Նախօրեին՝ կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշին, որը, ըստ նրա, գնաճի նկատմամբ տասնյակ անգամով ավելի բարձր է․ «Ուզում եմ անդրադառնալ տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշին, որը 2024-ի արդյունքներով կազմել է 287,172 դրամ, որը 2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով կամ 66.3 տոկոսով: Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25.3 տոկոս: Այսինքն, մեզ մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է: Իհարկե, գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է, բայց մենք 2 տարի ունեցել ենք մեր պլանավորածից ավելի գնաճ: Չնայած նախորդող տարիներին ունեցել ենք մեր թիրախից պակաս գնաճ: Բալանսավորված առումով, իհարկե, այս ցուցանիշների համեմատությունը կարեւոր է, բայց չեմ կարող չնկատել՝ այս 40 տոկոս պլյուսը վերաբերում է աշխատող մարդկանց: Պարզ է, որ գործազրկության վիճակում գտնվող մարդիկ այս գնաճի ցուցանիշն այլ կերպ են զգում իրենց վրա: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ 2024-ին 2023-ի նկատմամբ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 24-ի արդյունքներով 23-ի նկատմամբ եղել է 6.4 տոկոս: Այսինքն, ստացվում է՝ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը»:
Տնտեսագետ Սուրեն Փարսյանը, անդրադառնալով Ն․ Փաշինյանի ներկայացրած թվերի վիճակագրությանն ու այն պնդմանը, որ 2024-ին տասնյակ անգամով ավելի մեծ աշխատավարձի աճ է գրանցվել, նկատում է, որ առհասարակ նորմալ է, երբ բերվում է համեմատություն անվանական աշխատավարձի եւ գնաճի միջեւ, որը թույլ է տալիս գնահատել մարդկանց իրական գնողունակությունը եւ իրական աշխատավարձը չափել՝ հաշվի առնելով գնաճի տեմպը։ «Մենք հատկապես 2022-ին ունեցել ենք շատ բարձր գնաճ՝ 8 տոկոսից ավելի, հետագայում՝ 2023-ին, գնաճն իջավ մինչեւ 2 տոկոս եւ, այո՝ 2024-ին հասավ մինչեւ 0.3 տոկոս։ Ինչպես բարձր գնաճը, այնպես էլ ցածր գնաճը լուրջ խնդիրներ է առաջացնում տնտեսության համար։ Ցածր գնաճի պայմաններում տուժում են տեղական արտադրողները, դրա վառ օրինակը մեր տեղական արդյունաբերության անկումն է, մասնավորապես՝ այցեքարտ հանդիսացող սննդի ոլորտը, օրինակ՝ գինեգործությունը, կաթնամթերքի, մասամբ՝ նաեւ մսամթերթի արտադրությունը եւ այլն։ Ցածր գնաճը միշտ չէ, որ տնտեսության համար լավ է, որովհետեւ եթե չկա գնաճ, դա նաեւ որոշակի առումով զսպում է տնտեսական աճը»,- ասում է տնտեսագետն ու նկատում, որ անցած տարի գնաճի տեմպը ցածր էր՝ պայմանավորված նաեւ արտաքին գործոններով։ «Մասնավորապես դրամն էր կրկին գերարժեւորվել, եւ ներկրվող ապրանքների գները՝ էժանացել, դրան գումարած՝ զարգացել էր նաեւ օնլայն առեւտուրը, որը թույլ էր տալիս էժան ապրանքներ ձեռք բերել, եւ տեղական վերավաճառողները պարտադրված էին նաեւ վերանայել իրենց գները եւ այլ հանգամանքներ եւս։ Նորից արձանագրենք՝ գնաճի մակարդակը եղել է ավելի ցածր, քան անվանական աշխատավարձի աճը»։
