Ռազմական փորձագետ, ՀՅԴ ԳՄ նախկին անդամ Արթուր Եղիազարյանը տեղեկացրել էր, որ, համաձայն ադրբեջանական ցանցերում պտտվող տեղեկությունների, մոտակա ժամանակներս աֆղանստանցի 50 հազար գաղթականների բնակեցնելու են Քաշաթաղի շրջանի հարավային մասում․ Լաչինի հարավ, Կուբաթլու, Զանգելան, այսինքն՝ Սյունիքին հարող տարածքներում։ Հետագայում նախատեսվում է այդ գաղթականների թիվը հասցնել 160-200 հազարի՝ բնակեցնելով Արցախից բռնազավթված մյուս տարածքներում։
Այսինքն՝ Արաքս-Ողջի-Որոտանամերձ տեղանքում փոխում են ժողովրդագրական կազմն ու պատկերը, «եւ շատ կարճ ժամանակ անց աֆղանական այս խառնամբոխին կփորձեն օգտագործել Իրանի, Հայաստանի ու հայապատկան մնացած Արցախի, որով էլ՝ նաեւ տեղակայված ռուսաստանյան խաղաղապահների դեմ»,- գրել էր նա։ Նկատենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան նման նախադեպեր արդեն իսկ ունեն․ նախ՝ 90-ականներին Արցախում նրանց կողմից կռվում էին մոջահեդներ, 2020թ․ պատերազմում ամենատարբեր մակարդակներով բազմաթիվ զեկույցներ եղան Սիրիայից վարձկաններ ներգրավելու մասին։ Ենթադրվում է, որ դանդաղ կամ լավ էլ արագ ներգործության այս ռումբի տեղադրմանը դեմ են լինելու առաջին հերթին ՌԴ-ն ու Իրանը։ Բայց թե ինչպես, ինչքանով, զրուցել ենք ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Նախ հարցրինք՝ ո՞րը կլինի Ռուսաստանի արձագանքը։
«Չեմ կարող ասել, թե որը կլինի Ռուսաստանի արձագանքը, հազիվ թե դրական, բայց չէ՞ որ սա Ադրբեջանի գործն է, եթե նրանց տեղակայի իր տարածքում»,- ասաց ռուսաստանցի փորձագետը։ «Դե յուրե, այո, բայց ոչ դե ֆակտո»,- նկատեցինք մենք։ Խրամչիխին․ «Այդուհանդերձ, դա նրանց գործն է։ Ի վերջո, սա հիմա համաշխարհային խնդիր է, եւ ամերիկացիներն են, որ նրանց բոլորին պետք է իրենց մոտ տեղավորեն, որովհետեւ սա իրենց գործողությունների հետեւանք է։ Բայց պարզ է, որ նրանք դա չեն պատրաստվում անել։ Նորից եմ ասում՝ ՌԴ-ն շատ ուրախ չի լինի, բայց չեմ տեսնում ինչ-որ լուրջ լծակներ, որոնք կարող են Ռուսաստանին թույլ տալ դա խոչընդոտել»։
Հիշեցնենք, որ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, «Հրապարակի» հետ զրույցում ակնարկելով Հարավային Կովկասում թալիբական ցունամիի մասին, ասել էր․ «Տարածաշրջանում իրադարձությունները դրամատիկ բնույթ են ստանում։ Եվ որքան էլ Աֆղանստանի իրադարձությունները հեռու են թվում, բայց առ ժամանակ հետո Հարավային Կովկասը կզգա դրա հետեւանքները։ Ուստի, հայկական բանակի պաշտպանունակության ավելացման հարցում ՌԴ-ն շահագրգռված է՝ տարածաշրջանային համատեքստում։ Եթե դիտարկենք նեղ ասպեկտով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, ապա այստեղ փոփոխությունները շարունակում են նույնը մնալ, ու գործում են 20 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի առաջնահերթությունները… Մոսկվային անհրաժեշտ են լուրջ քաղաքական գործիչներ, որովհետեւ, կրկնում եմ՝ հասունանում են լրջագույն իրադարձություններ։ Ուշադրություն դարձրեք Աֆղանստանին։ Դա կարող է առնչվել Իրանին, եւ այդ ցունամին կգա Հարավային Կովկաս, որտեղ պետք են լուրջ քաղաքական գործիչներ»։
Կանադայում նախկին դեսպան Արա Պապյանը, որը նաեւ աֆղանական պատերազմին մասնակցության փորձ ունի, մեզ հետ զրույցում այդ վտանգը եւս բավականին ռեալ էր համարել մի քանի պատճառներով․ առաջինը, որ նրանք ծայրահեղ իսլամիստ են, հետեւաբար, ինչը որ քրիստոնեական է, իրենց համար ատելի է, եւ իրենց համար դա լուրջ է։ Երկրորդ, որ աֆղանական փուշտուները գտնվում են Պակիստանի ազդեցության տակ (իսկ Պակիստանը հիմա ներգրավված է այս կոնֆլիկտի մեջ)։ ԵՎ երրորդ՝ Հայաստանը սեպտեմբերից դառնում է ՀԱՊԿ-ի նախագահող երկիր, եւ հաստատ ռուսները կստիպեն, որ Հայաստանը, որպես նախագահող երկիր, ինչ-որ բանաձեւ անցկացնի՝ կապված ՀԱՊԿ-ի մյուս անդամների՝ թալիբներից պաշտպանվելու հետ, մասնավորապես՝ տաջիկների ու ղրղզների օգտին։ Եվ դա հայերը ստիպված կանեն։ Այսինքն՝ կստացվի, որ հայերն են հիմնական նախաձեռնողը։
Մինչ նյութը պատրաստում էինք, տպագրվեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հարցազրույցը, որում նա հայտնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում օկուպացված Ղարաբաղ։ ««Ալ Քաիդա»-ի գրոհայիններից մի քանիսը շտապ կարգով տեղակայվեցին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում: Դա արվում է Թուրքիայի հետ համատեղ եւ մի քանի նպատակ է հետապնդում: Բնականաբար, Թուրքիան ցանկանում է փրկել իր զինյալների ողնաշարը, որն օգտագործում է տարբեր տարածաշրջաններում, հիմնականում՝ Մերձավոր Արեւելքում: Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում գրոհայինների տեղակայումը լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի, Իրանի, ընդհանրապես՝ տարածաշրջանային անվտանգության համար, եւ մի տեսակ վերահսկողություն է բուն Ադրբեջանի վրա: Այս շրջաններում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրականում չեն վերահսկվում Բաքվի կողմից, բայց վերահսկվում են Թուրքիայի կողմից»,- ասել է Բաբայանը։
Իսկ հիմա՝ Ալիեւ-Էրդողանի այլ ծրագրերի մասին։ Ալիեւները ոչ միայն հայտարարել են, այլեւ քայլ առ քայլ իրականացնում են իրենց վերահսկողության տակ անցած շրջաններում մեծամասշտաբ ծրագրեր, այդ թվում՝ մշակութային։ Այս տարվա հունվարի 15-ին շուրջ չորս տասնամյակ անց առաջին անգամ այցելելով Շուշի՝ Ալիեւն իր հետ, քաղաքի կենտրոնում բարձրացնելու համար, հսկա դրոշից բացի բերել էր նաեւ ադրբեջանցի գործիչների՝ Ուզեիր Հաջիբեյլիի, երգիչ Բյուլբյուլի եւ բանաստեղծուհի Նաթավանի կիսանդրիները։ Իսկ ամիսներ անց՝ շատ խորհրդանշական օր՝ Շուշիի ազատագրումից 29 տարի անց, եւ մեկ օր առաջ՝ 2021 թ․ մայիսի 7-ին, ստորագրեց հրամանագիր, որով Շուշին պաշտոնապես հռչակեց երկրի մշակութային մայրաքաղաք։ «Վերականգնել քաղաքի պատմական դեմքը, մշակութային ավանդույթները, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում այն ներկայացնել որպես Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության եւ քաղաքաշինության փայլուն մարգարիտ»։
Ավելին՝ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է առաջիկայում Շուշին հռչակել համայն մահմեդական աշխարհի մշակութային քաղաք։ Ինչպես ասում են՝ «նրանց խոսքը գործ է», եւ օգոստոսի 29-ին Ալիեւը, ընտանյոք հանդերձ, այցելել էր Շուշի՝ այնտեղ ադրբեջանցի երգիչ Բյուլբյուլի տուն-թանգարանի բացման արարողությանը ներկա լինելու։ Հաջորդ օրը այնտեղ բացվեց ադրբեջանցի պոետ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրին:
Ինչպես ձեւակերպել էր Էրդողանը՝ 30 տարի անց Թուրքիան ու Ադրբեջանը կառուցելու են նոր Ղարաբաղ, եւ դրա շրջանակներում արդեն իսկ հայտարարված է, որ Արցախում եւ հարակից տարածքներում կկառուցվի 3 միջազգային օդանավակայան․ մեկը՝ Ֆիզուլիի, մյուս երկուսը՝ Լաչինի ու Քելբաջարի շրջաններում։ Հաջորդիվ վերականգնելու են Բարդա-Աղդամ երկաթուղային ճանապարհը՝ Շուշիից Ֆիզուլի, Թողանլի-Քելբաջար, Հորադիզ-Մինջիվան տանող ավտոճանապարհ, ինչպես նաեւ՝ Հորադիզ-Զանգելան-Կուբաթլի-Լաչին։ Իլհամ Ալիեւը միջազգային օդանավակայանների կառուցումը պլանավորել է իրականացնել այս շրջանների տնտեսական զարգացման համատեքստում։