Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան՝ հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն իրավապահները ցանկանում են կարճել։ Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ ինքը նման տպավորություն ունի։ Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Փաշինյանի ավտոշարասյունը, սլանալով Երեւանի կենտրոնով, վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրված հատվածով անցնող Սոնա Մնացականյանին, ինչի հետեւանքով 29-ամյա հղի կինը մահացել էր, իսկ շարասյունն անգամ չէր դանդաղեցրել ընթացքը։ Գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի միայն վրաերթի ենթարկած մեքենայի վարորդ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը։
Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի ուղեկցման շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի, շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար Գրիգորի Առաքելյանի մասով քննչական մարմինը նախկինում վարույթը կարճել էր, սակայն Րաֆֆի Ասլանյանն այդ որոշման դեմ բողոք էր տարել, եւ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ քրեական վարույթը կարճելու որոշումն ապօրինի է, ուստի վերջին երկուսին առնչվող վարույթը կրկին վերաբացվել էր։ Րաֆֆի Ասլանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նորություն կա Գրիգորի Առաքելյանին ու Արթուր Սահակյանին առնչվող քրեական վարույթից։ «Վարորդի հետ կապված գործով դատական քննություն է ընթանում, իսկ շարասյան ղեկավար կազմի արարքի քրեաիրավական գնահատման մասով Վերաքննիչ դատարանն իմ բողոքը բավարարեց, որ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ որոշումն անօրինական է եւ վաղաժամ, մայիս ամսին նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով, եւ մինչ օրս մեզ համար առնվազն անհայտ է, թե վարույթն իրականացնողներն ինչով են զբաղված․․․, ակնհայտորեն տանում են դեպի կարճում, ըստ էության, ոչինչ չեն անում, հակառակը՝ դեպքի հանգամանքները կոծկելու ուղղությամբ է ամեն ինչ արվում»,- ասաց Ասլանյանը։
Պատասխանելով հարցին, թե հարուցված քրեական գործով Գրիգորի Առաքելյանն ու Արթուր Սահակյանը քրեադատավարական որեւէ կարգավիճակ ունե՞ն՝ մեղադրյալ կամ վկա՞ են, Ասլանյանն ասաց, որ, իր տեղեկություններով, չունեն․ «Մենք այդ մասին տեղեկացված չենք, բայց իմ բանավոր տեղեկություններով չեն տվել»։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ նաեւ հաստատվել էր, որ նախաքննության ընթացքում բավարար քայլեր չեն արվել՝ պարզելու, թե ուր են անհետացել ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունները։ Ոստիկանությունը պատճառաբանել էր, թե դրանք առկա չեն։ Այդ ձայնագրություններում պետք է առկա լինեին Նիկոլ Փաշինյանի շարասյան երթեւեկության ընթացքում հնչեցված բոլոր հրամաններն ու հրահանգները, որոնք տրվել էին ռադիոկապի միջոցով: Պարզ է, որ այդ ձայնագրությունները կբացահայտեին, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը, եւ ում հրահանգով է շարասյունն այդ արագությամբ սլացել եւ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո էլ չի կանգնել: Եվ դրանք կօգնեին դեպքի բոլոր հանգամանքները պարզելուն։ Ակնհայտ է, որ ձայնագրությունները միտումնավոր են ոչնչացվել, գուցե հենց շարասյունով ընթացող պաշտոնյայի հրահանգով կամ իմացությամբ:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց նաեւ, որ պատշաճ փորձաքննություն չի կատարվել․ «Դրա մասին էլ տեղյակ չենք՝ վերցրե՞լ են ձայնագրությունները, թե չե՞ն վերցրել։ Նախկինում ընդամենը մի գրությամբ էին բավարարվել, որ դրանք իբրեւ թե տեխնիկական խոտանի պատճառով չեն ձայնագրվել։ Վերաքննիչ դատարանը սա էլ էր համարել ոչ օրինական, այսինքն՝ փաստել էր, որ ստուգման ուղղությամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել, սա եւս իրավունքի խախտումն արձանագրելու հիմնավորումներից մեկն էր։ Այդ թվում՝ սարքերը, համակարգչային տեխնիկան չէին առգրավել, փորձաքննություն չէին նշանակել։ Ինձ համար առերեւույթ տեսանելի է, որ այստեղ կա դիտավորյալ կերպով դրանք ոչնչացնելու հարց, ինչը պետք է քննարկման առարկա դառնա վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Այսինքն՝ դա հերքելը շատ դժվար է»։
Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե մեղադրյալի աթոռին հայտնված վարորդը՝ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը, դիրքորոշում հայտնե՞լ է այն կապակցությամբ, որ, փաստորեն, դեպքի ողջ մեղավորությունն իր ուսերին է բարդվել, այլ անձի մեղադրանք չի առաջադրվել։ «Ոչ, նա պաշտպանվում է իրեն առաջադրված մեղադրանքից, մյուսների մասով ոչինչ չի ասել, խոսքը վերաբերում է կորտեժի եւ շարասյան ղեկավարներին՝ համապատասխանաբար ՃՈ ստորաբաժանման հրամանատար Արթուր Սահակյանին եւ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին, ով եղել է կորտեժի ղեկավարը»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով վրաերթ կատարած մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանի մեղադրանքի դատաքննության ընթացքին՝ Ասլանյանն ասաց, որ հարցաքննվել է փորձագետը, կարելի է ասել, ապացույցների ողջ ծավալն ուսումնասիրվել ու սպառվել է։
«Վկաներին հարցաքննեցինք, քրեական վարույթում առկա ապացույցները հետազոտեցինք, պաշտպանական կողմի միջնորդությամբ փորձագետը հարցաքննվեց, նրանք նաեւ ժամանակ խնդրեցին, որպեսզի կրկնակի փորձաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացնեն, դատարանը ժամանակը տրամադրեց, որպեսզի նախապատրաստեն այդ միջնորդությունը։ Կարելի է ասել՝ հիմնական դատալսումներն ավարտական փուլում են»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ կարծում է՝ այլեւս միջնորդություններ չեն լինի, եւ գործի քննությունը կմտնի եզրափակիչ ելույթների փուլ, երբ արդեն հայտնի կդառնա, թե քանի տարվա ազատազրկում է պահանջում դատախազությունն Արամ Նավասարդյանի համար, եթե, իհարկե, պահանջում է: