Կիրակի օրը՝ մարտի 27-ին, Վեդի խոշորացված համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որտեղ պայքարի մեջ էին երկու ուժ՝ իշխող Քաղպայմանագիր կուսակցությունը և «Իմ հզոր համայնքը»։
Երկու կողմն էլ ընտրությունների նախօրեին վստահ էր, որ հաղթելու է, երկու ուժն էլ հաստատակամորեն նշում էր, որ ժողովուրդն իր կամքն է դրսևորելու։ Օրինակ, ՔՊ-ից ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը ընտրության օրը գտնվում էր Վեդիում և եկել էր աջակցելու Գարիկ Սարգսյանին, նշում էր, որ ինչ արդյունք էլ լինի, դա ժողովրդի ընտրությունն է․ «Թիվ 1 բանը, որ պետք է արձանագրենք՝ ընտրությունների արդյունքների վրա իշխանությունը չի փորձում որևէ կերպ ազդեցություն ունենալ և ինչ արդյունք ուզում է լինի՝ մեր սրտով լինի, կա՛մ չլինի՝ կարևորը, որ արձանագրելու ենք՝ ժողովրդի քվեն է սա»։ Իհարկե, կարելի էր արժանահավատ համարել այս խոսքերը եւ հիանալ դրանցով, եթե եղած չլինեին դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու ՔՊ-ի պահվածքը դրանից հետո՝ երբ հաշվի չնստեցին հենց այդ նույն ժողովրդի ընտրության հետ և ամեն ինչ արեցին, որ նախորդ ընտրությունների արդյունքները չեղարկվեն եւ նոր ընտրություններ նշանակվեն, որպեսզի Վեդին ևս պահեն իրենց ձեռքում։
Նշենք, որ ընտրություններում հաղթանակ տանելու հարցում վստահ էր նաև Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։ Մեզ հետ զրույցում Անդրեասյանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց, նշելով․
«Ընդամենը մի բան կասեմ՝ Սպարտակ Թարթիկյանը կարգին, բարոյական, պարկեշտ աշխատած, փորձառու մարդ է, իրեն թողեցին՝ գնացին ձայն տվեցին չգիտեմ ինչ պատճառով մեկին, որը ոչ աշխատանքային փորձ ունի, ոչ էլ որևէ բանով աչքի է ընկել»։
Այն, թե ինչն էր պատճառը կամ այդ ի՞նչ հրաշքով մի քանի ժամում ՔՊ-ն կարողացավ իրավիճակ փոխել, որ ընտրությունների արդյունքներն այլ ելք ունեցան, որովհետև անգամ ՔՊ-ականներն էին վստահ, որ Վեդիում պարտվելու են, շատ նման էր 2021-ի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներին։ Ընդդիմադիրներն այնքան վստահ էին, որ հաղթելու էին՝ անգամ «խմելու շորերը հագնելու» և հաղթանակը նշելու կոչ էր անում նախօրեին Անդրեասյանը։ Մեր դիտարկմանը նա ծիծաղով պատասխանեց․ «Էնպես չի, որ չենք խմել։ Չեմ կարող ինքս ինձնից հնարել ու հայտարարություն անել, թե ինչ են արել։ Ընդամենը կարող եմ ասել, որ ինչ-որ մի բան էն չի եղել»։
Իրենց հետագա գործողությունների և ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցի վերաբերյալ էլ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց․ «Լավ կաշխատեն՝ մենք էլ կօգնենք, վատ կաշխատեն՝ բնականաբար մեր ասելիքը կասենք»։
Հիշեցնենք, որ ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացված Վեդու ընտրություններում ՔՊ թեկնածուն՝ ի դեմս Գարիկ Սարգսյանի ստացավ՝ 13139 ձայն, իսկ Սպարտակ Թարթիկյանի գլխավորած «Իմ հզոր համայնքը»՝ 9694 քվե։ Այսինքն, ընտրողների 56,2%-ը ձայն է տվել գործող ուժին, իսկ «Իմ հզոր համայնքը» ստացել է 41,5%-ը Ըստ այդմ՝ 27 մանդատից 15-ը բաժին կհասնի ՔՊ-ին, 12-ը ընդդիմությանը։