ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի զրույցը լավ հնարավորություն էր բարձր մակարդակով ներկայացնելու ՌԴ դիրքորոշումը Կիևի և Եվրոպայի` էսկալացիայի վրա խաղադրույքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա լավ հնարավորություն էր, ինչպես ասում են, բարձր մակարդակով ԱՄՆ նախագահին հասցնել մեր դիրքորոշումն առաջին դեմքից», – լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովի պնդմամբ, ԱՄՆ նախագահը բաց է` լսելու այն տեղեկատվությունը, որն իրեն է հասցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Թրամփի մոտեցումը հետևողական է, նա վստահ է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր ըմբռնման հարցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՌԴ նախագահը Թրամփին է հասցրել այն միտքը, որ Կիևն ու իր եվրոպացի հովանավորները խաղադրույք են կատարում ուկրաինական հակամարտության ձգձգման և սրացման, խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչության վրա։