«Հրապարակ»-ի զրուցակիցը ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւն է։
- Խնդրում եմ մեկնաբանել Հայաստանին եւ Ադրբեջանին մոսկովյան բանակցային հարթակ հրավիրելու մասին ՌԴ ԱԳՆ ուղերձը։
- Դա Ռուսաստանի վաղեմի դիրքորոշման արտահայտությունն է, ինչպես հիշում եք, ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ որոշ ժամանակ գործեց միջկառավարական հանձնաժողովը, որի նիստերը ժամանակի ընթացքում դադարեցին, եւ գործընթացը՝ մի կողմից, Ադրբեջան-Հայաստան փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովի երկկողմ ձեւաչափով, մյուս կողմից` Արեւմուտքի միջնորդական եւ բանակցային ջանքերի ձեւաչափով շարունակվեց, սակայն արեւմտյան համառ ջանքերը չբերեցին եւ, ըստ ամենայնի, չեն բերի որոշակի արդյունքի, չնայած խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ամերիկացի դիվանագետների հիվանդագին ջանքերին ու հայտարարություններին։ Մենք հասկանում ենք, որ Արեւմուտքի ջանքերը բավարար չեն, եւ Մոսկվան հերթական անգամ հիշեցնում է իր հնարավորությունների ու այդ ճանապարհին որոշակի աշխատանքների մասին, որոնք հնարավոր է ակտուալացնել։ Հաջողությա՞մբ կպսակվեն արդյոք այդ ջանքերը՝ կտեսնենք։ Եթե չեմ սխալվում, Բաքուն արդեն հայտարարել է, որ դեմ չէ բանակցել, միայն թե արդյունքն իր համար ընդունելի լինի։ Նրա դիրքորոշումը բավականին պրագմատիկ է, տեսնենք, թե ինչպես կարձագանքի Երեւանը։
- ՌԴ ԱԳՆ-ն խոսում էր հավասարակշռված խաղաղության պայմանագրի մասին, իսկ մինչ օրս գործընթացը միակողմանի է եւ փաստացի բավարարում է Ադրբեջանին։
- Ես հասկանում եմ, թե ինչ եք ասում։ Բաքուն շահագրգռված է իր տեսակետներն արտահայտող լուծումներով եւ շահագրգռված է այնպիսի փաստաթղթի ստորագրմամբ, որը կբավարարի նրա առավելապաշտական պահանջները։ Նրանք հիմնականում նախորդ շրջանում հասել են իրենց այդ նպատակին։ Եթե հիշում եք, հայկական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու իրողությունը հենց արեւմտյան հարթակում եւ արեւմտյան առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցավ։ Այսպես թե այնպես, ինչպես ես եմ կարծում, Բաքուն հակված է այս գործընթացին թափ հաղորդել, իսկ եթե դա չստացվի, ապա նրանք կձգձգեն բանակցային գործընթացը։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ իր պահանջները չեն բավարարվում, ուղղակի դադար կվերցնի, եւ այդպիսով բանակցային գործընթացի հերթական դադարը կգրանցվի, ինչը հղի է տարբեր անսպասելի զարգացումներով։
- Ի՞նչ է հասկանում Մոսկվան՝ «հավասարակշռված կարգավորում» ասելով։
- Կարծում եմ՝ դա նշանակում է կողմերի ընտրության եւ դիրքորոշումների ճանաչում, այն դիրքորոշումների, որոնց շուրջ կողմերն այս փուլում համաձայնության կգան։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կփորձի առաջ մղել բաներ, որոնք կողմերը ճիշտ չեն ընկալի կամ մեկնաբանի։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված այդ փորձը կար մինչեւ 2023 թվականը, բայց մենք տեսանք, որ դա որեւէ դրական արդյունքի չհանգեցրեց, ուստի կարծում եմ, որ ռուսական կողմը կառաջնորդվի Երեւանի եւ Բաքվի սուվերեն ընտրությամբ։ Հայաստանի իշխանություններն իրենց համար քաղաքական-դիվանագիտական գործընկեր ընտրել են, եւ կարծում եմ, որ նա իրենց շահերն ավելի լավ կարտահայտի։ Մենք դա տեսնում ենք, մի կողմից, Բրյուսելի ու Վաշինգտոնի, մյուս կողմից՝ Երեւանի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ։ Գուցե մենք տեսնում ենք «ավանսը», գուցե հայկական կողմին խոստումներ են տրվել, բայց կարծում եմ, որ այդ խոստումները ծայրահեղ կասկածելի են, որովհետեւ այդ թվում որոշ ամերիկյան պաշտոնյաների հայտարարություններ վկայում են, թե նրանք ինչով են շահագրգիռ: Ըստ էության, այնպիսի փաստաթղթի ստորագրմամբ, որն առավելապես կգոհացնի Ադրբեջանին։
- Ռուսաստանի դիրքորոշումն այդ մասով տարբերվո՞ւմ է։
- Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հայտարարություններն այդ մասով չեն տարբերվի Բաքվի եւ Երեւանի հայտարարություններից եւ չեն հակասի այն պայմաններին, որոնց շուրջ կողմերը կպայմանավորվեն։
- Ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանը մոսկովյան հարթակի առաջարկին։
- Նիկոլ Փաշինյանի գործողությունների հիմնական մոտիվացիան եւ իրականացրած քայլերը պայմանավորված են սեփական իշխանությունը պահելու եւ ապագայում վերարտադրվելու հանգամանքով։ Հենց այդ պատկերացումներից ելնելով էլ կգործի ՀՀ իշխանությունը։ Եթե նա քաղաքական տեսանկյունից կարծի, որ Բաքվի պահանջներն անընդունելի են ու հանրային ընդվզման հերթական ալիքը կհարուցեն, ապա ամեն կերպ կձգձգի պրոցեսը, այլ հարց է, որ դա հնարավոր չէ անվերջ անել։ Գուցե այս տարվա ընթացքում այդ մարտավարությունն աշխատի, որովհետեւ Ադրբեջանում խոշոր կլիմայական համաժողով պետք է կայանա, եւ դժվար թե Բաքուն այդ համաժողովի նախապատրաստման եւ անցկացման ֆոնին շահագրգռված լինի մեծամասշտաբ լարվածությամբ, բայց իրավիճակն այլ կարող է լինել 2025 թվականին, եւ այն կարող է պայմանավորվել ամենատարբեր հանգամանքներով, այդ թվում՝ Սպիտակ տան տիրոջ անձով։ Ինչպես հասկանում ենք, Բաքուն բավականին հստակ համակրանք է արտահայտում Թրամփի նկատմամբ, այն դեպքում, երբ Երեւանը հետաքրքրված կլիներ դեմոկրատական ադմինիստրացիայի պահպանմամբ։
- Հայաստանն իրավիճակը փոխելու շանս ունի՞։
- Կարծում եմ՝ նման հնարավորություն կառաջանա, եթե տարբեր ուժային կենտրոնների միջեւ բալանսավորման գործընթացը տեսանելի եւ ընկալելի լինի ու չսահմանափակվի բացառապես արեւմտյան վեկտորով։ Արեւմուտքը, անկասկած, Հարավային Կովկասի պետությունների եւ էլիտաների վրա ազդեցության ու ճնշման լուրջ գործիքակազմ ունի, բայց, միեւնույն ժամանակ, այլ ուժային կենտրոններ էլ կան։ Ես նկատի չունեմ միայն ՌԴ-ն, այլեւ ՉԺՀ-ն, որը վերջին շրջանում էլ ավելի ակտիվ է հայտարարում տարածաշրջանում իր հետաքրքրությունների մասին, ու անցանկալի իրավիճակում չհայտնվելու համար շատ կարեւոր է չտրվել մեկ վեկտորի։
- Մեթյու Միլլերը ՀՀ-ին ու Ադրբեջանին հորդորել է գնալ բարդ ընտրության եւ ծանր փոխզիջման։ Նկատի ուներ Զանգեզուրի միջա՞նցքը։
- Նա նկատի ուներ այդ թվում դա, նաեւ՝ այլ պահանջներ, որոնք Ադրբեջանը հրապարակային եւ ոչ հրապարակային առաջադրում է Հայաստանին։ Ամերիկյան պետդեպը Հարավային Կովկասում իր քաղաքականությունն իրագործելիս դա է նկատի առնում։ Այստեղ թափանցիկությունը չէր խանգարի, որովհետեւ այն, ինչ ասում է Միլլերը, ընդհանուր առմամբ, հասկանալի է, բայց տարբեր ենթադրությունների տեղ է թողնում։ Իհարկե, նա առաջին հերթին նկատի ուներ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, հատկապես՝ Էրդողանի վերջին հայտարարությունը, որը կրկին այդ թեման շոշափեց՝ Հայաստանի համար բավականին կատեգորիկ ձեւակերպումներով եւ կոնտեքստում։
- Ռուսաստանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։
- Կարծում եմ՝ Մեղրիով ճանապարհի նշանակությունը ՌԴ-ի համար շատ է գերագնահատված, մյուս կողմից, խոշոր ընկերությունների համար կարեւոր է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ կայուն կապերի պահպանումը՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնց բախվել է Ռուսաստանն արեւմտյան պատժամիջոցների կիրառումից հետո։ Եվս մեկ կարեւոր հանգամանք, որը Ռուսաստանին կմղի տարածաշրջանում առավել ակտիվ գործողությունների, սահմանային հատվածներում, մասնավորապես, Հյուսիսային Կովկասում կայունության պահպանման անհրաժեշտությունն է եւ դիվերսիոն-ահաբեկչական պատերազմի համար նախապայմանների