Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը ողջ օրը մտածում է, թե ինչ նոր հրապարակում անի իր ֆեյսբուքյան էջում, որպեսզի Ալիևի հակահայկական խոսույթին մի բանով էլ նպաստի եւ ներհայաստանյան «օրակարգ» թելադրի` հերթական սկանդալային միտքը դաշտ նետելով: Իր հերթական հրապարակման մեջ նա արդեն անցնում է բոլոր կարմիր գծերը եւ Արցախը հայտարարում է օտար հող, արցախցիներին` հայաստանցիների թշնամի, Արցախում հայ զինվորների ծառայությունը` ագրեսիա եւ մեղադրում է նախկին նախագահներին Արցախը պահելու, նրա համար կռվելու, Արցախին աջակցելու համար: Մասնավորապես գրել է. «ՏՊԼ–ին (նկատի ունի` Լևոն Տեր-Պետրոսյանին) ո՞վ եւ ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, ով ժամանակին բավականին մտերիմ էր Փաշինյանի հետ եւ անգամ իր տուն էր հրավիրում, որ նրան հաշտեցնի Էդմոն Մարուքյանի հետ, «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով այդ թեզի առաջքաշմանն, ասաց, որ նաեւ իր աթոռի անվտանգությունն էին ապահովում Ակնայում ծառայողները:
«Այն հայը, որ գնացել է Ակնայի սահմանը պահելու, պահել է Երևանի կենտրոնում գտնվող աթոռի անվտանգությունը: Իսկ թե ինչ գործ ունեին Երևանում ծնված 18 տարեկան տղաները Արցախում՝ գնացել էին իրենց մամայի, իրենց պապայի, իրենց ընտանիքի ու իրենց ընտանիքի անվտանգությունը ապահովելու` եթե ինչ-որ մեկի մոտ հարցադրում է առաջացել, թե ինչու էին գնացել: Հենց գնացել են իրենց սեփական ծնողների, ընտանիքի, քույր, եղբայրների, ընկերների և հայրենիքի անվտանգությունն ապահովելու: Մինչև չգտնեք այն պատասխանը, թե ինչքան է Արցախը նպաստել Հայաստանի անվտանգությանը, ինչքան է Արցախն օգնել, որ Հայաստանը հայկական մնա, այդ ձևակերպումները միշտ ուրիշ տեղ են տալու»,-ասաց Պողոսյանը: