Արցախը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնազավթած Ադրբեջանի նախագահ Ալիեւը «դարձել է» ժողովուրդների ինքնորոշման ու անկախության հարցերով «էքսպերտ» եւ մտել է եվրոպական հզոր երկրներից մեկի` Ֆրանսիայի ներքաղաքական կյանքն ու խժդժություններ է իրականացնում, հակաֆրանսիական ուժեր ու շարժումներ է կոնսոլիդացնում: Վերջին շրջանում Ֆրանսիայից անկախություն են պահանջում անդրծովյան տարածքների բնիկները: Նման պահանջներ են հասունացել Նոր Կալեդոնիայում, Կորսիկայում, Ֆրանսիական Պոլինեզիայում: Այս տարածքների բնիկներն ուզում են դուրս գալ Ֆրանսիայի, իրենց բառով ասած` գաղութացումից եւ ինքնորոշվել: Սակայն իշխանությունը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ, որը Նոր Կալեդոնիա ներգաղթած եվրոպացիներին հնարավորություն էր տալու մասնակցել տեղական նշանակության քվեարկություններին: Տեղի հնաբնակները, որոնք կազմում են բնակչության մոտ 40 տոկոսը, դա համարում են անընդունելի, քանի որ այն իրենց կզրկի հանրաքվեի արդյունքում անկախություն, ինքնորոշում ձեռք բերելու հնարավորությունից: Օրերս Բաքվում անցկացվել է ֆրանսիական անկախականների 15 կազմակերպությունների երկօրյա համագումար: Անցկացվել է Իլհամ Ալիեւի անմիջական հովանավորությամբ: Հարկ է փաստել, որ մայիսին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունների ու խժդժությունների ժամանակ ծածանվում էին ադրբեջանական դրոշը եւ Ալիեւի նկարը` ի երախտագիտություն իրենց ցուցաբերված աջակցության:
Ինչո՞ւ է Ադրբեջանի բռնապետ ու ցեղասպան նախագահը դարձել այսպես «մտահոգ»` հեռավոր Ֆրանսիայի հեռավոր տարածքների ժողովուրդների ինքնորոշման ու ազատության հարցով: Պատճառն Ալիեւի անձնական վրեժխնդրությունն է. նա չի ներում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին` արցախյան հարցում հայանպաստ պահվածքի համար: Այլ հարց է, որ Մակրոնը նման քայլեր անում է՝ իր երկրի աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից ելնելով: Այնուամենայնիվ, դա Ալիեւի սրտով չէ, եւ վերջին շրջանում ծայր առած Մակրոն-Ալիեւ հեռակա հակամարտությունն Ալիեւը որոշել է լուծել հակաիշխանական եւ հակաֆրանսիական ուժեր ու շարժումներ կոնսոլիդացնելով, հովանավորելով թե՛ իր երկրում, թե՛ Ֆրանսիայում: Ադրբեջանի նավթային ռեսուրսների տիրակալը մեղադրում է ֆրանսիական կառավարությանը` երկրի անդրծովյան տարածքների բնական հարստությունը թալանելու մեջ: