Քաղաքականություն

«Հրապարակ». Սպասվող շարժումը, ի հեճուկս իշխանությունների, կլինի բավականին արդյունավետ

«Հրապարակ». Սպասվող շարժումը, ի հեճուկս իշխանությունների, կլինի բավականին արդյունավետ

Թեեւ տարին մեկնարկել է բուռն իրադարձություններով, սակայն հայաստանյան ընդդիմությունն օլիմպիական հանդարտությամբ հետեւում է երկրում ծավալվող իրադարձություններին, լավագույն դեպքում՝ արձանագրում, գնահատականներ տալիս: Բացի տրանսպորտի սակագնի դեմ վերջին օրերին ծավալվող պայքարից եւ հանրային բոյկոտի կազմակերպումից, այլ դրսեւորումներ քաղաքական ընդդիմադիր ուժերի կողմից չեն նկատվում: Անգամ ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը Հայաստանի ընդդիմությանը, Հայ դատի պայքարն իր կենսակերպ դարձրած Դաշնակցությանը նույնիսկ փողոց չհանեց, կտրուկ քայլերի չմղեց: Կուսակցության գրասենյակից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող կառավարության շենքի առջեւ ո՛չ հարեւան հանրապետականները, ո՛չ դաշնակցականները բողոքի ցույցեր չարեցին։ 

Թեպետ հունվարի հենց առաջին շաբաթվա ընթացքում, ի պատասխան Ալիեւի սպառնալիքների՝ Հայաստանում ֆաշիստական ուժերին ոչնչացնելու եւ «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին, Փաշինյանը մի քանի զիջումների գնաց՝ հայտարարելով Մինսկի խմբի ձեւաչափից հրաժարվելու, Սահմանադրությունը մինչեւ 2026 թվականը փոխելու եւ սահմանազատման գործընթացն Ալիեւի ցանկությամբ՝ Տավուշից սկսելու մասին։ Անցած ուրբաթ օրն իր ասուլիսին էլ նա չթաքցրեց, որ պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ: Պատահական չէր, որ ասուլիսի նախորդ օրն արդեն  տեղեկատվական հող էին նախապատրաստել Սյունիքով անցնող «միջանցքը» տալու համար` «Ազատություն» ռադիոկայանն ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի հիման վրա աղմկահարույց ռեպորտաժ էր պատրաստել, որ 90-ականներին Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Արցախը Մեղրիով փոխանակելու շուրջ։
Հրապարակմամբ ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Ակնհայտ է, որ հանրությանը նախապատրաստում են, որ միջանցքը տան եւ ասեն՝ «Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր»։ Արցախը հանձնելուց առաջ էլ Փաշինյանն ու իր խմբակը տեղեկատվական տեռոր էին սկսել եւ շարունակում են մինչ օրս, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել են նախկինները՝ սկսած 90-ականներից։

ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Աննա Կոստանյանը տարակուսած է՝ այս պահին Հայաստանի շուրջ ճակատագրական բանակցություններ են գնում «միջանցքի» շուրջ, մինչդեռ հայաստանյան, այսպես կոչված, տիտղոսակիր ընդդիմությունը զբաղված է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտով։ «Արդյոք սա արվում է միտումնավո՞ր, թե՞ կարծում են, որ սոցիալական խնդիրներն  ավելի բարենպաստ միջոց են ժողովրդին փողոց դուրս բերելու` չեմ կարող ասել, բայց այն, որ միջանցքի թեման դուրս է մնում մեդիադաշտի օրակարգից եւ սոցհարթակներից, ակնհայտ է, ինչո՞ւ, չեմ կարող ասել»,- ասաց նա՝ հավելելով նաեւ, որ, ըստ էության, ակնկալելով նոր ընդվզում ՝ մենք գերագնահատում ենք թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության կարողությունները: «Մենք սպասում ենք, որ հեսա ինչ-որ մեկը հայտնվելու է կախարդական փայտիկով, դառնալու է այն փրկիչը։ Հետեւաբար, ես շատ վաղուց մեծ ակնկալիքներ չունեմ, փոխարենը ես, որպես քաղաքական գործիչ, պասիվացել եմ եւ փորձում եմ որոշակի գործողություններ ինքս պլանավորել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր սահմաններից դուրս, փորձել գտնել համակիրներ, որոնք պատրաստ կլինեն ավելի ըմբոստ քայլերով իշխանության դեմ պայքարել․․․ Որովհետեւ մենակ սոցիալական ցանցերում գրառումներ անելը դեռ չի նշանակում գործ անել»։ Կոստանյանի գնահատմամբ՝ ընդդիմության դաշտն այժմ ջլատված է, եւ այն անձը կամ ուժը, որը կարող է իշխանություններին այլընտրանք դառնալ, դեռեւս չի երեւում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սրբազան պայքարի ակտիվիստ՝ դաշնակցական Գառնիկ Դանիելյանն ապշում է. «Մենք ակտիվ չե՞նք․․․ հարցազրույցները, ստատուսները, ամեն տեղ խոսելն աշխատանք չի՞, մենք ի՞նչ պիտի անենք, որ չենք անում, հո ասելով չի՞»: «Մենք անընդհատ մարդկանց կողքին ենք, պայքարող մարդկանց հետ ենք, Դաշնակցությունն էլ, բացի հայտարարություններից, գետնի վրա քայլեր էլ է անում»: Որտե՞ղ, ի՞նչ քայլեր։ «Երկու օր առաջ արցախցու հարցով նույն դատարանի բակում մարդկանց մոբիլիզացիան մեր պատգամավորների շնորհիվ եղավ` Քրիստինե Վարդանյանն առաջիններից էր, որ կապ էր հաստատել ընտանիքի հետ, կոչ ենք արել, որ հավաքվեն, եւ, իհարկե, ժողովրդի ճնշմամբ բաց թողեցին մեր արցախցի հայրենակցին։ Ո՞վ ասաց, որ տրանսպորտի թանկացումը կարեւոր չի, ո՞վ ասաց, որ մեր արցախցի պրոֆեսորին պաշտպանելու, կալանավորելը կանխելու պայքարը կարեւոր չի։ Ամոթ է նման բան ասելը, ես իմ արժանապատվությունը վիրավորված եմ համարում: Բոլորն էլ խնդիր են, այո, միջանցքն էլ է խնդիր, մյուսներն էլ։ Ինձնից ու իմ թիմից բացի ո՞վ է խնդիրների համար ավելի շատ պայքարել: Ախր, ասելը հեշտ է, գետնի վրա գործ անող մարդիկ են պետք, որ գան, մեզ պես չարչարվեն, գործ անեն, մենակ ասելով չէ։ Կարող ա՞ մենք հանգստանում ենք ծովափներին, որ գան, մուննաթ գան։ Ով ասում է, որ նախօրեի պայքարը դատարանի դիմաց կարեւոր չի եղել, սխալվում է, մեր արժանապատվության հարցն էր»։

Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու հայտարարությունն արժանապատվության հարց չէ՞ր, որ դաշնակցականները ոտքի չելան։ «Ուրեմն Դաշնակցությունն ազգային եւ սոցիալիստական կուսակցություն է, եւ մեր գրասենյակն այսօր զբաղվում է նաեւ սոցիալական խնդիրներով, դա կոմպլեքս մոտեցում է … թող մարդիկ գան հասնեն Դաշնակցության արածներին, նոր խոսեն, ինչ է՝ մեր Հայ դատի գրասենյակների հայտարարությունները չե՞ք կարդում, ո՞վ է առաջինն արձագանքել ու ասել, որ այս մարդիկ ուրացման ճանապարհով են գնում։ ․․․Գործ անելն էլ․․․ մենք միշտ էլ արել ենք ու անում ենք»։

Ամենառեսուրսակիր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ վստահեցնում է՝ առաջիկայում նոր շարժում կլինի․ «Ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ Հայաստանում կան ազգային, պետական բազում ուժեր, մարդիկ, ովքեր տեսնում են Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականությունը, եւ կարծում եմ, որ այժմ կան դրա համար բավարար հիմքեր, որ եւս մեկ շարժում լինի, որպեսզի մենք ազատվենք այս ազգակործան պատուհասից»: Շարմազանովին հարցրինք՝ այդ շարժումը լինելու է միջանցքը հանձնելո՞ւց առաջ, թե՞ հետո։ «Չեմ ուզում փակագծեր բացել, ասել՝ երբ, ոնց, վստահեցնում եմ՝ սպասվող շարժումը, ի հեճուկս իշխանությունների, կլինի բավականին արդյունավետ, դրա համար կան հիմքեր։ Համենայնդեպս, չպիտի սպասել, մինչեւ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ տա, նոր փողոց դուրս գալ, մյուս կողմից՝ պետք է գործել` հաշվի առնելով նախորդ շարժումների թե՛ դրական, թե՛ բացասական փորձերը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image