Մշակույթ

Անիմաստ է տրամաբանություն փնտրելը, երբ կա պատվեր, եւ կան կամակատարներ

Անիմաստ է տրամաբանություն փնտրելը, երբ կա պատվեր, եւ կան կամակատարներ

Գրել էինք, որ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ Արսեն Թավադյանի հետ համատեղ, «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հայտ է ներկայացրել դասագրքերի մրցույթին՝ հեղինակելով «Հասարակագիտություն-8» առարկայի դասագիրքը, որը, սակայն, մերժվել է ԿԳՄՍՆ-ի կողմից։ 

Նախարարությունը, տարօրինակ կերպով, դասագիրքը փորձաքննող առաջին հանձնաժողովը լուծարել է՝ իր այդ քայլը հիմնավորելով նրանով, որ հանձնաժողովականները սխալ են օգտագործել գնահատման սանդղակը։ Ուստի, ստեղծվել է նոր հանձնաժողով, եւ դասագիրքը կրկնակի փորձաքննություն է անցել։ 

Սակայն այստեղ էլ հեղինակներին ասել են, թե 2-րդ հանձնաժողովն իրենց դասագիրքն անբավարար է գնահատել, մինչդեռ, ծանոթանալով գնահատման արդյունքներին, գրքի հեղինակները պարզել են, որ 2-րդ հանձնաժողովն էլ ոչ միայն անբավարար չի գնահատել, նույնիսկ բավական բարձր է գնահատել դասագիրքը, եւ դասագիրքն արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը։ 

Դրանից հետո դասագրքի հեղինակները բողոքարկել են որոշումը՝ խնդրելով անցկացնել նոր, լրացուցիչ փորձաքննություն, որին, սակայն, ԿԳՄՍՆ-ն երկար լռությունից հետո պատասխանել է մերժումով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումով հանդես է եկել դասագրքի համահեղինակ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ «ԿԳՄՍ նախարարությունը զավեշտալի եւ ապօրինի պատճառաբանությամբ մերժեց «Հասարակագիտություն-8» դասագրքի բողոքարկումը։ Մեզ ասում են՝ քանի որ դասագրքերի տպագրությունը սկսվել է, չենք կարող լրացուցիչ փորձաքննություն անել։ Սա՝ այն դեպքում, երբ մեր բողոքարկումը նախարարությունը ստացել էր հուլիսի 3-ին։ Երբ մենք հուլիսի 3-ին բողոքարկման դիմում ներկայացրինք, դեռ չէիք սկսել դասագրքերի տպագրությունը։ Ինչո՞ւ չընդունեցիք մեր բողոքարկումը։ Ըստ կարգի՝ նախարարությունը դասագրքերի տպագրությունը կարող էր սկսել հուլիսի 23-ից։ Արդեն անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն փնտրելը։ Երբ կա պատվեր, եւ կան կամակատարներ, անիմաստ է մասնագիտական լեզվով խոսելը։ Մենք դեռ կշարունակենք պայքարը։ Սպասում ենք նախարարության նոր մերժմանը, որով նրանք ոտնատակ կտան նաեւ ակադեմիական բարեվարքությունը։ Հարգելի ուսուցիչներ եւ ծնողներ, երբ սեպտեմբերից բացեք «Հասարակագիտություն-8» դասագրքերը եւ այնտեղ ճոռոմ մտքեր կարդաք մարդու իրավունքների, արդարության, հավասարության, օրենքի մասին, հիշե՛ք, որ ԿԳՄՍ նախարարությունը ձեր երեխաներին զրկեց շատ հետաքրքիր պատմություններով, իրավիճակներով, գծապատկերներով հագեցած, մտահորիզոն զարգացնող, գործնական աշխատանքներով հագեցած դասագրքից, որն առաջին փուլում բացարձակ հաղթանակ էր տարել, սակայն, ցրելով հանձնաժողովը, ստացան ցանկալի արդյունքը»,- խոսքն ամփոփել է Ս․ Խաչատրյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image