Ինչ վերաբերում է 6.4 տոկոս աշխատավարձի աճին, ինչպե՞ս է այն հաշվարկվում եւ համադրվում ներկայիս սոցիալ-տնտեսական պատկերի հետ, Ս․ Փարսյանը նկատում է․ «Անվանական աշխատավարձի աճը հաշվարկվում է միջին թվաբանականով, այսինքն՝ բոլոր աշխատավարձերը գումարում են իրար ու բաժանում են աշխատողների թվի վրա, բայց այնպես չէ, որ բոլոր աշխատողների աշխատավարձերը նման աճ են արձանագրում։ Մենք ունենք IT ոլորտ, որոնց միջին աշխատավարձը 1.1 մլն դրամ է կազմում, ունենք ֆինանսաբանկային ոլորտ, որն անցած տարի բավականին մեծ շահույթներ է ստացել եւ թույլ է տվել իրեն բարձրացնել աշխատավարձերը, ունենք պետական սեկտոր, որտեղ պարգեւավճարներ են առատորեն բաշխվում, բայց դրա կողքին ունենք նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ կամ հենց առեւտրի ոլորտում զբաղված մարդիկ, որոնց աշխատավարձի դեպքում էական բարձրացում չի եղել։ Բացի այդ նշեմ, որ գնաճի մակարդակը հաշվարկվում է մոտ 450 ապրանքների միջինացված թվերով, իսկ հայ սպառողների ու մեր երկրի պարագայում, երբ ամեն 4-րդն աղքատ է, այս մարդիկ իրենց եկամտի զգալի մասը ծախսում են սննդի վրա, իսկ սնունդը մեզ մոտ 2024-ի ընթացքում, մասնավորապես բանջարեղենն ու միրգը, մոտավորապես երկնիշ գնաճ են արձանագրել, իսկ առանձին բանջարեղեններ նույնիսկ 20 տոկոսի գնաճ են արձանագրել։ Այսինքն՝ մարդիկ ներկայում իրենց գումարը ծախսում են ավելի շատ բանջարեղենի ու մրգի վրա՝ հաշվի առնելով իրենց եկամուտների չափը, աղքատության մակարդակը, սպասումները եւ այլն»։
Տնտեսագետը նկատում է՝ մի շարք ապրանքներ կտրուկ թանկացան, այդ թվում՝ ծխախոտը, իսկ դա տեղի ունեցավ ակցիզային հարկի թանկացման հետեւանքով․ «Մենք բավականին բարձր գնաճ ունենք նաեւ կրթության ոլորտում, տրանսպորտի պարագայում՝ մոտ 9 տոկոս, բայց էլի եմ ասում՝ այդ գնաճը միջինացված 450 ապրանքների համար է հաշվարկվում, դրա մեջ մտնում են հագուստ, կոշիկ, տնտեսական, գրենական ապրանքներ եւ այլն, բայց կան առանձին ապրանքներ, որոնք մեր ժողովրդի սպառողական զամբյուղի մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն, այդ ապրանքներն ավելի շատ են թանկացել, եւ, հետեւաբար, երբ մեր հասարակությանը ներկայացնում ենք, որ ընդամենը 0.3 տոկոս է գնաճը եղել, մեր հասարակությունն արդարացիորեն ընդվզում է, քանի որ ինքն այդ 450 ապրանքները չի գնում, այլ գնում է, ենթադրենք, 20-30 ապրանքներ, որոնց զգալի մասը թանկացել է, կամ էլ ինքը չի մտնում այն 6.4 տոկոսի մեջ, որոնց աշխատավարձը 6.4 տոկոսով աճել է։ Այս կոնտրաստը պայմանավորված է նրանով, որ իրենք վերցնում են մակրո ցուցանիշներ՝ առանց գնահատելու այդ ցուցանիշների օբյեկտիվությունը, մեթոդաբանությունը եւ գետնի վրա ռեալ մարդկանց կյանքը։ Այսինքն՝ թվերով ամեն ինչ նորմալ է, բայց ժողովուրդը շարունակում է վատ ապրել։ Ինչպես նկատեցիք, ես չհերքեցի այդ թվերը ու չեմ էլ կարող հերքել, քանի որ չունեմ այդ մեթոդաբանությունը, բայց պետք է տարբեր գործոններ հաշվի առնենք՝ գնահատելու մարդկանց իրական կյանքը, կենսամակարդակը»։