Փաստորեն, քաղբանտարկյալների բալանսը բանտում կայուն պահում են` մեկին ուղարկում են տուն, մյուսին` բռնում: Երևի «Մեծ կոմբինատորին» թվում է, 6-7 ամիսը բավական է մարդուն կոտրելու, մյուսների աչքն էլ վախեցնելու համար...քանի որ այդ գործերի տակ զրո իրավաբանություն կա, զրո հանցանք, ուրեմն ցանկացած մեկը կարող է այնտեղ հայտնվել:
Ինձ թվում էր միայն վերջացած ապուշները կարող են մտածել, որ Սամվել Կարապետյանի, Արշակ ու Միքայել սրբազանների, Խաչիկ Գալստյանի արարքներում հանցանքի նշույլ կա, իսկ հայերի մեջ նման պաթոլոգիական հիմարներ, վստահ էի` չկան, ինչ- ինչ` մենք բնատուր խելացի ազգ ենք... բայց երեկ մի քանի քոմենթ կարդացի և մտածեցի, որ արժի մի երկու բան գրել` մեկ էլ տեսար ոմանց բթության կուսությունը խախտվեց (ականջդ կանչի` Վլադիմիր Նազարյան):
Եվ այսպես. արդարադատության գլխավոր սկզբունքը օրենքի հավասար կիրառությունն է բոլորի նկատմամբ: Երբ լսում եք, որ Հեռվաշեն համայնքի նախկին գյուղապետի դեմ քրգործ են հարուցել, քանի որ իր խնամի Վարսիկին գյուղապետարանում հավաքարար էր նշանակել, իսկ նա աշխատանքի չէր գնացել, և ըստ այդմ` պետությանը 3 տարում պատճառել է 1,5 միլիոն դրամի «խոշոր չափի վնաս», անմիջապես սա համադրեք այլ փաստերի հետ: Օրինակ, հիշեք, որ Նիկոլի իշխանության ստեղծած ԱՆԻՖ հիմնադրամը պետությանը պատճառել է 25 միլիարդ դրամի վնաս, այդ փողը լափողները 3 տարում չեն հայտնաբերվել, ու ոչ ոք չի պատժվել: Կամ` հիշեք, որ ԱԺ պատգամավորները պետբյուջեից միայն դեկտեմբերին ստացել են 3 միլիոն դրամ, ՊՆ փոխնախարարները 4 միլիոն 800 հազար դրամ, Պնախարարի խորհրդականները 2 մլն 600 հազար դրամ պարգևավճար: Հեռվաշենի համայնքապետը «բարեգործ» է` սրանց համեմատ:
Հաջորդը. եթե կարծում եք, որ լավ են անում, որ, ասենք, Իշխան Սաղաթելյանի, Սեյրան Օհանյանի, Հրայր Թովմասյանի գույքի վրա կալանք են դրել ու փորձում են բռնագրավել, մտովի հիշեք նույն կալիբրի հազարավոր պաշտոնյաների, որոնց գույքին մոտ էլ չեն գնացել (Գագիկ Հարությունյանից մինչև Զարեհ Սարգսյան և բազում այլք): Ինքներդ ձեզ հարց տվեք` ինչպե՞ս կարող էին Գագիկ Խաչատրյանի, Վարդան Հարությունյանի, Միհրան Պողոսյանի...նկատմամբ վարույթներ լինել, բռնագանձման պահանջներ, իսկ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի (ՍԱՍ) ...նկատմամբ` ոչ:
Երբ մտածում եք, որ լավ են արել, որ Խաչիկ Գալստյանին 2 ամսվա կալանք են տվել, Միքայել սրբազանին էլ` 2 տարվա ազատազրկում, փորձեք զուգահեռներ անցկացնել, օրինակ, Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի վրա 6-ից 12 տարվա ազատազրկման հոդված են դրել, բայց նա ազատության մեջ է: Իսկ բյուջեի նկատմամբ ոտնձգություն արած տասնյակ ՔՊ-ականների դեմ անգամ գործեր չեն հարուցվում, վերևից իջած հրահանգով նրանք ներվում են: Միայն միլիոնավոր դոլարներ արժեցող աստղերի համերգների կազմակերպումից շատ կոնկրետ անձինք շատ կլորիկ գումար են աշխատում և դա շատերը գիտեն...
Վերջապես. եթե Վաղարշապատի ընտրությունում պարտված ուժը, որի թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էր, հազարից մի քիչ ավել ձայն է ստացել, տարրական տրամաբանությունը հերքում է ընտրակաշառքի փաստը: Հակառակը` տասնյակ ապացույցներ տեսանք, թե ինչպես է իշխանությունը և կաշառք բաժանում, և ճնշումներ ու վարչական լծակներ կիրառում: Սրանց անամոթությունն, իհարկե, անզուգական է. գողը գոռում է` բռնեք գողին, բայց շարքային մարդիկ գոնե պե՞տք է հասկանան, թե ինչ է կատարվում:
Իսկ Խաչիկ Գալստյանը օրինապաշտության ու լավ քաղաքացու օրինակ կարող է ծառայել ՔՊ ողջ խառնամբոխի համար, որը ոչ գիտելիք ունի, ոչ բարոյականություն, ոչ գիտի հայրենիքն ու իրավունքն ինչ է և մեր երկիրը դանդաղորեն վերածում է անասնաֆերմայի...