Եվս 2 տարի, եւ Ծաղկաձորում մեկը մյուսի հետեւից շահագործման կհանձնվեն բազմահարկ շենքեր․ հանգստավայր քաղաքի հենց կենտրոնում արդեն իսկ կառուցվում է «Պալլադա» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը: 2 բազմահարկ հյուրանոց էլ կառուցվում է քաղաքի ծայրամասում: Եվս 3 բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր պետք է կառուցվի քաղաքի տարբեր հատվածներում: Մի խոսքով, իշխանությունը որոշել է բնաջնջել Ծաղկաձորը, դարձնել քարե քաղաք:
Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասում է, որ քաղաքի կենտրոնում բազմահարկ շենքերի շինթույլտվություն այլեւս չի տրվելու: Բայց արդեն այնքան շենքի թույլտվություն են տվել, որ դա չի փրկելու վիճակը: Ծաղկաձորի սկզբնամասում, «Կոսմոս» խաղատան մոտ նախատեսվում է 10 հատ 12 հարկանի շենքերի համալիր կառուցել: Տարածքը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հորը՝ Սոս Հակոբյանին: Այդ տարածքը գյուղատնտեսական նշանակության հող է եղել եւ երկար տարիներ օգտագործվել է Սոս Հակոբյանի կողմից, վերջերս` 2023 թվականին, համայնքի ավագանու որոշմամբ, փոխվել է հողի գործառնական նշանակությունը, որ Հակոբյանները շենքերի բիզնես անեն. «Հավանություն տալ՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող «ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Պահլավունյաց փողոցի 73 հասցեում գտնվող 3,929125 հա մակերեսով հողամասից (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0246) 0,17 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված նպատակային եւ գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային եւ գործառնական նշանակության հողամասի»:
2024 թ. փետրվարին Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը նախագծման թույլտվություն է տվել, ըստ որի՝ կկառուցվի բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր, որը բաղկացած է մինչեւ 9 վերգետնյա եւ 1 ստորգետնյա հարկով 12 մասնաշենքից: 3.9 հա հողամասի մինչեւ 40 տոկոսը կառուցապատվելու է, մնացած՝ 60 տոկոսը կանաչապատ գոտի է լինելու։ Ծաղկաձորի համայնքապետարանում նախագծի վերաբերյալ մեկ հանրային լսում է եղել, թեեւ օրենքը երկու հանրային լսում է պահանջում: Նախագիծը հետագայում պետք է ՇՄԱԳ` շրջակա միջավայրի ազդեցության գնահատման տրվի եւ համալիր փորձաքննության ենթարկվի, որից հետո կտրվի շինթույլտվությունը՝ մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Հարությունյանը. «Հիմա օրենքը փոխվել է, եթե հանրային քննարկում է լինում, պետք է ավագանին որոշում կայացնի: Հանրային քննարկումից հետո ավագանին նույնպես պետք է համաձայնություն տա, դրանից հետո գնում է համալիր փորձաքննության: Երբ լինի դրական եզրակացություն գերատեսչությունների կողմից, նոր համայնքի ղեկավարը շինարարական թույլտվությունից առաջ կրկին հանրային քննարկում կնշանակի»:
Նկատեցինք, որ տեղում ինչ-որ աշխատանքներ են իրականացնում, եթե չկա շինթույլտվություն, ի՞նչ աշխատանքներ են: «Հիմա տվյալ տեղում հորատման աշխատանքներ են անում»: Քաղաքապետին հարցրինք՝ այդպիսի հսկայական ծավալով շինարարության թույլտվությունն ինչո՞ւ են տվել` քաղաքն ինչպե՞ս կարելի է այդքան ծանրաբեռնել։ «Կոմունիկացիայի խնդիր չունենք, չի խանգարում, ինչի՞ է ծանրաբեռնվում՝ բնակչությամբ, ավելի լավ, թող շատ գան»:
- ՔՊ-ական պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանն ու Խաչատուր Սուքիասյա՞նն են կառուցում այդ կոմպլեքսը:
