Ընդդիմադիր որոշ շրջանակներ, խոսելով իրենց առաջնորդի մասին, ասում են` «Հայաստանի հաջորդ վարչապետ» կամ «Հայաստանի հաջորդ ղեկավար»: Ոմանք կարծում են, որ սա հակառակ էֆեկտն է տալիս, եւ վտանգավոր է նման հայտարարություններ անելը: Նման կոպիտ քարոզչությունը մարդիկ չեն ընկալում, նրանք ուզում են հանուն անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի քվեարկել, այլ ոչ հանուն անձերի:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Չի կարելի, առուն չթռած, ասել հոպ, այս հայտարարությունները մարդկանց մոտ կարող են սխալ տպավորություն ստեղծել, մարդիկ կարող են մտածել` դե էլ ինչի՞ համար գնանք ընտրության, արդեն պարզ է, եւ այլն: Նման հայտարարությունները կարող են վնասել ընդդիմադիր ուժերին: Կարճ ասած` բացասական ազդեցություն են թողնում նմանօրինակ հայտարարությունները: Այս շրջանում ընդդիմադիր ուժերը լավ կանեն՝ մարդկանց հորդորեն՝ ընտրություններին մասնակցել, պետք է կարողանալ ազատ շփվել մարդկանց հետ, անմիջական զրույցներ ունենալ, լսել նրանց խնդիրները եւ այլն: Ես կողմնակից եմ, որ ընդդիմադիր ուժերը բաց, մասշտաբային հանդիպումներ ունենան: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որքան բաց լինեն այդ հանդիպումները եւ հրապարակային, այնքան ավելի լավ ու տրամաբանական: Տրաֆարետային, փակ դահլիճներում երբեմն տեսնում ենք նման հանդիպումներ, որոնք, անկեղծ ասած, տեսել են բոլորը եւ այլեւս չունեն որեւէ ազդեցություն: Երբ գնում ես մի տեղ, հավաքում ես քո կողմնակիցներին եւ ուղղակի ինչ-որ ելույթներ ես ունենում, դա որեւէ օգուտ չի կարող տալ: Բայց երբ անմիջական ես, ազատ կարողանում ես շփվել մարդկանց հետ, լսել նրանց խնդիրների մասին եւ այլն, դա շատ ավելի ընկալելի է դառնում հասարակության համար: Այնուամենայնիվ, լինել անմիջական՝ չի նշանակում Նիկոլ Փաշինյանի նման չափերն անցնել: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Երբ դու գնում ես՝ զոռով եկեղեցի ես ներխուժում, բոլորին իրար ես խառնում, մարդկանց հրում ես, խանգարում ես սուրբ պատարագի արարողությունը, ներողություն, բայց դա գռեհկություն է, ոչ թե անմիջականություն: Երբ ես ասում եմ, որ անմիջականությունը լավ բան է, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի տգեղ ու գռեհիկ պահվածքը հաճելի է, բնավ: Այն միմիայն տհաճություն է առաջացնում մարդկանց մոտ, կամ էլ` մետրոյում երեխայի ներկայությամբ մորը վիրավորեց ու սադրեց, ո՞ւմ այդ միջադեպը դուր եկավ, վստահաբար` ոչ մի բանական ու գրագետ մարդու»:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ, խոսելով ընդդիմության հայտարարությունների, մասնավորապես այն մասին, որ որոշ ուժեր արդեն իսկ իրենց առաջնորդներին անվանում են ՀՀ հաջորդ վարչապետ, ասում է. «Ես նման ձեւակերպումներից աշխատում եմ շատ զգույշ մնալ: Ամեն բան անում եմ իմ թիմի հաղթանակի համար, բայց նման կանխորոշ հայտարարություններից աշխատում եմ հեռու մնալ, որովհետեւ այդպիսի հայտարարությունները վտանգավոր են: Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի թիվ մեկ խնդիրը պետք է լինի հաղթանակը: Պետք չէ խոսել այս փուլում նման կարգախոսներով, քանի որ նախ դրանք կարող են հասարակության մոտ հանգստություն առաջացնել, եւ մարդիկ ուղղակի որոշեն չգնալ ընտրությունների։ Ինչպես նաեւ՝ կա մեկ այլ վտանգ․ եթե ընդդիմությունը հաղթի, վարչապետի թեկնածուի հարցը կարող է դառնալ կոմպրոմիսների թեմա: Նման հայտարարությունները կաշկանդում են ընդդիմությանը, ինչու, որովհետեւ վաղը կարող ենք ունենալ կոմպրոմիսների գնալու անհրաժեշտություն։ Ամեն դեպքում այնպես էլ չէ, որ խիստ դատապարտում եմ նման հայտարարություններ անողներին, սակայն ես՝ ինքս, նման մոտեցման կողմնակից չեմ, կարծում եմ, որ առնվազն այս փուլում դա սխալ մոտեցում է: Ավելի ճիշտ կլինի՝ ընտրողներին հասցեագրել այնպիսի մեսիջներ, որոնք ընտրական գործընթացների մասնակցությունը կարող են բարձրացնել, այլ ոչ թե՝ հակառակը»: