Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նախօրեին հանդիպում-հավաք էր կազմակերպել՝ կրթությունը մոդայիկ դարձնելու նպատակով։ Հավաքի հետ կապված՝ նա մասնավորապես գրել էր․ «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հրավեր չի ստացել՝ մասնակցելու տիկնոջ կազմակերպած հավաքին․ «Ընդհանրապես, պետական գերատեսչություններից կրթության ոլորտի հետ կապված որեւէ հրավեր չեմ ստանում, այդ իմաստով տեղյակ չեմ, թե ովքեր են հրավիրվել եւ ինչ են խոսել»։
Որքանո՞վ է խելամիտ՝ կրթության հարցերը քննարկել մարդկանց հետ, որոնցից շատերը հենց իրենք կրթություն ու գրագիտություն ստանալու կարիք ունեն։ Մյուս կողմից՝ ի՞նչ նպատակ են հետապնդում այս տեսակ քննարկումները, փիառվելու խնդի՞ր է դրված, որ, տեսեք՝ մենք կարեւորում ենք կրթությունը։ «Եթե այդ քննարկումներից հետո ինչ-որ պրակտիկ քայլեր լինեն, կարող է նաեւ ինչ-որ օգուտ լինել, բայց եթե «պծիչկայի» համար հանդիպեցինք, ասեցինք՝ անցավ գնաց՝ չէ․․․․ կախված է նրանից, թե հետագայում ինչ քայլեր կձեռնարկվեն»։
Փորձագետն ընդգծում է՝ այդ հարցերը միշտ էլ բարձրաձայնվել են հանրային ձեւաչափով, որ «կրթությունը պետք է դառնա հետաքրքիր, զվարճալի, գրավիչ, մոդայիկ եւ այլն, բայց այդ ամեն ինչը պետք է անել։ Ասելն այս պարագայում ոչ մի արժեք չունի, հատկապես որ արդեն 6 տարի է՝ այս քաղաքական ուժն իշխանության է, եւ դեռ 2018թ-ին գործող իշխանության կողմից եղել է խոստում, որ 5 տարի անց, այսինքն՝ 2023-ին, Հայաստանն ունենալու է որակապես այլ մակարդակի կրթություն։ Հիմա մենք դա՛ պետք է քննարկենք, ոչ թե կրթությունը տրենդային ու մոդայիկ դարձնելը, ինչո՞ւ 2023-ն էլ անցավ, ու մենք չունեցանք որակապես այլ մակարդակի կրթություն։ Դա լավ է՝ որպես հռչակագիր ու կարգախոս, բայց այդ ամեն ինչի տակ պետք է լինեն աշխատանք, ծրագիր, մարդիկ, թիմեր, իսկ եթե դրանք չկան, կարող ենք հավաքվել, գեղեցիկ խոսել, եւ հետո ամեն ինչ կսկսվի նորից՝ նույն խնդիրները։ Հայաստանում, ցավոք սրտի, մենք կրթության ոլորտում ավելի շատ զբաղված ենք խնդիրները քողարկելով, ծածկադմփոց անելով, մարդկանց կեղծ իրականություն մատուցելով, խոստումներով կերակրելով։ Սա է կրթության ոլորտի մեր հիմնական գործելակերպը, բայց չկա այդ խիզախությունը՝ ասելու, որ վատ է վիճակը, եթե մինչեւ 2018-ն իշխանությունը վատն էր, դրա համար էր կրթությունը վատը, 2018-ից անցել է 6 տարի, հիմա ինչո՞ւ է կրթության որակը վատը, մենք չենք կարող 10-20 տարի սպասել չափորոշիչների արդյունքներին»։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, օրինակ, «խիզախել» է ու այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կրթական համակարգը հեղափոխական փոփոխությունների ենթարկել՝ կասկածի տակ դնելով մի շարք բուհերի լինել-չլինելու հարցը, իսկ Կոնսերվատորիայի դեպքում ավելի արդյունավետ է համարել Միլանի կոնսերվատորիայից մասնագետներ հրավիրել՝ մեր ուսանողներին կրթելու համար։ «Դրսից ռեսուրսներ ներգրավելու փաստը վաղուց գիտականորեն հերքված է, որովհետեւ գիտությունը, կրթությունը մեքենա չեն, որ դրսից ներմուծենք ու ասենք՝ դրսից ներկրած «Մերսեդեսն» ավելի լավն է, քան մեր «ԵրԱԶ»-ը։ Կրթությունը ոչ թե ներկրում են լասկալաներից, հարվարդներից, այլ կրթությունն աճեցնում են։ Դա մի բան է, որը քո երկրի արժեքներով, մշակույթով, հիմքով, հարաբերություններով տեղում պետք է աճեցնես։ Այդ Միլանի կոնսերվատորիայի մասնագետը որ եկավ Հայաստան, ո՞ւմ փողերով եք նրան վճարելու, իսկ եթե ունեք այդ փողը, ո՞ւմ եք սպասում՝ դե բերեք։ Հիմա, եթե մարդը կրթության մասնագետ չէ, կարող է նման միտք ասել, բայց նորից եմ ասում՝ կրթությունը ներմուծելով չէ, այդ մոտեցումը վաղուց հերքվել է, նույն տրամաբանությամբ՝ եկեք Հարվարդի դասախոսներին բերենք Հայաստան, փակենք թեման, բայց կարո՞ղ եք բերել, տեսեք, թե ինչ փողեր են ուզելու, ձեր աշխատավարձերի քանիպատիկն են ուզելու, ո՞նց եք բերելու։ Իսկ եթե պետք է բերենք դրսի թույլերին, որոնք գուցե մեզնից մի 5 անգամ ավելի շատ փող ուզեն, ասեմ ձեզ, որ դրսի թույլերն ավելի վատ են լինելու, քան այստեղի մարդիկ, որովհետեւ այստեղի մարդիկ գոնե պատկերացնում են երկիրը, միջավայրը, բայց դրսի մարդը չի պատկերացնում։ Սա ամենեւին չի նշանակում, որ ես դեմ եմ դրսի մարդկանց հետ աշխատելուն, բայց այդ մարդկանց հետ պետք է համագործակցել, խոսել, փորձ փոխանակել, պետք է հասկանալ, որ իրենք փրկիչ չեն կարող լինել Հայաստանի համար»,- խոսքը եզրափակում է Ս․ Խաչատրյանը։