Հետընտրական շրջանի, ՍԴ դիմումների, ինչպես նաև ընդդիմադիրների կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանի հետ։
- Հետընտրական շրջանում ամենաքննարկվող հարցը մանդատները վերցնել- չվերցնելու հարցն է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։
- Այդպես միանշանակ չէ իրավիճակը` վերցնեն, թե՝ չվերցնեն, իրավիճակը հետևյալն է՝ արդյոք Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումից հետո, որը չբավարարի ընդդիմությանն ու հասարակությանը, ընդդիմության ներկայացուցիչներն ի՞նչ են պատրաստվում անել։ Այստեղ հարցը միայն մանդատներին չի վերաբերում, այլ քաղաքական պայքարի հետագա քայլերին։ Իսկ ինչը վերաբերում է մանդատներին` չվերցնելու դեպքում իշխանությունը հնարավորություն է ունենալու շարունակել աշխատանքը Ազգային ժողովում` առանց ընդդիմության կամ ընդդիմության ցուցակներից համոզելով` ամեն մեկից 10 հոգու գալ և վերցնել այդ մանդատները, որը բացառել չի կարելի, քանի որ կա ճնշումների հավանականություն, կա շահագրգռվածություն, և այլն։ Այսինքն, այստեղ խնդիրն այն է՝ պատրա՞ստ են իրենք առաջնորդելու հանրությանը, որը համամիտ չէ այս իրավիճակին, շարունակել քաղաքական պայքարը, եթե` այո, այդ դեպքում պետք է կոլեկտիվ քաղաքական խորհրդի առկայության դեպքում որոշվի ընդհանուր քաղաքական գործունեության ծրագիրը, որին, ցավոք սրտի, պատրաստ չէ այսօրվա ընդդիմությունը։ Շատ պարզ բաներ կային, որ կարող էին իրենք անել, օրինակ, ընտրությունների օրը, ժամը 20։00-ին մենք միշտ կոչ էինք անում ժողովրդին հավաքվել Ազատության հրապարակում և շատ մեծ բազմություն էր հավաքվում։ Ես կարող եմ օրինակ բերել և՛ 1996թ-ին և 2003թ-ին, ավելին՝ 96թ-ին մեզ հաջողվեց դրա շնորհիվ Երևան քաղաքում պաշտոնապես հաղթել, այսինքն, ԿԸՀ-ն չկարողացավ դա անել Երևանում, բայց գյուղերի շնորհիվ, որտեղ վերահսկողություն չկար, կարողացան ապահովել 56 տոկոս, որը արդյունքում իջավ 50 տոկոսի, և եթե մի օր էլ մենք դիմանայինք, կիջներ 47-48 տոկոսի։ Այս պարագայում վստահ եմ, որ ժողովրդի գործոնը շատ մեծ նշանակություն ունի։ Իրենք այդ բանը չարեցին։ Երբ Նիկոլ Փաշինյանը գիշերը ժամը 2-ին` երբ դեռ ձայների 10-15 տոկոսն էր ընդամենը հաշվարկված, հայտարարեց, որ ինքը հաղթել է և ընդդիմության ղեկավարները փողոց դուրս գալու կոչ չարեցին, դա միանգամից փոխեց իրավիճակը և ԿԸՀ-ն հասկացավ, որ իր վրա առանձնահատուկ ճնշում չի լինելու, արեցին այն, ինչը տեսանք։
- ՍԴ-ից ի՞նչ ակնկալիքներ ունենալ։ Ըստ Ձեզ՝ իշխանության կողմից թույլ տրված կեղծիքները որքանո՞վ են ազդել ընտրությունների ելքի վրա։
- Մենք միանշանակ գտնում ենք, որ իշխանությունն այնպիսի ընտրախախտումներ է արել, որ ընտրությունների արդյունքները ոչ թե հարցականի տակ պիտի դնենք, այլ այդ ընտրությունները չի կարելի համարել ազատ և արդար, բայց հաստատել դա ՍԴ-ում շատ ավելի բարդ է լինելու, քանի որ տեսանք արդեն, թե ինչպես էին ԿԸՀ ներկայացուցիչները ուղղակի դեմագոգիայով զբաղվում, թե օրենքը այսպես է, այնպես է, ոչ ոք այնպիսի ընտրախախտումներ չի ներկայացրել, որ ընտրությունների արդյունքները հարցականի տակ դնեն, և այլն։
- Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ընտրությունից հետո կոչ անում, որ դուրս գան փողոց ու հեղափոխություն անեն։
- Մենք, իհարկե, չպետք է ենթարկվենք Նիկոլ Փաշինյանի կոչին, որ դուրս եկեք փողոց, որովհետև հասկանում ենք, թե ինչ կա դրված իր այդ հայտարարության տակ, բայց այն, որ ժողովրդի կազմակերպվածությունն ու ընդդիմության միասնությունը անհրաժեշտություն է, դրանում կասկած չկա։ Այս տարիների ընթացքում միշտ էլ եղել են ընտրակեղծիքներ և միշտ ինչ որ կերպ համակերպվել ենք դրան, բայց այս անգամ իրավիճակը ուրիշ է, այս անգամ համակերպվելու գինը շատ մեծ է լինելու, կախված նրանից, թե ինչ են ուզում Թուրքիան ու Ադիբեջանը կամ արևմուտքը։ Եթե նախկինում կոռուպցիայի, քրեաօլիգարխիկ համակարգի հետ կապված խնդիրներ կային, հիմա արդեն դրված է մեր պետության լինել-չլինելու հարցը։ Անպատիժ լինելը և ոչ մեկի առաջ պատասխանատվություն չկրելը իրենց ազատել է ամեն ինչից, իրենք կարող են անել ամեն ինչ։ Հետո Նիկոլ Փաշինյանը դուրս կգա և կասի. գիտեք ինչ՝ ես կրքոտ հռետոր եմ, դուք ինձ այդպես ընկալեք, ինչ կասեմ, ինչ կանեմ` դուք ընկալեք, որ դա օրինական կարգավիճակ է։
- Նախորդ տարիներին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նման ծավալի ճնշումների ենթարկվե՞լ են։
- Եղել են ամեն տեսակի ճնշումներ, բայց այս աստիճան չի եղել։ Իհարկե, ես կողմ չեմ, որ համեմատում ենք վատը վատի հետ, որովհետև ցանկացած պարագայում վատը վատ է, բայց սա աննախադեպ վատ է։