Հարցազրույց

«Հրապարակ». Եթե Հակոբ Մովսեսը Տիգրան Հակոբյանի տոտեմն է, չի նշանակում, թե նա դուրս է Սահմանադրությունից

«Հրապարակ». Եթե Հակոբ Մովսեսը Տիգրան Հակոբյանի տոտեմն է, չի նշանակում, թե նա դուրս է Սահմանադրությունից

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից ներկայացված պահանջին` դադարեցնել Հակոբ Մովսեսի լիազորությունները՝ որպես ՀՌՀ անդամի, քանի որ նա խախտել է օրենքի պահանջը` քաղաքական չեզոքությունը, գրել է. «Հը, ստացվե՞ց», եւ մի ծեքծեքուն տեքստ՝ այն մասին, թե «ստեղծագործ միջավայրում գորշ, միջակ անհատականությունը միշտ էլ մանր խարդավանքներ է հյուսում Ստեղծագործողի դեմ»։

Նա որպես օրինակ է բերել Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» վեպի, Աղասի Այվազյանի հարցազրույցներից մեկի դեմ բողոքների, Հրանտ Մաթեւոսյանի դեմ ծավալված հալածանքների պատմությունները՝ մոռանալով, որ նրանք իրենց ստեղծագործության, ազատ մտքի համար են հալածվել, Հակոբ Մովսեսին մեղադրում են ճիշտ հակառակի` իշխանություններին ծառայելու, վերջին տարիների աղետներն արդարացնելու, այս իշխանության դեմ պայքարողներին բամբասելու ու վատաբանելու համար: ՀՌՀ նախագահը հատկապես ծանրացել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի վրա։

«Եթե նկատեցիք, ամենա-ամենաչար, արհամարհական, կեղծիքով լցված ճառերը Վարպետի հասցեին հնչեցրեց, «հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ անդամ» Լիլիթ Գալստյանը։ Գրողը գրողի դեմ «գործ տալու» բարի ավանդույթները շարունակվում են։ Երեւի, այսպիսի փայլուն «օպերացիան» տիկին Լիլիթի համար սեփական անձը հաստատելու փորձ էր՝ Հակոբ Մովսեսի հեղինակությունը «կործանելու» հաշվին: Հը, ստացվե՞ց»,- իր հանձնաժողովի անդամին պաշտպանելու տեքստը եզրափակել է ՀՌՀ նախագահը:

«Հրապարակը» զրուցել է պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ:

- Տիգրան Հակոբյանը Հակոբ Մովսեսին համեմատում է դասական մեծությունների հետ, նրա դեմ ընդդիմության պայքարը փորձում է ներկայացնել պայքար` ստեղծագործական աշխատանքի ու մտքի դեմ, սակայն քաղաքական գնահատականները, այն էլ՝ իշխանություններին արդարացնող եւ ընդդիմությանը դատափետող, երբվանի՞ց դարձան գրական ստեղծագործություններ:

- Տիգրան Հակոբյանի գեղարվեստական ճաշակի կամ պատկերացումների խնդիրն է՝ Հակոբ Մովսեսին որեւէ մեկի հետ համեմատելը։ Դա ինձ չի հետաքրքրում։ Բայց, ինչպես նա, այնպես էլ քաղաքական մեծամասնությունը հարցը դիտավորությամբ շեղեցին՝ տանելով, այսպես կոչված, մտավորականի նկատմամբ իբր թե հալածանքի դաշտ։ Սա մերկապարանոց է եւ ոչ զվարճալի։ Օրակարգում ոչ թե բանաստեղծի կամ թարգմանչի հարցն էր, այլ՝ ՀՌՀ անդամ, հանրային պաշտոնյա Հակոբ Հակոբյանի անվստահության եւ բարեվարքության հարցն էր։ Եթե Հակոբ Մովսեսը Տիգրան Հակոբյանի կամ ՔՊ-ի համար մտավորականի տոտեմ է, սա չի նշանակում, որ հանրային պաշտոնյա Հակոբ Հակոբյանն իրավունք ունի իրեն դուրս դնել ՀՀ Սահմանադրությունից, արհամարհել օրենքն ու դառնալ իշխող ուժի պրոպագանդիստը։ Նա տասնյակ քաղաքական հաղորդումների շրջանակում թունավորել է հանրությանը, ատելության խոսք է տարածել Դաշնակցության հասցեին, քաղաքական գնահատականներ է հնչեցրել, չհիմնավորված, հանցավորության աստիճանի խեղված մտքեր տարածել։ Սահմանադրական մարմնի անդամի հանգամանքը պարզապես արգելում է նման վարքագիծը։ Սահմանադրությամբ եւ ոլորտը կարգավորող օրենքով նա պարտավոր է քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն ապահովել, զերծ մնալ քաղաքական գնահատականներից։ Մենք աչքաչափով չենք գնահատել․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է վարույթ նախաձեռնել եւ տվել եզրակացություն, որ Հ․ Հակոբյանը խախտել է ՀՌՀ անդամի վարքի կանոնը։

- Նա ասում է, որ նախանձում եք իրեն, ըստ էության: Ինչո՞ւ են ամեն բան այդքան պարզունակ դարձնում:

- Պարզունակ մտքերը կամ դատարկախոսությունները չեմ մեկնաբանում։ Իմ քննադատության առանցքում երեւույթներն են եւ օրենքի պահանջը։ Մնացածը ճամարտակություն է, իրական խնդիրը շեղող բամբասանք։ Կրկնեմ՝ սահմանադրական անկախ մարմին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է արձանագրել եւ համապատասխան եզրակացություն տվել․ Հակոբ Հակոբյանը խախտել է վարքի կանոնը։ Մնացածը ճամարտակություն է․ թե բա՝ հալածվող մտավորական․․․ թարգմանիչ․․․ բերանը փակել, գլավլիտ․․․

- Մի՞թե մտավորականը, գրողը, որին համեմատում են դասականների հետ, չպետք է խոսի իշխանությունների թերացումների մասին, Արցախի կորստի մասին, պարտության մասին:

- Մտավորական Հակոբ Մովսեսի բոլոր նարատիվները, չգիտես ինչու, սաստիկ համահունչ են Փաշինյանի խոսույթին, եւ իր «մտավորական» դիապազոնում, զարմանալիորեն, Դաշնակցություն, Եկեղեցի, ընդդիմադիր գործիչներն են։ Պատերազմ, Արցախի կորուստ, զոհեր, Արցախի մշակութային ջարդ… չգիտես ինչու, անտարբեր է․․․ Ինքը վերածվել է իշխանական պրոպագանդիստի, եւ դա իր ընտրությունն է։ Անգամ չի խորշում Եկեղեցու հալածանքին միանալ սուտ հաստատումներով։ Իմ պատկերացրած մտավորականն այսպիսին չպիտի լիներ․․․ Մի՞թե սա մտավորականի խոսք է․ «Եկեղեցին դարձել է ռուսական գաղտնի ծառայությունների վարչություն»։

- Եվ, առհասարակ, ինչո՞ւ նման աղմուկ բարձրացրին, ընդդիմությունը պարզապես ցանկանում էր օրենքի սահմաններում նրան կարգի հրավիրել:

- Համաձայն չեմ աղմուկ բարձրացնելու հետ։ Կոռուպցիայի հանձնաժողովի եզրակացության հիմքով ենք բարձրացրել Հակոբ Հակոբյանի անվստահության խնդիրը։ Ըստ էության, Տիգրան Հակոբյանը կամ ՔՊ-ն հարցը շեղելով՝ արհամարհում եւ նվաստացնում են սահմանադրական մարմնի լիազորությունը։ Քաղաքական մեծամասնությունն այսօր չունեցավ քաղաքական կամք՝ հարգելու օրենքն ու Սահմանադրությունը, արհամարհեց հակակոռուպցիոն հանձնաժողովի եզրակացությունն ու անպատժելիության, սահմանադրական կարգի ոտնահարման հերթական քայլն արեց։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image