Քաղաքականություն

Կա՛մ, կա՛մ…

Կա՛մ, կա՛մ…

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվը՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, ըստ «Հրապարակ»-ի, լրագրողներին հայտնել է, որ անձամբ ինքը Վեհափառ հայրապետին խնդրում է արդար ու ողորմած մոտեցում ցուցաբերել այն անձանց հանդեպ, որոնք հայտնվել են ճնշումների, շանտաժի, վախի կամ կեղծ խոսքերի ազդեցության տակ։ Նրա խոսքը, որպես հոգեւոր հովվի, արժանի է հարգանքի՝ հատկապես որ այն վերաբերում է այլ հոգեւորականների: Բայց պատկերացրեք մի այնպիսի իրավիճակ, երբ նիկոլականներից ոմանք միանում են ընդդիմությանը, ու մտածեք, թե ինչ կաներ նրանց հետ վարչապետի աթոռից կառչած անձը: Իսկ ես ասեմ՝ ինչ էլ ինքն աներ, դա իր տեսակետից արդարացված կլիներ: Որովհետեւ այդ պահին նժարի վրա էր դրվելու իշխանության պահպանման հարցը: Իսկ թե ինչ արժեք ունի այդ հարցը, կարծում եմ, մեր ժողովուրդն արդեն զգացել է իր մաշկի վրա: Օսմանյան սուլթանները, ի դեպ, մի քանի դար իրավունք ունեին, իշխանության հասնելու կամ պահպանելու համար, այն աշխարհ ուղարկել իրենց հարազատ եղբայրներին: Դա թույլատրող՝ «Ֆաթիխայի օրենք» անվանումը կրող փաստաթուղթը մշակվել է դեռեւս 15-րդ դարում:

Նիկոլը, իհարկե, ո՛չ այդքան դաժան է, եւ ո՛չ էլ 21-րդ դարում այդ դաժանությունը կներվեր նրան, եթե դիմեր նման միջոցի: Բայց որեւէ մեկին բանտարկելը, ինչպես գիտենք, խնդիր չէ նրա համար: Մեկ-մեկ առանձին դատավորներն են խանգարում նրան այդ հարցում, բայց դրա դեմն առնելն էլ բարդ չէ․ դատավորների անկախությունն ապահովելուն կոչված՝ «ԲԴԽ» հապավումով կառույցը ողջ լինի: Այնպես որ, եթե Վեհափառ հայրապետը ցանկանում է չպարտվել իր դեմ Նիկոլի հրահրած պատերազմում, ապա պետք է ցուցաբերի ոչ թե ներողամիտ վերաբերմունք, ինչպես Տեր հայրն է ակնկալում, այլ շարժվի ըստ պատերազմական իրադրության, որովհետեւ որքան էլ հավատացյալ ժողովրդի ակնկալիքները լինեն հումանիստական բնույթի, այդ պատերազմում Վեհափառի պարտությունը հանգեցնելու է հայոց եկեղեցու վերացմանն այնպիսի տեսքով կամ կարգավիճակով, ինչպիսին առկա է այսօր:

Որպեսզի «Հրապարակ»-ի թեկուզ մեկ ընթերցողի մոտ կասկած չմնա, թե ինչպիսի մարդ կամ ղեկավար է Նիկոլը, ներկայացնեմ լրագրողների հետ նրա ճեպազրույցի մեկ դրվագը: Երբ նրան հարցնում են, թե ինչպես է հնարավոր սեռական կյանքով չապրելու ուխտը խախտած մեկ հոգեւորականին նմանատիպ մեկ այլ հոգեւորականի միջոցով հրաժարական պարտադրելը, չքմեղանում է, թե դրանից տեղյակ չէ, որովհետեւ, իր ասելով, հրավիրած հոգեւորականների կենսագրությանը լավ չի ծանոթացել: Այստեղ են ասել՝ եփված հավի ծիծաղը կգար նման պատասխանից: Այնինչ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նախ չէր կարող դա չիմանալ, երկրորդ` ինչպես եղավ, որ մյուսներինը գիտի, սրանցը չգիտի: Եվ, ինչն շատ ավելի կարեւոր է, հենց Արգիշտի Էլբեկի Քյարամյանին պետք է նշանակեր ՊՎԾ պետի պաշտոնակատար, իսկ երկու տարի չանցած՝ Քննչական կոմիտեի նախագահ, որպեսզի իր մի խոսքը վերջինիս համար օրենքից բարձր արժեք ունենար: Ինչ վերաբերում է կոմիտեի նախագահի պաշտոնից նրա ազատմանը, ապա, իմ կարծիքով, դրա պատճառն այն էր, որ վերջինս ԱԺ դահլիճում «մեծարգո վարչապետի» ներկայությամբ չկարողացավ պահել իրեն ինչպես հարկն է: 

Ինչեւէ, Վեհափառ հայրապետը կա՛մ պետք է աթոռակալ կաթողիկոս նշանակի՝ ինչ-որ պահից հրաժարական ներկայացնելու համար, կա՛մ էլ, եթե չունի նման ցանկություն, ապա պետք է մի կողմ դնի ներողամտության վերաբերյալ մտքերը եւ Եկեղեցին մաքրի դավաճանի վարքագիծ դրսեւորած հոգեւորականներից, որովհետեւ գործող իշխանության կողմից դրված չէ Եկեղեցին մաքրելու խնդիր: Օտարների կողմից նրա առջեւ դրված է հայոց եկեղեցու հոգեւոր ազդեցությունը զրոյացնելու նպատակ, ու նա փորձում է դա իրագործել՝ խոսելով «հոգեւոր արժեքներից բխող՝ արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու» վերաբերյալ: Ու, խտրականություն չդնելով միջոցների մեջ, համառությամբ գնում է այդ նպատակի իրագործմանը: Ինչ վերաբերում է Եկեղեցին մաքրելուն, ապա դա կարվի այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանության գործողությունները պայմանավորված կլինեն ոչ թե թշնամու թելադրանքով, այլ կբխեն ներքին կարիքներից: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image