Քաղաքականություն

Ուզում է բռնապետ դառնալ, որ Թուրքիայում իրեն լուրջ վերաբերվեն

Ուզում է բռնապետ դառնալ, որ Թուրքիայում իրեն լուրջ վերաբերվեն

Փաշինյանը Թուրքիայից վերադառնալուց հետո Հայաստանում իրականացնում է բռնապետության հաստատման նախագիծ: Բռնապետությունը բնորոշվում է որպես քաղաքական կառավարման մի համակարգ, որտեղ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու կամ մարդկանց խմբի ձեռքում, որը չունի սահմանափակումներ եւ ուղեկցվում է քաղաքական հակառակորդների եւ ընդդիմախոսների դեմ բռնությամբ: Հայաստանում դեռեւս առկա է իմիտացիոն ժողովրդավարությունը, որի դեպքում կան քաղաքական ինստիտուտներ` Ազգային ժողով, դատական համակարգ, քաղաքացիական հասարակություն, որոնք իբրեւ թե պետք է վերահսկեն, սահմանափակեն գործադիր իշխանությանը եւ դրա ղեկավարին, բայց իրականության մեջ խորհրդարանը եւ դատական իշխանությունը գտնվում են նրա բացարձակ հսկողության տակ եւ կատարում են նրա բացարձակ բոլոր հրահանգները, իսկ քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է հետապնդումների, բռնության եւ ազատազրկման եւ այսպես շարունակվելու դեպքում կարող է ընդհանրապես դադարել գոյություն ունենալուց, առնվազն ազատության մեջ: 

Ի՞նչ կապ ունեն Փաշինյանի թուրքական այցը եւ բացարձակ բռնապետություն հաստատելու նրա ցանկությունը: Հունիսի 20-ին այցելելով Թուրքիա եւ հանդիպելով այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էդողանի հետ՝ հնարավոր է Փաշինյանը նրա հետ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահին տարբեր առաջարկություններ է արել`Հայաստանի անունից: Որին ի պատասխան՝ Էրդողանը տրամաբանորեն հակադարձել է, որ Փաշինյանը չի կարող իրագործել իր կողմից ներկայացված նախագծերը կամ լինել դրանց իրականացման երաշխավորը, քանի որ նրա իշխանությունը սահմանափակված է հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններով: Էրդողանը կարող էր մատանշել, որ տեղյակ է Հայաստանում առկա հանրային տրամադրություններից, գիտի, որ Փաշինյանը եւ նրա իշխանությունը չեն վայելում հայ հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը եւ հաջորդ ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պարտություն են կրելու եւ ուղղակիորեն հեռացվելու են իշխանությունից: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեն Փաշինյանի ասած խոսքերը կամ տված խոստումները, եթե ինքը չի կարող դրանց իրականացման երաշխավորը լինել:

Փաշինյանը, ըստ էության, Թուրքիայից վերադարձավ ձեռնունայն. նա գնացել էր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, առնվազն հայ-թուրքական սահմանը բացելու շուրջ համաձայնության հասնելու հույսով, որի մասին արդեն չորրորդ տարին է՝ իրենք խոսում են, բայց ոչ մի առաջընթաց չեն կարողանում արձանագրել: Նա հույս ուներ Թուրքիայի միջնորդությամբ հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը նույնպես չիրականացավ: Փաշինյանի թուրքական այցը որեւէ տեսանելի եւ շոշափելի արդյունք չունեցավ, որովհետեւ նրան բացատրեցին, որ, այսպես կոչված, ժողովրդավարական իշխանությունների հետ բան պայմանավորվելը որեւէ արժեք չունի, մանավանդ որ այդ իշխանությունը չունի հանրային աջակցություն, ավելին՝ մերժված է սեփական հասարակության կողմից: Նա Թուրքիայից Հայաստան եկավ մի հաստատ մտադրությամբ. Հայաստանում եւս պետք է հաստատել այնպիսի բռնապետություն, ինչպիսին առկա է Թուրքիայում, Ադրբեջանում, Ռուսաստանում, որտեղ իշխանությունը տասնամյակներով չի փոխվում: 

Բռնապետության հաստատման միակ խոչընդոտը հեղինակություն ունեցող անձինք եւ հանրային կառույցներն են, բռնապետական երկրում չի կարող լինել բռնապետից ավելի հեղինակավոր մեկը, դա անմիջական վտանգ է ցանկացած բռնապետի համար: Ցանկացած սկսնակ բռնապետ վարվել է այնպես, ինչպես հիմա վարվում է Նիկոլ Փաշինյանը, ոչնչացրել է երկրի հեղինակավոր մարդկանց` քարոզչության միջոցով, իսկ եթե չի հաջողվել՝ ֆիզիկապես:

Դրա համար նա սաստկացրեց հարձակումները Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաեւ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ նրա պայքարը տեղավորվում է քաղաքական հակադրության տրամաբանության մեջ, նրանք Փաշինյանի իշխանության քաղաքական հակառակորդներն են, եթե հաջորդ ընտրություններում իրեն հաջողվի հաղթել նրանց գլխավորած քաղաքական կառույցներին, նրանց հարցը կարելի կլինի փակված համարել, բացի դա՝ նրանց կարելի է ի վերջո կալանավորել, բայց Տեր-Պետրոսյանին պետք է ոչնչացնել բարոյապես: Նույնպիսի խոչընդոտ է նաեւ Հայ առաքելական եկեղեցին, նրա ներկայացուցիչները՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ, այդ թվում եւ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը: 
Փաշինյանին հաջորդ անգամ Թուրքիայում կարող են ընդունել միայն 2026 թվականի ընտրություններից հետո, եթե նա իսկապես կարողանա ապացուցել, որ ինքը ոչ թե Հայաստանի օրվա ղեկավարն է, այլ նրա տերն ու տիրականը, որտեղ իր իշխանությունը ոչնչով եւ ոչ մեկով սահմանափակված չէ, դրան որեւէ մեկը չի կարող սպառնալ, ոչ մեկը կասկածի տակ չի դնի իր իշխելու իրավունքը եւ օրինականությունը: Դրա համար է նաեւ ուզում պետականացնել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը՝ դրանով եւս մեկ անգամ ցույց տալով, որ անգամ խոշոր սեփականատերերի ունեցվածքն իրենցը չէ, ինքն է Հայաստանի միակ սեփականատերը` կարող է ցանկացած պահի իրենով անել Հայաստանի տարածքում գտնվող ամեն ինչ, իսկ սեփականության իրավունքը շատ պայմանական է:
Եթե Փաշինյանին հաջողվի հասնել մինչեւ հաջորդ ընտրություններ, շատ հնարավոր է, որ նրան իսկապես հաջողվի իրականացնել իր վաղեմի երազանքը եւ հաստատել բացարձակ բռնապետություն, եւ այդ դեպքում Թուրքիայի նախագահը նրան «լուրջ» կվերաբերվի՝ ընդունելով, որ նա կարող է իրականացնել իր տված ցանկացած խոստում եւ զիջում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image