Հասարակություն

«Հրապարակ». Առողջական խնդիր ունեցող տղային զորակոչել են բանակ, նրա վիճակը վատացել է

«Հրապարակ». Առողջական խնդիր ունեցող տղային զորակոչել են բանակ, նրա վիճակը վատացել է

«Հրապարակի» խմբագրություն է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ Կամո Համբարձումյանը եւ խնդրել է բարձրաձայնել այն անելանելի վիճակի մասին, որում հայտնվել է իր որդին՝ Մեղրիի N զորամասում ծառայող Գոռ Համբարձումյանը: 2004 թվականին ծնված Գոռը երկու անգամ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինծառայությանը ոչ պիտանի, քանի որ ունի ծնկահոդի աճարային հյուսվածքի դեգեներատիվ հիվանդություն: Ոչ բժշկական լեզվով ասած՝ ծնկահոդը մաշվում է: Սա քրոնիկ զարգացող հիվանդություն է, եւ չվիրահատվելու դեպքում ծնկահոդի ոսկորն ամբողջությամբ կարող է մաշվել ու դառնալ հաշմանդամության պատճառ: Գոռը չի վիրահատվել: Պետությունն իր վրա չի վերցրել զորակոչի ենթակա տղաներին բուժելու պարտականությունը: Իսկ անձնական միջոցներով վիրահատվելու հնարավորություն այս ընտանիքը չունի: 

Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում ապրող ընտանիքը հազիվ իր ամենօրյա ապրուստն է հոգում: Գոռի վիճակը գնալով վատացել է: Սակայն, ի զարմանս ծնողների, 2025թ. հունվարի 29-ին Սեւանի զինվորական կոմիսարիատի կողմից զորակոչվել է բանակ, քանի որ բժշկական հանձնաժողովը եզրակացրել է, որ վիճակն արդեն լավ է: Թե ինչպես կարող էր քրոնիկ զարգացող հիվանդությունն առանց բժշկական միջամտության բուժվել, Կամո Համբարձումյանի համար անհասկանալի է: Զինծառայության ընթացքում զորամասում Գոռի ծնկի վիճակն ավելի է վատացել, ոտքն այտուցվել է, ուժեղ ցավեր է ունեցել: Ըստ ծնողի, զորամասի հրամանատարությունը եղել է բավականին հոգատար. նրան պարբերաբար ուղարկել են Սիսիանի հոսպիտալ, որտեղ ցավազրկողներ ստանալուց հետո նորից հետ են ուղարկել ծառայության: Վերջին անգամ ուղարկել են Երեւանի հոսպիտալ, որտեղ չի վիրահատվել, բուժում չի ստացել: Ցավազրկողներ ստանալուց հետո նորից է ուղարկվել զորամաս՝ ծառայության: 

Համբարձումյանների ընտանիքում արդեն եղել է մի դժբախտություն․ տղաներից մեկը` Նարեկը, հաշմանդամություն է ստացել` 2020թ. պատերազմի ժամանակ ԱԹՍ-ի հարվածից կորցրել է մի ոտքն ամբողջությամբ, մյուսի՝ մի հատվածը: Կամո Համբարձումյանը վախենում է, որ իրենց օջախի երկրորդ որդին զինծառայության ընթացքում կարող է դառնալ հաշմանդամ: 

Նա հիմա պահանջում է, որ լինի մասնագիտական քննարկում, որին մասնակցեն թե՛ դրական եզրակացություն տվող բժշկական հանձնաժողովի անդամները, թե՛ անկախ մասնագետներ, եթե պետք է՝ նաեւ արտերկրից: Կամո Համբարձումյանը վստահ է, որ որդուն զորակոչելը եղել է բժշկական կոպիտ սխալ, սխալ եզրակացության արդյունք, որը կարող է դառնալ ճակատագրական… 

ՀԳ. Նման խնդիրներ ունեցող երիտասարդները, փաստորեն, պետության կողմից չեն ստանում համապատասխան բժշկական սպասարկում, չեն վիրահատվում: Մինչդեռ այդ պարագայում՝ բուժվելուց հետո, շատերը կարող էին դառնալ զինվորական ծառայության համար պիտանի: Բայց մեր առողջապահական համակարգը, փաստորեն, դրա համար ո՛չ միջոցներ ունի, ո՛չ էլ ցանկություն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image