2025 թ․ օգոստոսի 18-ին հղած իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախից բռնագաղթածների` Արցախ վերադառնալու իրավունքը մերժելով՝ հայտարարեց․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։ Ինչքանո՞վ են Նիկոլ Փաշինյանի խոսքն ու գործն իրար համապատասխանում, ինչո՞ւ է նա խնդրի մասին խոսել «պետք է»-ով, Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարությանն անցած 2 տարում ի՞նչն էր խանգարում՝ արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում տնավորելու համար։ 2023թ․ աշնանը Արցախը հայաթափվելուց հետո Տավուշի մարզում բնակություն հաստատեց 780 ընտանիք, 2 հազար 970 անձ։ Նրանց մի մասը, անցած գրեթե 2 տարում աշխատանք ու տուն չունենալով, հեռացավ Տավուշից։
Նախկինում Տավուշի մարզպետարանից տեղեկացել էի, որ Արցախից բռնագաղթած ընտանիքներից միայն 10-ն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Նոյեմբերյան եւ Իջեւան համայնքներում բնակարան ձեռք բերել, բռնագաղթած արցախցիները Տավուշի մարզի մյուս 2 խոշոր համայնքներում՝ Բերդում եւ Դիլիջանում, բնակարաններ ձեռք չեն բերել։ Այսպես է Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի որոշմամբ 2021թ․ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տնավորել բռնագաղթած արցախցիներին։
Հոկտեմբերի 21-ին մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել․ «Հոկտեմբերի 21-ի դրությամբ Տավուշի մարզում Արցախից բռնագաղթած քանի՞ անձ է բնակվում, Արցախից բռնագաղթած քանի՞ ընտանիք է բնակարանային ապահովման պետական ծրագրով ապահովվել բնակարանով, ո՞ր համայնքներում»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տեղեկացնում եմ, որ ս․թ․ հոկտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 1931 անձ, իսկ բնակարանային ապահովման պետական ծրագրի վերաբերյալ հարցերով առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն»։
Տավուշի մարզում 2023 թվականին հաստատված 2 հազար 970 արցախցիներից անցած 2 տարում 1039 անձ Տավուշից հեռացել է։ Հեռացել են, քանի որ նրանք Տավուշի մարզում սեփական բնակարան, մեծ մասը նաեւ աշխատանք չունեին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախցիների մասին հայտարարել է, որ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ, իսկ նրա քավոր մարզպետը, չգիտես ինչու, տեղեկատվություն չունի Տավուշի մարզում հաստատված, բնակարանային ապահովման պետական ծրագրի մասնակից արցախցիների մասին եւ մեզ առաջարկում է այդ հարցերով դիմել պետական լիազոր մարմնին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Այսպես են խնդիրը կարեւորել, այսպես են տնավորել իրենց հայրենիքը, տունն ու ունեցվածքը կորցրած, բռնագաղթի սարսափներն ապրած արցախցիներին։
Ոսկան Սարգսյան