- Քաղաքաշինություն բաժնի գլխավոր ճարտարապետն ինձ նախագիծ է ներկայացնում, դրա հիման վրա թույլտվություն եմ տալիս: Ես «Սատուրնավան» ՍՊԸ-ին եմ միայն նախագծման թույլտվություն տվել, ես ոչ մեկի հետ գործ չունեմ, տերերի հետ չեմ շփվում:
- Բայց Ձեզ չի՞ հետաքրքրում, թե քաղաքում ովքեր են շինարարություն անում:
- Ինչի՞ս է պետք, դա ի՞նչ է ինձ տալու, որ իմանամ, թե ով է քաղաքում շինարարություն անում:
- Վերջին շրջանում ՔՊ-ականները լայն թափով շինարարություն են անում:
- Դե հիմա՝ Դուք եք էդպես մտածում:
- Միայն ես չեմ մտածում, մամուլը գրել է, որ Վաղարշակ Հակոբյանն ու Խաչատուր Սուքիասյանը միասին բազմահարկ շենքեր են կառուցում:
- Դե էդ է, Դուք եկել, ասում եք: Հա, կարդացել եմ, ես ոչինչ չգիտեմ, ինձ «Սատուրնավան» ՍՊԸ-ն է դիմել:
Բնապահպան Մովսես Մանուկյանը, ով մասնակցել էր հանրային քննարկմանը, մեզ հետ զրույցում ասաց. «Տարածքն անտառներից հեռու է, քանի որ հողը գյուղատնտեսական հող է, բայց մենք հարց բարձրացրինք, որ սեւահողերը չթափեն աղբի հետ, այլ մի տեղ կուտակեն, հետո կանաչապատման համար օգտագործեն: Տվյալ տարածքը գյուղատնտեսական նշանակություն ուներ, արդեն կառավարության որոշմամբ փոխել են հողի նշանակությունը: Նաեւ խմելու ջրի հետ կապված խնդիր կա, քանի որ գիծը միանալու է քաղաքի ընդհանուր ջրագծին: Եթե հաշվենք, թե քանի բնակարան է կառուցվում այդ տեղում, մոտավոր` Ծաղկաձոր քաղաքից ավելի շատ բնակիչ կլինի»:
2018 թվականին իշխանության եկած պաշտոնյաները չեն բավարարվում մի քանի հարկ ունեցող քոթեջներով, ձգտում են ունենալ ավելին՝ բազմահարկ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ, որոնք միլիոնանոց եկամուտներ կապահովեն: Եվ դրա համար, եթե հարկ լինի, անգամ քաղաքի հատակագիծ կփոխեն, միայն իրենց ուզած էլիտար շենքերը կառուցեն:
Նշենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Ծաղկաձորում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անտառների սեփականաշնորհման հետ կապված քրեական գործեր հարուցվեցին, որոշ գործերի քննությունը մինչ օրս շարունակվում է:
Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գարիկ Բադալյանից հետաքրքրվեցինք՝ նախկին պաշտոնյաների կողմից անտառների սեփականաշնորհման հետ կապված քրեական գործերն ի՞նչ ընթացք ունեն, Ծաղկաձոր համայնքին տարածքներ վերադարձվե՞լ են։ «Այո, վերադարձվել են, ես չեմ կարող այս պահին ասել, թե քանիսն է դատական պրոցեսի մեջ: Եղել է դեպք, որ վճիռը կայացվել է, եւ տարածքը հանձնվել է համայնքին»:
Այդ դեպքում ի՞նչ կարգով է գյուղատնտեսական հողի նշանակությունը փոխվել բնակելի կառուցապատման, այն էլ` 2018-ից հետո, եթե նախկիններն անտառ էին սեփականաշնորհում, եւ նրանցից հողերը հետ են վերցվել, այս պարագայում էլ գյուղատնտեսական հողի նշանակությունն է փոխվում, որ բազմահարկեր կառուցեն։ «Դա մի պրոցես է անցնում, որն այդքան էլ հեշտ չէ փոխել: Ծաղկաձոր համայնքը գրեթե գյուղնշանակության հող չի ունեցել, եթե եղել է, ապա մյուս համայնքներից է փոխանցվել: Տվյալ տարածքում կարող է հողն օգտագործել են գյուղատնտեսության նպատակով, բայց իր նպատակային նշանակությունը գյուղատնտեսական չի եղել: Ծաղկաձոր համայնքը 90-ական թվերին ընդhանուր սեփականաշնորհում է եղել` բնակելի եւ բնակավայրերի կառուցապատում, հետո՝ 2000-ին, եղել է հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված տարածք»: