Ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ սակրեբուլոյի շրջանային խորհուրդների պատգամավորների եւ 64 քաղաքապետերի ընտրություններում Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ ՄԱՇ-ը, առաջատար է 11 քաղաքներում։ Հիշեցնենք․ այս կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ համախոհները հիմնել էին 2001-ին։ Ընդհանուր առմամբ` ընտրություններին մասնակցել է 43 կուսակցություն: ՄԱՇ-ն առաջատար է Բաթումիում, Զուգդիդիում, Ցխալտուբոյում, Դմանիսիում, Գարդաբանիում, Ռուսթավիում, Թելավիում, Ծալենջիխայում, Խուլոյում, Սենակիում եւ Ախմետայում:
Հայտարարվել էր, որ 2-րդ փուլ է լինելու Թբիլիսիում, Բաթումիում, Փոթիում։ Իսկ Քութայիսիում ընդդիմությունն ավելի շատ ձայն է ստացել, քան կառավարող ուժը։ Հիշեցնենք․ մինչ 2012 թվականը ՄԱՇ-ը կառավարող կուսակցություն էր, իսկ 2012-ին` Սահակաշվիլու հեռացմամբ, կորցրել է դիրքերը՝ դառնալով ընդդիմադիր դաշինք։ Մյուս 53 շրջաններում առաջին տեղում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է։ Հայաստանում շատերը կարծում են, որ Վրաստանում Սահակաշվիլու եւ իր կուսակցության ներկայացվածությունը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին, քանի որ նրա իշխանության օրոք էր, որ Վրաստանը հայտնվեց Թուրքիայից ու Ադրբեջանից ամենամեծ կախվածության մեջ։ Եվ Սահակաշվիլին համարվում է բավականին թուրքամետ քաղաքականություն վարող գործիչ։
Սահակաշվիլու՝ ազգային փոքրամասնության հարցերով նախկին խորհրդական, հայազգի Վան Բայբուրդն այդպես չի կարծում։ «Եկեք լինենք օբյեկտիվ։ Ամեն երկրի ղեկավար մտածում է իր երկրի բարեկեցության մասին։ Վրաստանի պատմական հիշողությունների մեջ, իհարկե, Թուրքիայի գործոնը կա, բայց վրացիներն ու Վրաստանի իշխանությունները մտածում են հետեւյալ կերպ՝ մեզ մեր պատմական հիշողությունն ի՞նչ է տալիս, բացի ջարդերից, տարածքներ կորցնելուց։ Վրացիներն ասում են՝ ինչ եղել, եղել է, մենք մեր հարեւանների հետ պետք է լեզու գտնենք։ Այդ քաղաքականությունը միշտ եղել է Վրաստանում, եւ Վրաստանի իշխանությունը միշտ եղել է ճկուն, այսպես ասեմ՝ ագրեսորի հանդեպ։ Եղել են բյուզանդացիներ, մոնղոլներ, արաբներ, սելջուկներ, թուրքեր, հետո՝ պարսիկներ։ Վրաց թագավորները համագործակցել են այդ օկուպացիայի պայմաններում։ Եվ այսօր ունենալ լավ հարաբերություն ամեն մի հարեւան երկրի հետ՝ ես համարում եմ, որ այն քաղաքականությունն է, որ ամեն մի ողջամիտ երկիր պետք է որդեգրի։ Չի կարելի դարերի ընթացքում բոլորի հետ թշնամական հարաբերություններ ունենալ։ Պետք է ընդհանուր լեզու գտնել»,- ասաց Վան Բայբուրդը։ Նրա գնահատմամբ՝ այս ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին, նախկիններին ձայն տալու միտումն ընտրությունից ընտրություն խորանում է, նախ՝ 16 տոկոս, ապա՝ 20-21, հետո՝ 24 տոկոս։
