Հասարակություն

ՀԷԿ-երն ու պատերազմը կամաց-կամաց սպառում են ՀՀ ջրային ռեսուրսները

ՀԷԿ-երն ու պատերազմը կամաց-կամաց սպառում են ՀՀ ջրային ռեսուրսները

Վերջին շրջանում Հայաստանում բացի ամեն ինչից սկսել են խոսել նաև «ջրային զենքի» մասին։ Այն է՝ ջրային ռեսուրսների միակողմանի օգտագործումը, ջրամբարների կառուցումը և գետերի հուների փոխումը պետական մակարդակով։ «Արցախի ջրային կարևորագույն ակունքներն ու ռեսուրսներն այլևս թշնամու ձեռքին են: Առանց կռվի հանձնված է տարածաշրջանի ջրային գերռեսուրս Քարվաճառը, Թուրքիայում Ախուրյանի վրա ջրամբար է կառուցվում, որ գրեթե ցամաքեցնելու է գետը Հայաստանի հատվածում, բուն ՀԽՍՀ սահմաններից ներս օրեր առաջ զավթված բարձունքների մի զգալի մասը հենց լեռնային ջրավազաններն են, որոնցից ջրառի անհնարինությունը ոչնչացնելու է շրջակա տասնյակ բնակավայրեր:

Հայաստանի ներսում Սևանի աղտոտումը, որի արդյունքում ջուրը թունավորվում է և կանաչ գույն ստանում` ռեժիմի կողմից չի կասեցվում: Մյուս կողմից շարունակում են ողջ թափով գործել Արարատյան դաշտի ձկնաբուծարանները, որոնք ամենավայրագ ջրի սպառմամբ առհավետ ոչնչացնում են ստորգետնյա ջրավազանի չվերականգնվող ռեսուրսը: Կլիմայի փոփոխությամբ վերանում են սառցադաշտերն ու գագաթային ձնադաշտերը, որոնք, իրենց հերթին, երբեմնի ջրառատ Հայաստանը մատնելու են ջրային քաղցի»,- գրել էր քաղաքագետ Մարտիրոսյանը։

Համացանցում տարբեր օգտատերեր ևս ահազանգում են, թե ադրբեջանցիները ինչ -որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված։ Կասկածներ կան, որ ադրբեջանցիները Քարվաճառի հատվածից հին Գանձակ/Կիրովաբադ տանող ճանապարհով Թարթառ գետի ջրերը ցանկանում են տեղափոխել Կիրովաբադ տանող Յանշաղ-Չոպռլու հատվածով։ Ենթադրություն՝ կառուցվելու է ջրահավաք ավազան, որ հետագայում ինքնահոսով ապահովեն գետի ուղու շեղումը։ Իհարկե, այս վարկածը քիչ հավանական է համարվում, քանի որ սա միլիարդավոր դոլարների ծախսեր է պահանջում մի կողմից, և մյուս կողմից,   Թարթառը Սարսանգի ջրամբար լցվելուց հետո գնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Մատաղիսի ջրամբար, որը սնում է արևմտյան Ադրբեջանի շրջանները։ Այսինքն՝ հուն փոխելը նաև անիմաստ է։ Բայց վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտարարեց, որ  ունենք կարևորագույն՝ ջրի և սանիտացիայի ոտնահարված իրավունք։ Խոսքը վերաբերում է Մեղրի գետի Զվարագետ վտակին, որի հունը  5 տարուց ավելի է՝ ադրբեջանական զինծառայողները , փոխել են և այդ վտակը չի միախառնվում Մեղրու  գետին։ Արդյունքում՝ հասնելության հետ կապված  լրջագույն  խնդիրներ ունեն Սյունիքի Նռնաձոր , Շվանիձոր  և մի քանի այլ գյուղեր։ 

