ուշացնելու եւ պայմանագրային պարտավորությունները խախտելու դեմ։ Ինչպես նաեւ նոր շենքեր հատկացնի եւ նոր մանկապարտեզներ բացի՝ առկա պահանջարկը բավարարելու համար։