Քաղաքականություն

«Հրապարակ». Սպասում եմ, թե այդ հարցազրույցն ինչ ոգեւորության պոռթկում է առաջացնելու Թուրքիայում

«Հրապարակ». Սպասում եմ, թե այդ հարցազրույցն ինչ ոգեւորության պոռթկում է առաջացնելու Թուրքիայում

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ը, որ հանրության շրջանում հայտնի է որպես ֆեյքերի ՊՈԱԿ, Հայաստանի հերոս հարկատուների հաշվին Հայաստան է հրավիրել 10 թուրքական լրատվամիջոցի աշխատակցի, որ Փաշինյանից հարցազրույց վերցնեն ու «Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ եւ հանգամանալից ներկայացնեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»: ՊՈԱԿ տնօրեն Գոռ Ծառուկյանի ձեւակերպումից ակնհայտ է, թե հայկական ինքնության, մեր ազգային ու պետական շահերի հետ անհամատեղելի ինչ թեզեր է հնչեցրել Նիկոլ Փաշինյանն այդ հարցազրույցի ընթացքում:

Փաստը, որ նախաձեռնությունը ՀՀ իշխանությունն է դրսեւորել, վկայում է՝ Փաշինյանը մտադիր է բանավոր հավաստիացումներից ու հայտարարություններից գործնական փուլ տեղափոխել Հայաստանի հաշվին նոր զիջումները՝ Անկարայի ու Բաքվի պահանջների այն շարքը, որը դեռ չի հասցրել իրականացնել: Թուրք լրագրողների ընդունելությունը մի բան էլ է վկայում՝ Երեւան-Անկարա կոմունիկացիոն խողովակը, այնուամենայնիվ, փաստացի գործում է, ու իր իշխանության համար չափազանց խոցելի այս փուլում, երբ գլոբալ վերափոխումները տարածաշրջան են հասնում, երբ իր վարկանիշը շրիշակից ցածր է, Փաշինյանը փորձում է Էրդողանի հովանոցի տակ տեղավորվել եւ այդկերպ պահպանել իշխանությունը: 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն արձանագրում է՝ նախկինում էլ են թուրք լրագրողներ ժամանել Հայաստան, բայց մի քանի կարեւոր հանգամանք կա, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Նախ, նախկինում առանձին թուրք լրագրողներ կամ խմբեր Հայաստանում հարցազրույցներ են արել թուրքական կողմի նախաձեռնությամբ: «Ես՝ ինքս, մի քանի անգամ տեսել, մասնակցել եմ այդ այցերին, տեսել եմ երկրորդ նախագահի հարցազրույցը, երրորդ նախագահի հարցազրույցը, վարչապետների, ԱԳ նախարարների կամ փոխնախարարների հարցազրույցները, երբ թուրքական կողմն էր շահագրգիռ խոսել հայ պաշտոնյաների հետ: Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանն այն ժամանակ շահեկան դիրքում էր, հաղթած պետություն էր, եւ այն հարցերը, որոնք տրվում էին թուրք լրագրողների կողմից, ստանում էին բավականին կոմպետենտ եւ հայկական շահերն ու կարմիր գծերը հաշվի առնող պատասխաններ, որին հետեւում էին թուրքական ԶԼՄ-ների աղավաղումները: Դա, կարելի է ասել, ընդունված պրակտիկա էր, երբ փորձում էին աղավաղել հայ պաշտոնյաների խոսքերը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե նրանք կարող են հետքայլ կատարել ցեղասպանության կամ Արցախի հարցում: Սա կարեւոր հանգամանք է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ընդգծում է Մելքոնյանն ու շարունակում՝ տեղեկությունը, թե այս նախաձեռնությունը հայկական կողմինն է, վկայում է, որ իշխանությունը փորձում է թուրքական հասարակությանն ու իշխանություններին մեսիջներ փոխանցել:

«Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ այս հարցազրույցում ՀՀ-ն հանդես է գալիս որպես պարտված պետություն եւ, որ ամենակարեւորն է՝ պարտված ղեկավարի միջոցով, ինչը թուրքական հասարակության մոտ՝ որպես արեւելյան հասարակության, միանգամից առաջացնելու է տրամադրություն առ այն, որ խոսում է ոչ թե Արցախյան պատերազմում հաղթած կերպարներից մեկը, օրինակ, երկրորդ կամ երրորդ նախագահները կամ հայկական արժեքներին հավատարիմ Անդրանիկ Մարգարյանը, այլ մի պարտված լիդեր, որը բազմաթիվ կարմիր գծեր է հատել ու այնպիսի հայտարարություններ արել, որոնք մինչ այդ հայ հասարակության մեջ եղել են անթույլատրելի ու անընկալելի, քանի որ ոտնահարել են հայկական պետական եւ ազգային շահերն ու ինքնասիրությունը»,- բացատրում է թուրքագետը՝ հավելելով, որ նախկինում հարցազրույցների ժամանակ հստակ էին հարցերի շրջանակն ու քանակը, որոնք կարող էին ուղղվել հայ պաշտոնյաներին: Խոսքը ցեղասպանության, հողային պահանջների, Արցախի խնդրի մասին էր, եւ այդ բոլոր հարցազրույցներում, ինչպես մեր զրուցակիցն է նշում, պատասխանները հնչել են կոռեկտ եւ դիվանագիտական, բայցեւ՝ կոշտ: Որ ցեղասպանության հարցը չի կարող քննարկման առարկա լինել, Արցախի հարցը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, որովհետեւ այն ազգերի ինքնորոշման խնդիր է եւ այլն:

«Հիմա ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչ մեսիջներ են լինելու այդ հարցազրույցում, երբ այն ամբողջությամբ կամ դրվագներով հրապարակվի: Արդեն իսկ Փաշինյանն իր տարբեր ելույթներում ու հարցազրույցներում հրապարակել է իր պատկերացումները ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների ու Արցախի մասին, եւ, բնականաբար, չկա որեւէ երաշխիք, որ այդ ամենը չի ասվել թուրքական ԶԼՄ-ներին: Թե դա ինչպես է արտացոլվելու թուրք հասարակության պատկերացումներում, ցավոք, դրական լույսի ներքո դիտարկել չենք կարող: Ես սպասում եմ, թե ինչ շոկային տարրեր են հայտնվելու այդ հարցազրույցում, եւ հերթական անգամ  թուրքական հասարակության մոտ ինչ ոգեւորության պոռթկում է լինելու Հայաստանի ներկա վիճակի հետ կապված»,- մտահոգվում է Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, այն, որ ՀՀ իշխանությունները, եթե չասենք` Թուրքիայի հրահանգով են գործում, ապա անում են քայլեր, որոնք ենթադրում են թրքանպաստ լուծումներ կամ տեղավորվում են թուրքական ծրագրերում, ու կա սինքրոն կապ` թուրքական կողմից պահանջ, հայկական կողմից՝ կատարում համադրությամբ: «Հիմա այդ հարցազրույցի կազմակերպումը, այդ՝ այսպես կոչված, խաղաղության խաչմերուկի բուկլետների կամ այլ պետական թեզերի շրջանառումը պետք է մեկ ամբողջության մեջ նայել, դա մեկ օպերայի մաս է, եւ ես ենթադրում եմ, որ նույն գործընթացի մասն է նաեւ Մարգարայի սահմանային անցակետից ռուս սահմանապահների հետքաշումը: Սա գուցե հայ-թուրքական բանագնացների միջեւ ինչ-որ պայմանավորվածության գործընթացի հերթական փուլը կարող է լինել, եւ ես չեմ բացառում, որ այս ամենը նախերգանքն է ինչ-որ փաստաթղթի ստորագրման կամ որեւէ քայլի, օրինակ՝ սահմանը երրորդ երկրների համար բացելու: Եթե կոնտեքստի մեջ նայենք, չեն կարող հենց այնպես լինել այդ քանակությամբ թուրք լրագրողների այցն ու հարցազրույցը, այն էլ՝ Հայաստանի նախաձեռնությամբ: Սա ինչ-որ մեծ գործընթացի` կարելի է ենթադրել, թե ինչ, բաղկացուցիչ մասն է»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Մասնագետն ընդգծում է՝ հատկապես Էրդողանի կառավարման 2-րդ փուլում՝ 2013-ից ու առավելապես 2016-ից սկսած, Թուրքիայում անկախ, ընդդիմադիր լրատվամիջոցներ կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են, դրանք կա՛մ փակվել են, կա՛մ արտաքսվել են ու հետապնդվում են: ԶԼՄ-ները Թուրքիայում իշխանական ենթակայության տակ են, հետեւաբար, այդքան լրագրողի այցը Հայաստան պարզապես չէր կարող լինել առանց թուրքական իշխանությունների թույլտվության կամ հրահանգի, ինչը խոսում է Անկարայի ու Երեւանի միջեւ պայմանավորվածության կամ ընդհանուր խաղի մասին:
«Դա կարող է լինել թուրք-ադրբեջանական պահանջների հերթական իրականացումը, կարող է լինել Ադրբեջանի հետ պայմանագրի չլուծված հարցերի շուրջ պայմանավորվածություն, կարող է լինել ինչ-որ փաստաթղթի ստորագրություն, բայց այն, որ դրանք չեն կարող բխել Հայաստանի շահերից, ասում եմ ոչ թե նրա համար, որ այս իշխանություններն անընդունելի են ինձ համար, այլ ասում եմ, որովհետեւ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, պարտված իշխանության պայմաններում Հայաստանի ունեցած ռեսուրսները թույլ չեն տալիս, որ լինի այնպիսի լուծում, որտեղ Հայաստանը կարող է շահեկան դիրքերում հայտնվել: Առավել քան վստահ եմ, որ իշխանական քարոզչամեքենան դա կներկայացնի որպես ձեռքբերում, որպես խաղաղության հաստատում, խնդիրների լուծում եւ «պայծառ» ապագա, բայց՝ թուրքական կիսալուսնի ներքո»,- եզրափակում է Ռուբեն Մելքոնյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image