Բնապահպան Սիլվա Ադամյանն այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չի համարում գետերի հունը փոխելու և այլ դավադրությունների մասին խոսակցությունները։ «Ես բազմիցս ասել եմ, որ  միայն խոսքով չէ արվում։ Իրականում մենք պետք է շատ զգոն լինենք, հաշվի նստենք իրենց ամեն մի ասածի հետ, որովհետև իրականում՝ խոսքը կարող է գործ դառնալ, չնայած նրան, որ մեզ անըդհատ համոզում են, ասում են՝ ջրամաբարից ջուր չեն օգտագործում, չեն կարող հունը փոխել, հունը փոխելը շատ փող կտանի։ Բայց երբ թշնամին կանգնում է ու նման բաներ խոսում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստան եկող ջրային ռեսուրսները պաշտպանված տեսնենք»,-ասում է բնապահպանը։ Նա ուշադրություն է հրավիրում՝ եթե մենք գիտենք մեր ջրային ռեսուրսների ներկա վիճակի, կլիմայական փոփոխութունների մասին, այդ մասին գիտի նաև թշնամին։

Բնապահպանի խոսքով՝ վտանգը ոչ այնքան այս պահի բուն խնդիրներն են, այլ ռազմավարությունն է , որը որդեգրել է թշնամին, «այն երկրի հանդեպ, որին ուզում է վերջնականապես տապալել ու վախեցնել իր բոլոր գործողություններով»: Առաջին հերթին դա վերաբերում է ջրային ռեսուրներին․ խնդիրը, որը այս տարի հատկապես սուր է և ծագել է ոչ միայն պատերազմի հետևանքով, այլ միջպատերազմական շրջանում։ Սիլվա Ադամյանն, օրինակ, օրերս  Լոռիում հանրային լսումների գնալիս նկատել է, որ Դեբեդ գետից բան չի մնացել։ «Գետը ցամաքել է, ընտեղ գետ չկա»,-ասաց նա։ 

Սա կապված է թե ՛ ՀԷԿ-երի գործուենության, թե կլիմայական փոփոխությունների, թե Սևանա լճի խնդիրների հետ։ Բայց այս ամենի հանրագումարն այն է, որ հիմա այս բոլոր խնդիրները բերել են մի իրավիճակը, որ Հայաստանը կամաց-կամաց սկսել է սպառել իր ջրային ռեսուրսները։ Պատահական չէ, որ ըստ բնապահպանի, Երևանում ու ՀՀ այլ քաղաքներում վերջին շրջանում հաճախակի են դարձել ջրանջատումները։

«Հիմա որքանով ես եմ տեղեկացված, հիմա «Երևանջուրն» աշխատում է նրա վրա, որ մի փոքր նվազեցնի այդ կորուստները, որոնք անկառավարելի են դարձել»,-ասաց բնապահպանը:

Բնապահպան Լևոն Գալստյանն էլ ջրային ավազանների, մասնավորապես Զվանիգետի վտակի մասին  հարցից անասելի  զայրացավ։  Քաղաքական տեսանկյունից։

«Մեղրի գետի մի վտակի հունը 2015 թվին են փոխել, երբ որ մեր հարգարժան, Ձեր սիրելի նախկին կառավարությունը որոշեց, որ  ըտեղ մենք դիրքեր պտի չունենանք, իջեցրեց, ադրբեջանցիները եկան, էդ դիրքերը գրավեցին, վերցրին ջրբաժանը ու սիրուն փոխեցին, կանալը փոխեցին։ Էդ կանալը Սովետի ժամանակ էլ կար ու երկու կողմն  էլ էդ ջուրն օգտագործում էին․ թե՛ Հայաստանը, թե՛ նախիջևանը։ 90-ականներին դա, բնականաբար փակվել էր ու մերոնք դիրքեր ունեին, որոնք 15 թվականին մենք զիջեցինք։ Հիմա ՄԻՊ-ը էդ մասին, որ խոսում է, որ ինչ անենք, կարա՞ք բացատրեք։ 2015 թ․ դեպքի մասին հիմա խոսում ենք, որ ի՞նչ։  Կամ հարգարժան ՄԻՊ-ը, որ դրա մասին խոսում է, որ ինչ, ինչի 2015-ին չի խոսել»։

Նշենք, որ «հարգարժան ՄԻՊ-ը», այդ մասին խոսելով՝ չէր մոռացել նշել, որ Զագիտի հետ կապված այդ իրավիճակը արդեն 5 տարուց ավելի է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image