Մշակույթ

Կոնդի եկեղեցու հարցում ԿԳՄՍՆ-ի մտահոգությունները փարատվե՞լ են

Կոնդի եկեղեցու հարցում ԿԳՄՍՆ-ի մտահոգությունները փարատվե՞լ են

Օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին, որի իրականացման համար, որպես տարածք, ընտրվել է Երեւան քաղաքի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասը, որտեղ գտնվող որոշ տարածքների նկատմամբ կառավարությունը տվել է վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն՝ ճանաչելով դրանք հանրային գերակա շահ։

Հատկանշական է, որ օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուն եւ գտնվում է դրա պահպանական գոտում: Ավելին՝ մտավախություններ կան, որ նոր կառուցվող առեւտրի կենտրոնը խախտելու է Կոնդի եկեղեցու պահպանական գոտին։

Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկությունների ու առարկությունների ամփոփաթերթում ԿԳՄՍ նախարարությունն այս մասով նկատել է, որ նախագծով ներկայացված հատվածները ներառված են Երեւանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով հաստատված եւ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ներառված Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պահպանության գոտու սահմաններում․ «Տեղեկացնում ենք նաեւ, որ տարածքը գտնվում է Կոնդ պատմական թաղամասի հյուսիսարեւելյան մասում։ Այն կառուցապատված է մինչեւ 3 հարկանի բնակելի տներով։ Բարձունքում գերիշխում է խորհրդային ժամանակաշրջանում վերակառուցված Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, գոտին ամրագրվել է՝ հաշվի առնելով եկեղեցու թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի, ինչպես նաեւ եկեղեցու՝ գլխավոր պողոտայից ընկալումը պահպանելու համար»։ 

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանից հետաքրքրվեցինք՝ հուշարձանի պահպանական գոտին նույնքան անձեռնմխելի՞ չէ, որքան հուշարձանը՝ ինքը։ «Ոչ, պահպանական գոտին կարող է ունենալ 3 ռեժիմ՝ լանդշաֆտի պահպանության գոտի, կառուցապատման կարգավորման գոտի, պահպանության գոտի: Կառուցապատման կարգավորման գոտին հենց նրա համար է, որ պահպանական գոտու մեջ կառուցապատումը կարգավորի, այսինքն՝ կարող է հարկայնության սահմանափակում լինել, որտեղ կան կոնկրետ այդ սահմանափակումները, մենք պահում ենք, որտեղ չկան, դրանք քննարկում ենք խորհրդում։ Դրա համար, նույնիսկ այն հատվածները, որոնք որ կառնչվեն դրան, անհրաժեշտության դեպքում կդրվեն մասնագիտական խորհրդի քննարկման»։

Այդուհանդերձ, ԿԳՄՍ նախարարությունը հենց ինքն էր մտահոգություն հայտնել, որ նախագծով ներկայացված հատվածները ներառված են Երեւանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով հաստատված եւ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ներառված Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պահպանության գոտու սահմաններում։ Հարթվե՞լ են այդ մտահոգությունները, եւ հակասություն չի՞ տեսնում, որ, մի կողմից, Քաղշինկոմիտեն Կոնդի վերակառուցման համար միջազգային մրցույթ է հայտարարում, մյուս կողմից՝ կառավարությունը հենց այդ նույն տարածքները գերակա շահ է ճանաչում։
«Այո, Կոնդի վերակենդանացման մասով մրցույթ է անցկացվել, որը 2 փուլով պետք է լիներ, մրցույթի առաջին փուլն իրականացվել է, որին մենք՝ որպես գերատեսչություն, ելակետային մեր նյութերի մեջ ներառել ենք Կոնդում առկա բոլոր պատմամշակութային հուշարձանները, նաեւ՝ նորահայտի կարգավիճակ ունեցող հուշարձանները։ Բոլոր ելակետային նյութերի մեջ նշվել են ինչպես հուշարձանների տեղերը, այնպես էլ այն, որ բոլոր առաջարկները պետք է հաշվի առնեն դրանց պահպանությունը, եւ ներկայացված առաջարկներն էլ նման տրամաբանությամբ էին։ Հիմա՝ հաջորդ փուլը քաղշինի տիրույթում է, եւ այդ մասով չեմ կարող ոչինչ պատասխանել, բայց հուշարձանների մասով բոլոր ընթացակարգերը պահված են, եւ բոլոր մրցույթի մասնակիցները գիտեն թե՛ հուշարձանների տեղերը, թե՛ դրանց պահպանության անհրաժեշտության մասին»,- նշում է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը։
Այսինքն՝ օտարվող հողակտորը ոչ մի ձեւով չի՞ հատվելու, չի՞ վտանգելու Կոնդում առկա հուշարձանները՝ լինի դա նորահայտ որեւէ հուշարձան, թե 18-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ «Այդ տարածքում որեւէ պատմամշակութային հուշարձան չկա, իսկ որ տարածքը համընկնում կունենա պահպանական գոտու հետ, օրենքով սահմանված կարգով այդ տարածքում իրականացվող ցանկացած միջամտություն պետք է համաձայնեցվի լիազոր մարմնի հետ, ինչը եւ մենք նշել ենք»։

Թե կոնկրետ ինչ շառավղով է Կոնդի եկեղեցու պահպանական գոտին, Հ․ Վանյանը նշեց, որ անգիր չի հիշում, քանի որ հազարավոր հուշարձաններ ունենք, որոնցից յուրաքանչյուրի պահպանական գոտին տարբեր է։ Բայց համոզված է, որ այս պահի դրությամբ հուշարձանների պահպանության առումով այս նախագիծը խնդրահարույց չէ, իսկ թե քաղաքաշինական ինչ խնդիրներ կարող է ստեղծել, չի կարող ասել, քանի որ իր իրավասությունների շրջանակում չէ։

Այդուհանդերձ, եթե 18-րդ դարի եկեղեցու կողքը նման մասշտաբի շինարարություն արվի, հուշարձանի հիմքերը չե՞ն վնասվի։ «Պահպանական գոտին կազմվում է հենց նրա համար, որպեսզի բոլոր հնարավոր վնասները հաշվի առնվեն։ Պահպանական գոտուց դուրս գտնվող աշխատանքներն ուղղակի մեր լիազորություններում չեն։ Սակայն պահպանական գոտու սահմաններում եթե կա ցանկացած համընկնում, անկախ նրանից՝ դրա սեփականատերն այժմյան սեփականատերը կլինի, թե կօտարվի որեւէ մի այլ կազմակերպության, միեւնույն է՝ ցանկացած գործունեություն պահպանական գոտու տարածքում մեզ հետ համաձայնեցվում է։ Այսինքն՝ նույնիսկ եթե այս ծրագիրը չլիներ, բայց այդ պահպանական գոտում այժմյան սեփականատերը որեւէ բան ուզենար անել, դարձյալ պետք է համաձայնեցվեր լիազոր մարմնի հետ։ Այս առումով մեզ համար էական չէ, թե ով է ձեռնարկողը, պահպանական գոտու հետ ցանկացած առնչություն պետք է, օրենքով սահմանված կարգով, լիազոր մարմնի հետ համաձայնեցվի»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image