Հասարակություն

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ

2025-ը մոտենում է ավարտին` սա մեր թերթի վերջին համարն է: Ծանր սրտով ու նոր վտանգների վախով ենք դիմավորում 2026 թվականը, որովհետեւ 25-ը, ըստ էության, ոչ մի լավ բան մեզ չբերեց: Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից թշնամու զորքերը դուրս չեն եկել, մեզ պատկանող հողերը մեզ չեն վերադարձվել, սահմանազատման գործընթացը դադարեցվել է, արցախցիների վերադարձի մասին խոսք անգամ չկա, ավելին` Արցախի թեման այս իշխանությունը փորձում է համառորեն փակել եւ ներկայացնել որպես իր մեջ վտանգ պարունակող գործընթաց:

Մեր գերիներին շարունակում են դատել ու խոշտանգել Ադրբեջանում, իսկ Հայաստանի վարչապետը ոչ թե զբաղվում է նրանց վերադարձնելու գործով, այլ Ադրբեջանով եկած մի քանի վագոն ցորենի եւ ադրբեջանական բենզինի համար աջ ու ձախ շնորհակալություն է հայտնում Իլհամ Ալիեւին:

Ճիշտ է` սահմաններին չեն կրակում, եւ այս տարվա ընթացքում թշնամու գնդակից զոհեր չեն եղել, բայց ամենաողջամիտ կանխատեսումներով` դա հատուկ է արվում մեր թշնամիների կողմից, որպեսզի Փաշինյանի` 2026-ի վերարտադրությունն ապահովվի:

Այսքան աղետներից հետո հասկանալի է, որ եթե գեթ մեկ կրակոց հնչի, կամ գեթ մեկ մարդ զոհվի թշնամու գնդակից, Նիկոլ Փաշինյանի վերընտրության մասին խոսք անգամ լինել չի կարող: Իսկ խաբուսիկ եւ ժամանակավոր խաղաղությունը հնարավորություն կտա պատերազմից հոգնած ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ եւս մանիպուլացնելու եւ նրանցից քվե կորզելու: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, միայն հոռետեսական կանխատեսումներ են արվում: Բայց Ամանորի եւ սուրբծննդյան տոներն ամենալուսավոր, հույսեր ներշնչող շրջանն են հայ քրիստոնյաների կյանքում, մենք չպետք է կորցնենք մեր լավատեսությունը եւ պետք է ապագայի հանդեպ հույսով ու հավատով դիմավորենք 2026-ը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image