Քաղաքականություն

ՀՀԿ քաղաքական դպրոցի՝ հետաձգված ընդունելությունը կմեկնարկի սեպտեմբերին 

ՀՀԿ քաղաքական դպրոցի՝ հետաձգված ընդունելությունը կմեկնարկի սեպտեմբերին 

Երեկ, ինչպես նշել էինք, Հանքավանում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության հիմնած «Անվտանգության ակադեմիայի» փակման և շրջանավարտներին սերտիֆիկատների հանձնման արարողությունը։ Այն կուսակցական-քաղաքական դպրոց է, որտեղ ուսուցանող երիտասարդները ամենատարբեր թեմաներով դասախոսությունների ու հանդիպումների են մասնակցում։ Այս օրերին մեկնարկել է նաև Ազգային ժողովի նախաձեռնած «Ամառային դպրոցը», որի շրջանակներում դպրոցական աշակերտներին տարբեր թեմաներով դասախոսություններ են կարդում իշխանական և ընդդիմադիր պատգամավորները, նաև տարբեր ոլորտների պաշտոնյաներ։ 

Քաղաքական դպրոց հիմնելու ավանդույթը, հիշեցնենք, ներդրել է ՀՀԿ-ն։ Առաջինը Հանրապետական կուսակցությունն էր, որ կուսակցության ներսում քաղաքական դպրոց հիմնեց՝ այն կոչելով ՀՀԿ հիմնադիրներից Անդրանիկ Մարգարյանի անունով։ Դրանից հետո նմանատիպ դպրոց բացեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Այս տարի ՀՀԿ քաղաքական դպրոցը, սակայն, կարծես մի փոքր պասիվ էր։ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որը դասավանդելու է նաև ԱԺ «Ամառային դպրոցում», Hraparak.am-ին ասաց, որ այս տարի գարնանը՝ ապրիլի 6-ին, եղել է դպրոցի շրջանավարտների վերջին հոսքի դիպլոմների հանձնման արարողությունը, որից հետո հայտարարվել է նոր ընդունելություն, 100-ից ավելի դիմորդ են ունեցել, բայց քանի որ մայիսի 1-ից մեկնարկել են փողոցային ակցիաները, իրենք չեն հասցրել իրականացնել ընդունելության գրավոր քննությունների և հարցազրույցների փուլը, դրա համար էլ գարնանը ընդունելությունը տեղափոխել են աշնանը։

«Սեպտեմբերին կհայտարարվի նոր, կարճ՝ մեկշաբաթյա ժամկետով ընդունելություն, այդ ընդունելությանը դիմած դիմորդների և գարնանը գրանցված դիմորդների համար կիրականացվի գրավոր քննություն և հարցազրույց, դասերը կմեկնարկեն, կարծում եմ, հոկտեմբերին։ Այսինքն՝ այն շարունակվող, գործող պրոյեկտ ա»,-ասաց Մամիջանյանը։

Նա տեղեկացրեց, որ դպրոցը մեկնարկել է 2016 թվականից, տարեկան 2-3 հոսք է մասնակցել ու ավարտել, այս տարի դեռ մեկ հոսք է ավարտել, երկրորդն էլ կարծում է, որ տարվա վերջ կավարտի։ Սա արդեն վեցերորդ հոսքն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image