Այսօր երեք իրադարձություն գրավեց ուշադրությունս, որոնք յուրովի նշանային էին։ Մեկը Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին գրավով ազատ արձակելու որոշումն էր։ Սա նրա երկրորդ ազատ արձակումն է՝ 2020-ին էլ կալանավորեցին, ապա ամիսներ անց բաց թողեցին։ Իսկ սա խոսում է մեր իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալիզմի, անգամ՝ տգիտության մասին։ Քրեական գործ հարուցելն ու մարդուն անտեղի կալանավորելը սովորական բան է դարձել մեզանում։ Եւ եթե անգամ այս իրավական բեսպրեդելի մեջ դատարանն ինչ որ պահի որոշում է մարդուն ազատել, կնշանակի նրան մեղադրելու չնչին հիմք էլ չունեն՝ ուղղակի մեկի քմահաճույքով, քաղաքական կամ այլ նկատառումներից ելնելով՝ գործ են բստրել ու նստեցրել։ Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին։ Դրա համար էլ հասարակությունը բացարձակապես վստահություն չի տածում ոչ իրավապահների, ոչ նրանց քննած գործերի, ոչ էլ մեղադրանքների նկատմամբ։ Այս մի ոլորտն էլ վերջնականապես արժեզրկեցին ու դեգրադացրեցին։
Երկրորդ նշանային իրադարձությունը դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունների դադարեցումն էր։ Իհարկե, դատավորը, այն էլ՝ կին, վատ բան է արել, ալկոհոլ օգտագործած ղեկին է նստել, բախվել այլ մեքենայի, ապա ոստիկաններին վիրավորել։ Անշուշտ, էթիկայի կանոններ է խախտել եւ արժե նրան պատժել։ Բայց իմ կարծիքով՝ դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել բացառապես արդարադատության դեմ կատարած հանցագործության հիմքով, այն էլ՝ շատ հիմնավոր հիմքի առկայության դեպքում։ Որովհետեւ մեզանում լավ դատավորներն ավելի քիչ են, քան լավ քննիչները, լավ նախարարները, կամ՝ լավ լրագրողները։ Եւ այն դատավորը, որը պրոֆեսիոնալ հանցանք չի կատարել չի թերացել իր բուն աշխատանքում, չպետք է ազատվի պաշտոնից։ Որ ազատում եք՝ ումո՞վ եք փոխարինելու․ 25-26 տարեկան պատանիներո՞վ, որոնք իրավաբանության տարրական կանոնները չգիտեն։ Լավ կադրը (եթե իհարկե լավ կադր է) թանկ բան է եւ դրանց չի կարելի շռայլել ու ցանկացած վրիպումի համար փողոց նետել։
Եւ երրորդ նշանային իրադարձությունը Էդմոն Մարուքյանի՝ Հատուկ հանձնարարությունների դեսպան նշանակվելն է։ Անկեղծ ասած, Մարուքյանի ծառայությունների դիմաց ես շատ ավելի լուրջ պաշտոն էի ակնկալում, որ նրան կտան։ Մարդն անուրանալի ծառայություններ է մատուցել իշխանություններին՝ հանրապետության երրորդ քաղաքը նվաճելու բարդ ճանապարհին։ Ամեն ինչ արել է, որ Մամիկոն Ասլանյանը համայնքապետ չնշանակվի, կարող էր հավակնել նախարարի, կամ՝ լուրջ երկրում դեսպանի պաշտոնին։ ՕԵԿ-ի ճանապարհը բռնած այս կուսակցությունն ու իր առաջնորդը ապացուցել են, որ հարմար պահին կարող են Փաշինյանին նեղ վիճակից հանել։ Ինչպես արեցին 2020-ի ամռան՝ Սահմանադրական փոփոխությունների վիճարկման դիմումը չստորագրելով՝ ԲՀԿ-ին չմիանալով։ Այնպես որ Էդմոնն ապացուցել է իր հավատարմությունը ռեժիմին եւ արժանի էր ավելի բարձր գնահատականի։ Իսկ թե ինչ Հատուկ հանձնարարություններ է նա կատարելու մի երկրում, որտեղ ոչ ԱԳՆ-ն, ոչ ԱԳ նախարարը, ոչ դեսպանները որեւէ դերակատարում այլեւս չունեն, հավանաբար միայն ինքը գիտի ու իրեն նշանակող Նիկոլ Փաշինյանը։