«Սամցխե-Ջավախք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանը նույն հարցին պատասխանում է․ «Վրաստանը Միխայիլ Սահակաշվիլու օրոք մեծ կախվածության մեջ հայտնվեց Թուրքիայից ու Ադրբեջանից։ 2012-ից հետո «Վրացական երազանքը» փորձեց թուլացնել Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունները, բայց ասեմ, որ դա իրենց առանձնապես լուրջ ձեւով չի հաջողվել, եւ չի կարելի ասել, որ Վրաստանում թուրքամետությունը վերացել է։ Պարզապես, Միխայիլ Սահակաշվիլին ավելի ընդգծված թուրքամետ էր»։ Հիշեցնենք 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանի նախկին նախագահի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին մի քանի անգամ հնչեցրած հայտարարությունները։ «Գոնե այս իշխանությունները նման հայտարարություններից խուսափում են։ Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ Սահակաշվիլին ներկա պահին պետական պաշտոնյա չէ, եւ նրա կողմից, բնականաբար, ավելի հեշտ է նման հայտարարություններ անելը»,- ասաց Այվազյանը։ Իսկ հայ համայնքն ընդդիմությա՞նը, թե՞ կառավարող ուժին է ձայն տվել։ «Թբիլիսիի հայության մասով շատ տեղեկություններ չունեմ, չեմ կարծում, որ կազմակերպված ձեւով այս կամ այն ուժին են ձայն տվել։ Ինչ վերաբերում է Սամխցխե Ջավախքի տարածաշրջանին, ապա այստեղ հիմնականում աջակցում են իշխող ուժերին։ Այսինքն՝ տրադիցիոն հայերը միշտ աջակցել են այն ուժերին, որոնք իշխանության գլուխ են։ Դա եղել է ինչպես Էդուարդ Շեւարդնաձեի, Միխայիլ Սահակաշվիլու օրոք, այնպես էլ հիմա։ Բայց դա չի նշանակում, թե ազգային փոքրամասնությունները գոհ եւ երջանիկ են եւ ոչ մի խնդիր չունեն»,- ասում է փորձագետը։
Ինչ վերաբերում է հայազգի թեկնածուներին, թե քանիսն են ընդգրկված եղել առաջատարների ցուցակում, ապա, ըստ ջավախքցի վերլուծաբանի, երկու կուսակցությունների առաջին տասնյակում հայազգի թեկնածուներ չկային Ախալցխայում, որտեղ հայերը քիչ են, եւ հակառակը` Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանում, որտեղ մեծամասնությունը հայեր են՝ բազմաթիվ հայազգի թեկնածուներ կային։ Վրաստանի էքս նախագահի սահակաշվիլիական ոճով՝ էքսցենտրիկ հայտնությունը եւ ձերբակալումը սակրեբուլոյի ընտրությունների նախօրեին, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել վրաց ընտրազանգվածի քվեարկության արդյունքների վրա։ Սա ռեւա՞նշ էր Սահակաշվիլու կողմից։ «Ընդդիմությունն ինչ-որ չափով կողմ է երկրորդ փուլին, դա նրանք արդեն համարում են իրենց մեծագույն ձեռքբերումներից մեկը»։ Իսկ պատահակա՞ն էր նրա հայտնությունը Վրաստանում, ի վերջո, երկրի էքս նախագահը նախկինում էլ՝ խորհրդարանական ընտրություններին, հայտարարել էր, որ կգա Վրաստան, սակայն խոստումը չէր կատարել՝ չէր եկել։ Այսինքն՝ վրաց ժողովրդի այս քվեարկությունը ու նաեւ Սահակաշվիլու ժամանումն ունեի՞ն աշխարհաքաղաքական մեդալի երես։
Փորձագետը կարծում է, որ Վրաստանում Սահակաշվիլու հայտնվելը պատահական չէ։ «Այս անգամ խոստումը կատարեց, եւ սրա ֆոնին ուզում եմ հիշեցնել, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն որոշ դժգոհություններ էին արտահայտում Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, որը վերաբերում էր ընդդիմության հետ փոխհարաբերություններին եւ դատական համակարգի բարեփոխումներին»։ Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը երկրի ընդդիմության հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հորդորով, համաձայնագիր էր կնքել, որից Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին անսպասելի դուրս եկավ՝ արժանանալով բուռն քննադատության եւ լատենտ ռուսամետ լինելու կասկածների։ Այնպես որ, փորձագետը շատ հնարավոր է համարում, որ այս ամենն ազդել է կա՛մ Վրաստանի նախկին նախագահի, կա՛մ ընտրազանգվածի տրամադրությունների վրա։