Այս իշխանությանը թվում է, թե Հայաստանը Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» է։ Վիպակում հետաքրքիր դրվագ կա․ ֆերմայի տերը` միստեր Ջոնզը, խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Իրական կյանքում , երբ իշխանավորները շաբաթից ավել հարսանիք են անում, թե Ադրբեջանի տարածքով հաց է գալիս ու հացի փոխարեն անասնակեր է գալիս, զարմանում են, թե ո՞նց են մարդիկ հասկացել, որ դա անասունների համար նախատեսված կեր է, մանավանդ որ այդ կերն անցել է որպես «սովորական» ցորեն՝ առանց հստակ նշման։ Պանիկայի մեջ են ընկնում։
Էկոնոմիկայի նախարար Էդգար Զաքարյանն ասում է․ « Ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ»։ Նախարարը խառնում է որակական ստանդարտների կատեգորիաները։ Փորձում է մեղմել՝ «ցորենը ցորեն է, տարբերությունը մեծ չէ»։ Սա ոչ թե տնտեսական բացատրություն է, այլ ֆերմայական փիլիսոփայություն։ Նախարարը խառնում է որակական ստանդարտների կատեգորիաները՝ ասելով, թե տարբերությունը մեծ չէ։ Մինչդեռ տարբերությունն էական է՝ անասնակեր ցորենը չի կարող դառնալ հաց, ինչպես իշխանավորի արդարացումը չի կարող դառնալ քաղաքական պատասխանատվություն։
Օրուելն այս դրվագում կգրեր.
«Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու»։
Իսկ այստեղ ծեր խոզուկը կշարունակեր՝ «Ոչ կաթ ես տալիս, ոչ միս, ինչո՞ւ ես անասնակեր բերում…»։
Անասնաֆերմայում կենդանիները մի օր հավաքվեցին ու վռնդեցին իրենց տիրոջը՝ հասկանալով, որ արժանապատվությունը սկսվում է սեփական սեղանից։
Մենք, կարծես, դեռ սպասում ենք, որ ֆերմայի տերը նորից գա՝ նոր կերով, նոր արդարացումներով։
Հարցը մնում է օդում՝մենք ինչ խմորից ենք հունցված, որ շարունակում ենք հանդուրժել ֆերմայի տերերին։