Հոգեբաններն ինձ համար ամենասիրելի ու օգտակար մասնագետներն են: Հատկապես մենք` հայերս այսօր առավել քան երբևէ ունենք հոգեբանական աջակցության կարիք, քանի որ մեզ պատուհասած աղետները, կորուստներն ու փորձությունները, դրան էլ գումարած` յուրաքանչյուրիս անձնական խնդիրները լուրջ սթրեսների և դեպրեսիաների պատճառ են դառնում: Ինքս բազմիցս դիմել եմ հոգեբանների օգնությանը, երբ ունեցել եմ դրա կարիքը: Արդյունքը գոհացրել է ինձ: Որոշ չափով կարողացել եմ լուծել իմ խնդիրները, որոնց պատճառով դիմել եմ մասնագետին:
Իսկ ամենակարեւոր հարցն այն է` ինչպես ընտրել ճիշտ հոգեբանին: Վերջերս համացանցում հատված առ հատված տարածում էին հոգեբան Արմինե Մանուկյանի «Անտիսթրես» հաղորդաշարի շրջանակներում արված հարցազրույցից մի հատված, որտեղ հոգեբանը խոսում էր կին-տղամարդ հարաբերությունների մասին և պնդում, որ կինը միշտ պետք է ամուսնուց մեկ քայլ հետ լինի, ամուսնուց ավելի քիչ գումար վաստակի, ամուսնուն իր խնդիրներով չծանրաբեռնի, խաղա ամուսնու համար և այլն: Օգտատերերի մի մասին զայրացրել էր հոգեբանի այս սեքսիստական մոտեցումը, կնոջը տղամարդուց մեկ քայլ հետ դասելու այդ կարծրատիպային, նահապետական պատկերացումը: Ոմանք ուղղակի ծաղրում էին, թե ինչպես կարող է հոգեբանն իրեն նման անլուրջ հայտարարություններ թույլ տալ: Ճշմարտանմա՞ն էին հոգեբան Արմինե Մանուկյանի մոտոցումները կին-տղամարդ ժամանակակից հարաբերությունների մասին, թե՞ ոչ, սա հարցի մի կողմն է, որը քննարկման չենք դնում: Սակայն հարցն այն է. ինչո՞ւ է հոգեբանը անում այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վանել հանրության իքս հատվածին: Օրինակ վերը նշված հարցազրույցում արված պնդումների պատճառով հոգեբանը կարող է բազմաթիվ կին այցելուների կորցնել: Այդ դեպքում ո՞րն է նման հայտարարություններ անելու մոտիվը:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը ևս աչքի է ընկնում զարմանք առաջացնող հարցազրույցներով: Օրինակ` վերջերս Ծատուրյանը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին հարցազրույց էր տվել և պնդել, որ միասեռական լինելը հիվանդություն է, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի քան 20, եթե ոչ ավելի տարի առաջ հաստատել է, որ ունենալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում, չի նշանակում լինել հոգեկան կամ որեւէ այլ տեսակի հիվանդ: Ի դեպ, հետաքրքիր է, եթե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հանդգնեն ու դիմեն Ծատուրյանին հոգեբանական աջակցություն ստանալու համար, նա կմերժի՞ նրանց որոշակի գումարի դիմաց հոգեբանական աջակցություն ցուցաբերել, միանշանակ` չի մերժի, ավելին` գուցե էկրաններից այն կողմ ` իրական կյանքում հոգեբանը շատ դրական վերաբերմունք ցուցաբերի նրանց նկատմամբ, բայց հեռուստաէկրանից աղմկահարույց հայտարարություններ անելու գայթակղությունը մեծ է:
ՀԳ. Հոգեբանները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններ անելուց, որոնք կարող են հասարակության իքս խավին թիրախավորել, խտրականության ենթարկել, նվաստացնել և վիրավորել: Հակառակ դեպքում նրանք պարզապես հասարակության մեջ կդադարեն հոգեբանի ստատուսը վայելել: Ճիշտ հոգեբան ընտրելիս մարդիկ հետևում են մասնագետ-հոգեբանի հրապարակային խոսքին, հարցազրույցներում հնչեցրած մտքերին: Հոգեբանը մշտապես պետք է զերծ մնա հասարակության տարբեր շերտերին, մյուսներից տարբերվող մարդկանց գնահատականներ տալուց: