Քաղաքականություն

Փաշինյանի «ինչ ուզում եմ, բանակցում եմ»-ը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում

Փաշինյանի «ինչ ուզում եմ, բանակցում եմ»-ը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում

Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանն օրերս միմյանց դրական ազդակներ փոխանցեցին։ Էրդողանն էլ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին, ասել էր, որ պատրաստ են հարաբերությունների աստիճանական կարգավորման։

Հիմա, երբ պատերազմում հաղթել են, տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք, եւ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի: «Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական եւ պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարեւանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը եւ անդրադարձել իր առաջարկին՝ «Վեցի հարթակ»-ին․ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան։

Ըստ Էրդողանի՝ եթե այդպիսի հարթակ կազմակերպվի, տարածաշրջանում շատ հանգիստ կլինի։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը նախքան պատերազմը հանդես էր գալիս ավելի արմատական դիրքերից։ Թաթուլ Հակոբյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որքան պետք է Հայաստանին, այնքան էլ Թուրքիային. «Եվ մենք, էսպես ասած, էդտեղ ոտ ու ձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք, չնայած դա մի հարց է, որ պետք է լինի մեր օրակարգում»: Ավելին, նա 2018-ին հայ-թուրքական հարաբերությունների համար կարեւորագույն հարց էր համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն ընդգրկված էր իր կառավարության 2018թ․ ծրագրում։

«Կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։ Մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ»։ 2019-ին էլ հայտարարում էր, որ «Թուրքիան շարունակաբար մեր երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղի հարցի, այսինքն՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հետեւաբար, քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք կարող ունենալ»։ Իսկ 2021-2026թթ․ կառավարության ծրագրի դրույթներում արդեն «տարածաշրջանային խաղաղության» պահանջն է։ Հիմա այլեւս Արցախի խնդիրը չկա, ինչի հետ Թուրքիան կապում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Չկա խնդիրը, չկան նաեւ հակասությունները։ Բայց մեկ խնդիր մնացել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը, փաստորեն, վերջին խոչընդոտն է «տարածաշրջանային խաղաղության» ճանապարհին։ Ահա մի նոր զրոյական կետ կամ «ինչ ուզում եմ, բանակցում եմ»-ի թեմա Փաշինյանի համար։

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը դիվանագետների հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է հրաժարվել ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, մանավանդ որ աշխարհի ամենակարեւոր երկրները ճանաչել են, այս հարցի հետապնդումը մեզ ոչինչ չի տա՝ խնդիրներից բացի։ Ուստի ԱԳՆ քաղաքականությունը եւս պետք է փոխվի։ 

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ կարծում են, որ Հայաստանն այլեւս չպե՞տք է հետապնդի ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Ըստ Աղազարյանի՝ ոչ։ «Բոլոր դեպքերում, այդ ազդակներից չի բխում, որ մենք պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանությունից ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատենք՝ ոչ մեր, այսպես կոչված, հիշողության հաշվին»։ 

Որո՞նք են Թուրքիայից ստացվող դրական ազդակները։ Հովիկ Աղազարյանն ասում է․ «Կարող է պատահի․․․ ժամանակը ցույց կտա, թե դրանք որոնք են։ Օրինակի համար կարող է պատահի՝ էդ հարցի շուրջ գանք ընդհանուր հայտարարի»։ Իսկ թիմում է՞լ են կարծում, որ․․․, ասաց․ «Թիմում էն կարծիքին ենք, որ չենք հրաժարվում»։ Իրո՞ք Հովիկ Աղազարյանը հանձն է առնում նման բան հայտարարել ողջ  քաղաքական թիմի անունից, իսկ հնարավո՞ր է, որ Աղազարյանի մեջ նախկին դաշնակցականն է խոսում։ Մի քիչ կարկամելով՝ Աղազարյանը թիմի մասով ասաց՝ չեմ կարող ասել, որովհետեւ հատուկ քննարկում չի եղել։ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն իրեն հայտնի՞ է։ Աղազարյան․ «Դե, տենց չեմ կարա հստակ ձեւակերպել։ Հա, անընդհատ խոսակցություն գնացել ա, բայց հիմա հստակ չեմ կարա հիշեմ, թե․․․»։

Նշենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար, թերեւս, պետք է «խմբագրվի» 1991 թվականի Անկախության հռչակագիրը, որտեղ թեեւ Թուրքիայի նկատմամբ տարածքային եւ այլ նյութական պահանջներ չկան, սակայն նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 15 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image