վերացումը, որոնք, ինչպես գիտենք, արտաքին ուժերի կողմից են խրախուսվում։ Այստեղ կարեւոր է ե՛ւ Ադրբեջանը՝ որպես սահմանամերձ երկիր, ե՛ւ, իհարկե, Հայաստանը։ Մենք հիշում ենք հայտարարություններն այն մասին, որ Ղրիմի կամրջի համար նախատեսված վտանգավոր բեռները Հայաստանով են անցել։ Սրանք, իհարկե, կցկտուր հայտարարություններ են, բայց թելադրում են այդ թվում սահմանային հսկողության եւ արտաքին գերատեսչական հարցերում մեր կապերի վերականգնման անհրաժեշտություն, որոնք, ինչպես գիտենք, լավ վիճակում չեն։ Կարծում եմ՝ Երեւանի ու Մոսկվայի շահերից է բխում համալիր երկխոսությունը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
- Պատերազմից հետո Հայաստանը Հարավային Կովկասի «թույլ օղակն» է դարձել։ ՌԴ-ի համար կարեւո՞ր է գործ ունենալ քիչ թե շատ ուժեղ ու կայուն Հայաստանի հետ։ Ադրբեջանի պահանջներն իրականացնելու դեպքում մեր պետությունը կարող է պարզապես չլինել։
- Այստեղ կարեւոր է, որ գործող հայկական իշխանությունը նախեւառաջ գիտակցի ազգային-պետական շահերը եւ իր տեղն այն նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որոնց վերջին շրջանում ականատես ենք։ Այն, ինչ տեղի ունեցավ 2018, 2019 եւ 2020 թվականներին, երբ ոչ առանց Փաշինյանի կառավարության գործուն մասնակցության խարխլվեց բանակցային գործընթացը, եւ չեզոքացվեցին բոլոր այն դրական ձեռքբերումները, որոնք նախորդած շրջանում, այդ թվում՝ 2016-ին, թույլ էին տալիս զսպել զինված միջադեպերը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Ոչ պակաս տարակուսելի են դեպի Արեւմուտք միակողմանի կողմնորոշման ՀՀ իշխանության փորձերը, այն դեպքում, երբ Արեւմուտքն առաջնորդվում է բացառապես իր պատկերացումներով եւ ոչ երբեք ՀՀ անվտանգության ապահովման խնդրով։ Կարծում եմ, որ հայկական ինքնությունը, ազգային, մշակութային ու կրոնական ինքնությունը փոխելու, Հայաստան-Սփյուռք կապերը խարխլելու փորձերը կբերեն եւ արդեն իսկ բերել են ոչ այնքան լավ հետեւանքների։ Չէ՞ որ նախկինում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն էր թույլ տալիս Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ինտեգրացիայի պայմաններում ապահովել իր դիրքերը։ Այնպես որ, խնդիրները շատ են, եւ բոլորը չէ, որ կախված են Ռուսաստանից։ Դրանք, այսպես թե այնպես, ՀՀ գործող իշխանությունն է որոշելու: Եթե նա տանում է նույնիսկ ոչ արեւմտյան, այլ թուրք-ադրբեջանական տարատեսակ կոմունիկացիոն նախագծերում ինտեգրացիոն հետեւողական քաղաքականություն, Ռուսաստանը, մեծ հաշվով, դրան դիմակայելու միջոց ու մոտիվացիա չունի, թեեւ ես կարծում եմ, որ առանձին կորպորացիաների ու տնտեսական միավորների մակարդակում Հայաստանի համար շահեկան կապերը կպահպանվեն, իհարկե, եթե ՀՀ գործող իշխանությունը չտրվի արեւմտյան գործընկերների ճնշմանը։
- Իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսության վերականգնում հնարավո՞ր է։
- Կհորդորեմ ուշադիր կարդալ Դմիտրի Պեսկովի՝ այդ ուղղությամբ վերջերս արած հայտարարությունը, որտեղ նա բավականին հստակ շեշտադրումներ է անում, այդ թվում՝ խոսում է հայ ժողովրդի սուվերեն ընտրության մասին, բայց, մյուս կողմից, եթե հայ ժողովրդի սուվերեն ընտրությունն այնպիսին լինի, ինչպիսին ուկրաինական ժողովրդի չակերտավոր ընտրությունն էր, ապա ե՛ւ Երեւանը, ե՛ւ Մոսկվան այդ ընտրության համար կփոշմանեն։ Ես հուսով եմ, որ այս՝ ոչ հեշտ ժամանակներում հայ-ռուսական հարաբերություններում տեղ գտած մշուշը կցրվի, եւ հնարավոր կլինի վերադառնալ այն մեխանիզմներին, որոնք երկար ժամանակ գործել են, եւ այդ հարաբերություններում ծագող խնդիրները կլուծվեն կառուցողական երկխոսության, այլ ոչ թե անհավասարակշիռ քաղաքական հայտարարությունների եւ սոցցանցերում էմոցիոնալ գրառումների ճանապարհով։