Հարցազրույց

Այս պահին դեռևս խաղաղության օրակարգը փակ չէ․ Մհեր Գրիգորյան

Այս պահին դեռևս խաղաղության օրակարգը փակ չէ․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևի գլխավորած սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, Մոսկվայում, որից հետո պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը պետք է անցկացնեն նոյեմբերին, Բրյուսելում։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ իրականացրած հարձակումն ու պատերազմը, ըստ էության, խաթարել են ինչպես այս հանձնաժողովների, այնպես էլ ճանապարհների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբերի միջև շփումներն ու առժամանակ խառնել պլանները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկել՝ քննարկել են կազմակերպչական բնույթի հարցեր հետագա իրենց աշխատանքի և հաղորդակցությունների վերաբերյալ։ Եռակողմ հանդիպման մասով ևս այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չկա։ 

-Պարոն Գրիգորյան, Ադրբեջանը, ըստ էության, հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, որ պետք է սահմանազատում անցկացվի քաղաքակիրթ տարբերակով, և հիմա նա իր ձևով է սահմանազատում և սահմանագծում իրականացնում՝ իր զինվորներին ուժով առաջ է բերում, և որտեղ նրանք կանգնեցին, դա էլ համարում է իր սահմանը։ Կարո՞ղ ենք այդպես հասկանալ։

-Ես հիմա չէի ցանկանա,որ մենք միասին գնահատականներ տանք, մի հատ տեսնենք՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստանում, որից հետո նաև երեևի պաշտոնական դիրքորոշում կլինի մեր կողմից։ 

-Մենք, ամեն դեպքում, այս պահին արձանագրում ենք, որ թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածք, ճի՞շտ է։

-Այո, ճիշտ է։

-Այդ դեպքում, եթե ոչ ուժով, ապա դիվանագիտական ճանապարհով, ձեր այդ աշխատանքային հանդիպումներով հնարավո՞ր է թշնամուն մեր սուվերեն տարածքից դուրս հանել և բերել ելման դիրք։

-Ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի ունենա, և կարծես թե այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներն ակնհայտ են։

-Բայց ռուսական կողմի միջնորդություններն այս հարցում, կարծես թե, օգուտ չեն տալիս։ Ձեր գործընկերների հետ շփումներն ի՞նչ են ցույց տալիս, Ռուսաստանը պատրա՞ստ է մեզ օգնել։

-Չեմ ուզում նման գնահատական տալ, բայց կարծում եմ, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ռեակցիան էլ է վկայում այն մասին, որ իրենք էլ են զբաղվում այդ հարցով։

-ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթին, սակայն, այնքան էլ դրական չէր մեր արձագանքը, կառավարության նիստին էլ ԱԳ նախարարն ակնարկեց, որ երկիր կար, որից ակնկալիքները չեն արդարացել, արդյոք Ռուսաստանի՞ն նկատի ուներ։ 

-Ես հիմա այդ հարցը չեմ ուզում մեկնաբանել, որովհետև կարծում եմ՝ դեռևս վաղ է պաշտոնապես դրա մասին խոսելը։ Պրոցեսներ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվի, ըստ այդմ՝ գնահատականներ կտանք հա՛մ մենք, հա՛մ Դուք։

-Իսկ այս պատերազմական գործողությունները արդյոք խաթարե՞լ են պլանները հետագա աշխատանքային շփումների հարցում։

-Այս պահին դեռևս խաղաղության օրակարգը փակ չէ, և ես նման գնահատական չէի տա, տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, իհարկե, մեր ցանկությունն ու նպատակն է՝ բոլոր խնդիրները լուծել քաղաքակիրթ, դիվանագիտական և քաղաքական երկխոսության միջոցով։ 

-Իսկ որևէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որի մասին ակնարկեց Ազգային ժողովում։

-Ոչ։

-Այդ դեպքում, ի՞նչ էր նշանակում նրա ելույթը, պարոն Գրիգորյան, ինչո՞ւ ասաց, որ ինքը կարող է ստորագրել փաստաթուղթ, որի համար իրեն «դավաճան» անվանեն, քննադատեն։

-Ես կարծում եմ՝ իր ելույթը ավելի քան պարզ էր ու մանրամասն, և մեկնաբանելու կարիք չունի։

-Ցավոք սրտի, պարզ չի լինում, և նրա ամեն ելույթից հետո նոր հարցեր են առաջանում, և նրա ելույթը միշտ ինչ-որ տարակարծությունների առիթ են տալիս, դրա համար մեզ մոտ հարց է առաջացել՝ ի՞նչ էր պատրաստվում ստորագրել։ 

-Ես կարծում եմ՝ այդ թեզերը, որոնք հիմա շրջանառվում են, մտացածին են։

-Ադրբեջանը պարտադրո՞ւմ է մեզ նման փաստաթուղթ ստորագրել։

-Ես հարցը լավ չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ նկատի ունեք։ Իսկապես, այդ հարցին շատ դժվար է պատասխանելը, որովհետև չեմ կարողանում հասկանալ՝ Դուք ի՞նչ նկատի ունեք։

Մանրամասն՝ վաղը, «Հրապարակի» հերթական համարում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image