2021-ի խորհրդարանական ընտրություններին Քաղպայմանագիրը ընտրողներին ներկայացավ նախընտրական ծրագրով, որտեղ առանձին բաժնով ներկայացրել էր Արցախյան հիմնախնդիրը եւ նշելով իրենց անելիքները առաջիկա 5 տարիների ընթացքում։
Գրել էին, որ Արցախը կարեւոր դեր պետք է ունենա նաև տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման և տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ծրագիրը կյանքի կոչելու համար եը ոչ մի ծրագիր չի կարող իրականացվել` «Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»։
Այսօր՝ ընտրություններից 3 տարի անց, Արցախը հայաթափված է։ ՔՊ-ն խաբե՞լ է իր ընտրողներին։
Զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
«Տրամաբանությունը հետևյալն է․ Փաշինյանը 21 թվականից խաբել է ՀՀ-ի քաղաքացիներին՝ խոստանալով մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծել Արցախյան հիմնախնդիրը՝ ազատագրել նաև Հադրութը, Շուշին։ Բայց Փաշինյանը, ով բանակցում էր Մադրիդյան սկզբունքներին հակառակ սկզբունքներով, հետագայում կասկածի տակ դրեց՝ չարախոսեց, վատաբանեց Մադրիդյան սկզբունքները։ Եթե, այդ սկզբունքները վատն էին, ինչի՞ էր բանակցում այդ ծրագրով, երկրորդը` Շուշիի մասով, երբ արտահերթ ընտրություններից 2 ամիս անց Արարատ Միրզոյանը ԱԺ-ում իմ հարցին ի պատասխան խուսափեց Շուշին և Հադրութը համարել օկուպացված, բառիս բուն իմաստով` հրաժարվեց, և դա Երևանում, ոչ թե այլ երկրում, այլ քաղաքում։ Ես վստահ եմ՝ ժողովրդի այն հատվածը, որն իր ձայնը տվել է Փաշինյանին, այդ խաբեության համար պատասխան է պահանջելու, և խոսքն այս պարագայում ոչ միայն այն մասին է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների ՀՀ-ում ազգաբնակչության 25%-ը Փաշինյանին համարում է դավաճան, այսինքն` Հայաստանում ամեն 4-րդ մարդը նրան համարում է դավաճան, և սա խնդրում եմ, եկեք չշփոթենք Փաշինյանի ռեյտինգի հետ, որը էլ ավելի ցածր է։ Այս փաստերի համադրումից ակնհայտ է, որ Փաշինյանն իրավունք չունի բանակցել ՀՀ-ի անունից»
-Իրավական ինչ-որ մեխանիզմներ կա՞ն, որով հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել Փաշինյանին, նրա քաղաքական թիմին, որ չեն իրականացրել իրենց նախնտրական խոստումները։
-Նախընտրական ծրագիրը կյանքի չկոչելու համար իրավական մեխանիզմներ չկան, որով հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել։ Կա մեկ հնարավորություն, որի մասին ընդդիմությունը միշտ խոսում է, այն է՝ Փաշինյանին անվստահություն հայտնելն է։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է փողոցի աջակցությունը։ Եթե պահանջը դրվի քվեարկության և 72 ժամվա ընթացքում տապալվի այս պրոցեսը, այլևս 1 տարի չենք կարողանալու այս պահանջով երկրորդ անգամ դիմել։ Այս հարցը կմեկնարկենք այն ժամանակ, երբ 100%-ով վստահ կլինենք, որ կհասնենք հաջողության։ Մենք կարող ենք այս հարցում հաջողության հասնել միայն փողոցի ճնշմամբ։
Ստորև ներկայացնում ենք ՔՊ-ի 2021 թ. նախնտրական ծրագիրը Արցախի մասին։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ և ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերի վրա: Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը: Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով: Արցախյան հիմնախնդիր 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեծ կորուստներ են կրել: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ զոհաբերել են իրենց կյանքը հանուն սեփական հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու բարօրության: Մենք ունեցել ենք նաև ահռելի տարածքային և նյութական կորուստներ: Սակայն մեր ժողովուրդը և բանակը գերմարդկային ջանքերի և հսկայական զոհողությունների գնով կարողացել են կանխել Արցախի ամբողջական հայաթափումը և արցախյան պետականության ոչնչացումը: Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը՝ Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների օժանդակությամբ և ուղղակի ներգրավվածությամբ, ուժի գործադրմամբ է փորձել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը՝ այդպիսով խախտելով ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործման միջազգային իրավական սկզբունքը։ Միջազգային իրավունքի ընձեռած բոլոր մեխանիզմներով հետամուտ ենք լինելու ագրեսիայի ընթացքում ռազմական հանցագործությունների և հանցագործների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն։
• Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
• Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։
• Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:
• Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
• Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:
• Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։
• Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները: