Հարցազրույց

Ո՞վ կթողնի, որ ինքը գնա՝ բերել են հատուկ ծրագրով, պետք է ծրագիրը կատարի

Ո՞վ կթողնի, որ ինքը գնա՝ բերել են հատուկ ծրագրով, պետք է ծրագիրը կատարի

«Hraparak.am»-ը զրուցել է «Վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ։

- Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում այսօր իշխանափոխության անհրաժեշտություն կա՞։

- Երկրում շատ լուրջ պրոբլեմներ կան, իշխանությունը բացարձակապես որևէ որակ չի ցուցաբերում, և երկիրը բազմաթիվ առումներով վտանգված է։ Այս իմաստով շատ ողջունելի է հասարակության ակտիվությունը, դիմադրողականության բարձրացումը։ Ոչ մի պայքար անիմաստ չի լինում, ընդհանրապես։ Ջուրը կաթիլ-կաթիլ քար է քանդում։ Ամեն դեպքում, ես սա դրական եմ գնահատում։ Այնպես չի, որ դուք սկսում եք պայքարել, ուրեմն պետք է անմիջապես հաջողության հասնեք։ Մեկ-երկու անհաջողություններ էլ են լինում, բայց ընթացքում դա կուտակվում, դառնում է ձնագնդիի պես աճողական մի պրոցես։ Ի վերջո, իհարկե հաջողություն կլինի,  պետք է փոխել իրավիճակը երկրում։ Տնտեսական, սոցիալական, իրավական, ռազմական, բոլոր առումներով էլ պրոբլեմներ ունենք՝ շատ լուրջ, որոնց հարցերն այս իշխանությունը ունակ չէ լուծելու։ Դա ակնհայտ երևում է, կյանքն է ցույց տալիս, ապացուցում։ Աշխարհն արագ փոխվում է, վտանգները մեծանում են, այսօր ամբողջ աշխարհը լուրջ փոփոխությունների է գնում։ Այս իրավիճակում հակառակը՝ պետք է երկիրը մաքսիմալ կազմակերպված լինի, որովհետև այս պրոցեսի ընթացքում կարող են երկրներ, ազգեր վերանան, վտանգները շատ-շատ մեծ են աշխարհով մեկ։ Դրա համար՝ ամենակազմակերպված երկրներն ու ազգերը կկարողանան ապագա ունենալ։ Պատրաստ պետք է լինենք դիմադրելու։

- Այսօր զոհվածների ծնողներն են դուրս եկել փողոց՝ պահանջով Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության,  ոտքի են ելել տարբեր քաղաքական ուժեր, երիտասարդներ, ուսանողներ, դասախոսներ։ Սակայն, դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին, ու դրանք քիչ թիվ չեն կազմում։

- Հասարակական պրոցեսները միշտ էլ վատ են։ Եթե այսօրվա դրությամբ Փաշինյանի կողմնակիցները շատ են, ուրեմն ընդդիմությունն է թերի և նրա առաջարկածը, նրա ապրած կյանքը։  Ընդդիմություն լինելը դա շատ բարդ, ծանր գործ է, պետք է բացարձակ ճշգրիտ լինես, բացարձակ վստահելի լինես։ Եթե այսօր ընդդիմության հետևից ավելի քիչ է մարդ գնում, ուրեմն այնպես չեն ապրել, այնպես չեն գործել, այնպես չեն ասել, վստահություն չեն ներշնչել։ Դա ընդդիմության պրոբլեմն է։ Ինչպես իշխանությունն իր թերություններն ունի կառավարման ոլորտում, երկրի ապագայում։ Ամեն ինչ փոխկապակցված է, ամեն մեկն իր ոլորտի համար է պատասխանատու։ Իրոք զարմանալի է, որ այսօրվա սոցիալական վիճակում, գոնե միայն տնտեսական վիճակը վերցնենք, որ ամեն մարդու գրպանին, ամենօրյա կյանքը վատանում է, բայց մարդիկ այլ կերպ են արտահայտվում, մտածում։

- Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական կտա՞։ Հնարավո՞ր է՝ լինեն բախումներ։

- Ինքը ինքնակամ հրաժարական չի տա։ Ի վերջո ինքը պատահական մարդ չի։ Իրան բերողներ կան, իրա հետևը կանգնած ուժեր կան՝ դրսում էլ, ներսում էլ, որոնք թույլ չեն տա իրեն այդպես թողնի գնա։ Եկել է ինչ-որ խնդիրներ է կատարում, ինքը տերեր ունի, հո անտեր չի։ Հակառակ դեպքում նա ո՞վ էր, որ երկրի ղեկավար լիներ։ Սա ակնհայտ է, չէ՞։ Եթե Ուկրաինայում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում ղեկավարներ, նախագահներ նշանակում են համաշխարհային ուժերը, Հայաստանում ո՞նց կարող է պատահական մարդ գար իշխանության։ Ո՞վ էր նա՝ ոչ ոք։ Մեծ իմաստով ինչո՞վ էր ինքը տարբերվում քաղաքական դաշտում։ Կյանքը ապացուցեց, որ ինքը ոչ ոք է փաստացի։ Առանձնակի ոչ խորը մտքով է փայլում, ոչ՝ գաղափարներով։ Ո՞վ կթողնի, որ ինքը գնա։ Իրան բերել են հատուկ ծրագրով, խնդիրներ պետք է լուծի, կատարի։ Իհարկե, չի գնա կամավոր։ Մինչև հայ ժողովուրդը դա չհասկանա, և մինչև հայ ժողովրդի դեմ իսկական ընդդիմություն, ազգը, երկիրը սիրող մարդիկ չլինեն, հնարավորինս լրիվ անկախ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image